Նորահայտ վկայություն. գիտնականների հավաստմամբ` Աղդամում հայտնաբերվել են Արցախի Տիգրանակերտի մնացորդներըԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից դեպի արևելք գտնվող Աղդամի շրջակայքում հնագետները պեղել են մի քաղաքի մնացորդներ, որը, նրանց հավաստմամբ, եղել է հայոց թագավոր Տիգրան Մեծի (մ.թ.ա. 1-ին դար) թագավորության կազմում: Միջնաբերդի պարսպի մի հատված և երկու դամբարանադաշտ հայտնաբերած պեղումները ֆինանսավորել է հայաստանյան մի հասարակական կազմակերպություն, որպեսզի ապացուցի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե այդ տարածքը միշտ պատկանել է ադրբեջանցիներին, անհիմն է: «Սա ապացուցում է, որ, այսպես կոչված, վիճելի տարածքները բնիկ հայկական են: Հնագիտական այս ուսումնասիրություններով աշխարհին կարող ենք ապացուցել ազատագրված տարածքների ամեն մի քարի ու հուշարձանի հայկականությունը»,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Պեղումները ֆինանսավորել է Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը (www.yerkir.org): Հայ գիտնականները պնդում են, որ տարածքը, որտեղ պեղումները սկսվել են օգոստոսի 3-ին, Արցախի Տիգրանակերտ քաղաքի մի մասն է: Պեղումներն իրականացվել են վտանգավոր պայմաններում. ղարաբաղյան պատերազմի ժամանակներից ամբողջ տարածքը ականապատված է: Միության նախագահ Սևակ Արծրունին ասում է, որ Տիգրանակերտի հայտնաբերումը մեծ դեր կարող է ունենալ բանակցային գործընթացում (թեև նրա այս լավատեսությունը կարող է համահունչ չլինել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը): «Այս պեղումները «Երկիր» միության համար նախևառաջ քաղաքական նպատակ ունեն, սա մեր պատասխանն է անցյալ տարի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 60-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևի արած այն հայտարարությանը, թե ժամանակն է ապացույցներ գտնելու Արցախում հայերի եկվորության և ադրբեջանցիների բնիկ լինելու վերաբերյալ»,- ասում է Արծրունին: Ըստ Արծրունու` Տիգրանակերտի ավերակների առկայությամբ ամրապնդվում է հայկական կողմի դիրքը բանակցային գործընթացում, քանի որ այն իրեղեն ապացույց է ստանում, որ այդ տարածքում հայերը հիմնավորվել են դեռ 21 դար առաջ: Պեղումների առաջին փուլում հայտնաբերվել են միջնաբերդի պարսպի դարավանդներից մեկի պատը` 33 մետր երկարությամբ, հսկայական սրբատաշ քարերով, ծիծեռնակապոչ կապերով, դարավանդներից մեկի հենապատը, 5-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցի և հազարավոր խեցեգործական իրեր, զարդեղեն, մեծ կարասներ: «Ծիծեռնակապոչ կապերով շարվածքը թվագրության համար կարևոր նշանակություն ունի, քանի որ նման շինարարական տեխնիկան բնորոշ է հելլենիստական ժամանակաշրջանին, երբ մոնոլիտ, մեծ քարե բլոկները միմյանց ամրացվել են մետաղական կապերով, լցվել արճիճով և շաղախով»,- ասում է ճարտարապետության թեկնածու, դոցենտ Լյուբա Կիրակոսյանը: Պարսպապատերի նույնատիպ շարվածք հանդիպում է նաև Արտաշատում և Արմավիրում, սակայն, ըստ Կիրակոսյանի, նման ճշգրտությամբ, հստակ չափագրությամբ կանոնավոր շարվածք դեռ որևէ այլ տեղ չի հայտնաբերվել: Գտածոների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Տիգրանակերտ քաղաքն անընդմեջ գոյատևել է իր հիմնադրման պահից` մ.թ.ա. 1-ին դարից, մինչև մ.թ. 13-14-րդ դարերը: Ուսումնասիրվել է նաև քաղաքի մերձակա Խաչենագետի հովտում գտնվող ժայռափոր եկեղեցական համալիրը: Ըստ Համլետ Պետրոսյանի` Խաչենագետի քարայրային համալիրի մեջ են մտնում եկեղեցի, գավիթ և ժայռերի մեջ փորված տապանատուն, որտեղ հայտնաբերվել են քրիստոնեական վաղ շրջանի խաչային հորինվածքներ և հունարեն արձանագրություններ: Հնագետն ասում է, որ Խաչենագետի համալիրը հայտնի է եղել նաև ադրբեջանցիներին, որոնք, սակայն, այն համարել են վաղ աղվանական շրջանի համալիր, բայց բազում հնագիտական նյութեր այսօր ապացուցում են, որ դա հայկական է: Գտնվել է նաև ջրամատակարարման մի ամբողջ համակարգ, որը, ըստ հնագետների, ջուր է մատակարարել Տիգրանակերտին: «Հայ ամենահղոր թագավորի` Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքի հայտնաբերումը, թերևս, ամենամեծ վկայությունն է, որ այդ տարածքները պատմականորեն հայկական են, ինչը Ղարաբաղի կառավարությունը, ղեկավար այրերն այսօր մեծ հաղթանակ են համարում»,- ասում է Արծրունին: Պեղումները կշարունակվեն հաջորդ երկու տարվա ընթացքում, իսկ ներկա պեղումների գտածոների մասին լույս կտեսնի պատկերազարդ գիրք:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.