Ինչպես անցկացրի ամառային արձակուրդս. Լուսնի ռապսոդիա և դասեր Լոնդոնից

Երևանի օգոստոսյան ամենաթեժ օրերին ընտանիքիս հետ պատսպարվել էի Հայաստանի հյուսիսային Օձուն գյուղում: Այստեղ լեռան փեշին բազմած հանգստյան տան բաց պատշգամբում, բազկաթոռին թիկնած, վայելում էի Լոռվա զով գիշերները:

Միջավայրի փոփոխությունը հսկայական էր, ոչ միայն Երևանից, այլև 10-օրյա լոնդոնյան ուսումնական ուղևորությունից հետո:

Ես վայելում էի Լոռվա մենությունը` մտքումս Լոնդոնը: Բայց թույլ տվեք նախ ավարտել Լոռվա կեսգիշերային ռապսոդիան…

Գիշերային Օձունում հիանում էի հայոց լեռների փեշերին փնջերով փայլփլող գյուղական տներից արտացոլվող ոսկեզոծ լույսերով, որոնց շողերը կարծես ձգտում էին հպվել օբսիդիանե երկնքում փշրված բազմահազար արծաթե բեկորներից արտացոլվող շողերին:

Իսկ երբ կեսգիշերային լռությունը խախտվում էր ծղրիդների միալար ճռռոցով ու գյուղի շների բաղաձայն հաչոցներով, լեռների հետևից դանդաղ վեր էր բարձրանում նարնջագույն լիալուսինը:

Լոռի: Լոնդոն: Ցանկացա համեմատել լուսինները: Լոնդոնյան լուսինը չհիշեցի: Թվում էր` միակ լուսինը Լոռիում է:

Ուղևորվելով դեպի այս երկու տարբեր իրականությունները` ես հանգեցի մեկ եզրակացության. տարբերը լավ է, բայց միշտ չէ, որ ավելի լավ է…

Լոնդոնը շշմեցուցիչ համաշխարհային կենտրոն է, որտեղ մարդկային կատարելությունը հասել է իր գագաթնակետին: Լոռիում բնությունը կերտում է կատարելության իր տարբերակը:

Լոնդոնում, բացի արևից, մի քանի գորշ ամպերից և Թեմզայից, ուր, պարզվում է, օրական մոտ 800000 դատարկ շիշ է նետվում, ես որևէ այլ աստվածատուր բան չտեսա:

Լոնդոնյան այցը հայ, վրացի և ադրբեջանցի շուրջ 30 լրագրողների համար կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը: Այցի նպատակն էր ծանոթացնել կովկասցի լրագրողներին բրիտանական լրատվամիջոցների փորձին, ներկայացնել նրանց դերն ու ազդեցությունը կառավարության գործունեության վրա:

Ամենօրյա սեմինարների և հանդիպումների ընթացքում մենք շփվեցինք բազմաթիվ փորձառու լրագրողների և խմբագիրների հետ այնպիսի լրատվամիջոցներից, ինչպիսիքն են «ԲիԲիՍին», «Ռոյթերը», «Դեյլի թելեգրաֆը» և «Սանդեյ թելեգրաֆը»:

Ծրագրի շրջանակներում այցելություններ եղան «ԲիԲիՍի վորլդ» և «Ռոյթեր» գործակալություններ, «Նյուս օֆ դը վորլդ» թերթ, ինչպես նաև «Դոու Ջոնզ նյուսուայրզ» գործակալություն (վերջինս համագործակցում է «Ուոլ սթրիթ ջորնալի» և «ՍիԲիԷնՍի» հեռուստաընկերության հետ):

Փորձում էի պատկերացնել, թե ինչ կհաղորդեին այդ հեղինակավոր լրատվամիջոցները Լոռու մասին: Գուցե` որ Օձունի ծղրիդների երգը ներկայանում է որպես մի առանձին մեղեդի, մինչդեռ Լոնդոնի մետրոն, ավտոբուսներն ու հանրահայտ տաքսիները ստեղծում են մի համընդհանուր ժխոր:

Կամ գուցե, որ եթե «Հիթրոու» օդակայանում արգելվում է ձեռքի ուղեբեռը, այս գյուղական տունը նույնպես խրախուսում է հրաժարվել ոչ անհրաժեշտ «բեռից»…

Իսկ ցերեկվա ժամերին Լոնդոնյան աչքից էլ բարձր ու Հայդ փարքից էլ խիտ անտառներով ծածկված Օձունի լեռների վրա ճախրում են սպիտակ անգղները: Ճախրում են բարձր ու նաև հեռու երկու քաղաքներից` Լոնդոնից ու Երևանից, որոնցից և ոչ մեկում օգոստոսյան գիշերը չունի այն թովչությունը, ինչ այս փոքրիկ գյուղում` այս փայլփլուն երկինքը, այս շներն ու ծղրիդները և իր ապաստանով երջանիկ այս լրագրողը:

ԱրմենիաՆաուի էջերում