«Սեր և հավատարմություն». գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտումԻհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը: Եկեղեցում նրանք միմյանց մատի մատանի դրեցին, և Միշայի մոր ու իրենց ընկերների հետ փոքրիկ հարսանիք արեցին ռեստորանում: Նրանք Փարիզից հատուկ եկել էին Էջմիածին ամուսնանալու համար: Երկուսն էլ մեծացել են մի միջավայրում, որտեղ միասեռականին մարդ չեն համարում. Մեկը` սփյուռքահայ համայնքում, մյուսը` Երևանում: Նրանք ասում են, որ իրենց միավորել է սերը, և ցանկանում էին արտահայտել դա Հայաստանի ամենասուրբ վայրում: 35-ամյա Միշա Մերուժանը միասեռական լինելու պատճառով Երևանից հեռացել է 1994 թվականին: Արդեն 15 տարեկանում հասկացել է, որ միասեռական է և տանջվել է իշխող բարքերի և իր ցանկությունների հակասությունից: «Ես թունդ հայ, ռաբիս, տրադիցիոն ընտանիքում էի մեծանում: Արդեն երեխա ժամանակվանից ուզում էի տնից պոկվել»: Մեկնում է Ռուսաստան սովորելու և այնտեղ մի քիչ ավելի ազատ է զգում: Հետ է գալիս, և ծնողներն ուզում են ամուսնացնել: «Զգացի, որ երեք ելք ունեմ. առաջին` ամուսնանալ, երկրորդ` թաքուն կյանքով ապրել, երրորդ` ինքնասպան լինել: Ընտրեցի չորրորդը` թողնել գնալ էս երկրից»: Մինչև Ֆրանսիա մեկնելը, նույնիսկ Ռուսաստանում, Միշան կարծում էր, թե ինքը հիվանդ է: Չէր կարողանում հաշտվել միասեռական լինելու հետ: «Ինձ մեղավոր էի զգում, աննորմալ, շեղված, դեֆեկտավոր: Անընդհատ ձգտում էի նորմալանալ, ստիպում էի ինձ քնել աղջիկների հետ, որ նորմալ դառնամ բոլորի նման: Ինչքան փորձում էի` վատ էր ստացվում, ու ավելի էի տառապում: Ու հակառակը` ինձ ավելի կեղտոտ էի զգում, երբ աղջկա հետ էի քնում, և ավելի նորմալ, երբ տղայի հետ էի: Եվրոպայում սկսեցի հանգիստ նայել իմ վիճակին ու հասկացա, որ պրոբլեմ չունեմ, պրոբլեմը իմ մեջ չի, էնտեղ է` Հայաստանում»: 2001 թվականին ստեղծում է հայ միասեռականների AGLA կազմակերպությունը (www.agla.info), որի կայքի միջոցով էլ Հարութը գտնում է Միշային: 38-ամյա Հարություն Ժոնժիկյանը ծնվել է Բեյրութում, դաշնակցականի ընտանիքում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվում է Փարիզ: Պատանի ժամանակ, երբ պարզվում է, որ միասեռական է, ծնողները որոշում են, որ որդին հիվանդ է ու տանում են տարբեր հոգեբույժների մոտ: «Մի հոգեբույժի հայրս ըսավ` տղաս հոմոսեքսուալ է, ադոր համար եկած ենք, կուզեմ բուժվի, որ կյանքը չկորսնցնե, մարդ ըլլա: Բժիշկը զայրացած ըսավ` ես ալ հոմոսեքսուալ եմ, բայց կտեսնես` կյանքս չեմ կորցրած»: Ընտանիքի համար կարևորը որդու ամուսնանալն էր, որ ավանդական ընտանիքը շարունակություն ունենա: «Մայրս ըսավ` կնախընտրեմ ամուսնանաս, քովը ինչ կուզես նե ըրե, աչք կգոցենք: Հայության մեջ շատ գեյեր կամուսնանան` քովը ինչ ուզեն կընեն»: Հարութը պատմում է, որ իր քեռու տղային Բեյրութում համայնքը բռնացրել է տղայի հետ, տարել ակումբում գլուխն ու հոնքերը խուզել, դաժանորեն ծեծել ու գցել փողոց: Հիմա տղան ամուսնացած է, բայց տղա զուգընկեր ունի, որի մասին տեղյակ է կինը: Հարութը հրաժարվում է ամուսնանալ ու երկակի կյանք վարել ու հեռանում է ընտանիքից: Ինը տարի հարազատներին չի տեսնում, մինչև որ նրանք ընդունում են իր միասեռական լինելը: Նույնիսկ Բեյրութում բնակվող հորեղբայրը` դաշնակցական լիդեր Հակոբ Ճանճիկյանը, որ նախկինում ուզում էր Հարութին տանել Բեյրութ ու դաստիարակել, գալիս է Փարիզ ու խոստովանում, որ սխալ են վարվել նրա հետ ու ձեռքը սեղմում: Հարութը սկսում է հայ ընկերներ փնտրել, «Գուգըլով» որոնում է տալիս ու հայտնաբերում AGLA-ն: Հունվարին հանդիպում է Միշային: «Երբ իրար հանդիպեցինք, չգիտեինք, որ հարաբերություն կստեղծվի,- պատմում է Միշան: - Հետո էնպես սիրահարվեցինք, որ ոչ ես էի կարողանում աշխատել, ոչ ինքը»: Միշան, ինչպես ինքն է ասում, «խուժան կյանք» է վարել, հաճախ փոխել զուգընկերոջը: Իսկ Հարութը, հակառակը, կայուն կապեր է ունեցել. 9 տարի մի ընկեր է ունեցել, հետո 3 տարի` մեկ ուրիշը: «Հարութն ինձ ասեց` ես կայուն կապի եմ սովոր, ուրիշ ձև չեմ կարող, պիտի ընտրություն անես: Ուրեմն ի՞նչ, ասեմ այո՞, հետերոներին կոպիա անե՞մ, նրանց տխուր ընտանեկան մոդե՞լը ընտրեմ: Մեջս մի բան ասում էր` չէ, բայց նայում էի Հարութի աչքերին, ու ինձ ասում` եթե ինքը ուզում է, պետք է ելք գտնել: Զգացմունքները որ կան, արդեն եկեղեցի էլ կգնաս, մատանի էլ կդնես»: Հարութը ոսկերիչ է և Միշային նվիրած մատանին ինքն է պատրաստել ու մեջը հայերեն փորագրել տվել` «Սեր և հավատարմություն»: Եկեղեցով ամուսնանալը նրա նախընտրությունն է. «Ես հայ եմ, անոր համար կուզեի Հայաստանում ամուսնանալ, և ինչպես իմ ընտանիքը կրթել է` կուզեի եկեղեցով»: Ցավում է, որ հայ եկեղեցին միասեռականներին չի ընդունում, և իրենք չեն կարող ծեսով ամուսնանալ. «Կուզեի եկեղեցին փոխվի, անարդար է»: Որոշել են նաև երեխա ունենալ: Հավանաբար համաձայնության կգան մի լեսբուհու հետ, որ նա իրենցից մեկից արհեստական հղիանա: Հարութը ասում է, որ կինը անպայման հայ պետք է լինի: Մինչև 2003 թվականը Հայաստանում միասեռականությունը հանցանք էր, քրեական օրենսգրքի 116 հոդվածով մինչև 5 տարի պատիժ էր սահմանված: Եվրոպայի խորհրդի ճնշմամբ հանվեց հոդվածը, բայց հասարակության մեջ հոմոֆոբիան չվերացավ: Միշան ասում է, որ մայրն աստիճանաբար համակերպվել է իր միասեռական լինելու հետ, սակայն խնդրել է Երևանում եղած ժամանակ թաքցնել դա: «Ի՞նչ վատ բան են արել գեյերը, որ նրանց ատում են»,- հարցնում է Հարութը: Այսուհանդերձ, AGLA-ն որոշակի դեր է խաղացել, որ Փարիզի հայ համայնքում միասեռականների նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Երբ կազմակերպությունը ստեղծվել է, համայնքը թշնամաբար է ընդունել, հետո սկսել է հանդուրժել. «4 տարի առաջ, երբ մասնակցեցինք ապրիլի 24-ի ցույցին, մեզ վրա թքում էին, բայց մենք առանց ուշադրություն դարձնելու քայլում էինք: Հետո արդեն սովորեցին»,- ասում է Միշան: Միշան ու Հարութը ցանկանում են Հայաստանում էլ միասեռականների նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել: Աջակցում են Հայաստանի միասեռականներին, որոնք հասարակական կազմակերպություն են ստեղծել: Կազմակերպության կանոնադրության մեջ չեն նշել, որ այն միասեռականների է, որպեսզի գրանցման խոչընդոտներ չունենան և հոմոֆոբիայի թիրախ չդառնան: Միշան խնդրեց, որ հոդվածը հրապարակվի, երբ իրենք Փարիզում կլինեն, քանի որ կարող են վտանգի ենթարկվել:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.