Վերադարձ տո՞ւն. մարդիկ ու անձնագրերը կրկին դառնում են քննարկման առարկաՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն իր զեկույցում ներկայացրեց Հայաստանում 1988-2006 թթ. ժամանակահատվածում միգրացիայի հետ կապված տեղաշարժերը: «Առաջին փուլը` 1988-1992 թվականներին, պայմանավորված էր հարկադիր բնույթի գործողություններով,- ասաց Եգանյանը: - Այդ տարիներին Հայաստան ներգաղթեց 350 հազար մարդ` [Ադրբեջանում իրականացված] էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 530 հազար մարդ բնական աղետի հետևանքով մնաց անօթևան: Եվս 72 հազար ներքին տեղահանվածներն էին»: 1992-1995 թվականներին արտագաղթի երկրորդ փուլի հիմնական պատճառներն էին ծանր սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական պայմանները Հայաստանում: Այդ տարիներին երկրից հեռացել է 800 հազարից ավելի հայաստանցի, թեև նրանցից 400 հազարը, Եգանյանի հաշվարկներով, հետագայում վերադարձել է: «Ներհոսքի բացասական սալդոն սկսել է նվազել և 2003-ին հասել է արդեն 9-10 հազար: Իսկ 2004-ից ներհոսքի սալդոն դարձել է դրական և կազմել է 2000 մարդ,- ասում է Եգանյանը: - Այդ թիվը աճելով` 2004-ին կազմել է 12500 մարդ: Այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ներհոսքի սալդոն դարձյալ դրական է` 12500 մարդ»: Գործակալության պետն ասում է, որ ամեն օր իրաքահայերից 3-4 դիմում են ստանում: 600-ից ավելի իրաքահայերի, ինչպես նաև 390 լիբանանահայերի շնորհվել է ժամանակավոր կացության կարգավիճակ: «Հակամարտություններ ունեցող երկրների քաղաքացիները որպես ապահով երկիր ընտրում են Հայաստանը: Կարևոր է նաև, որ Լիբանանի քաղաքացիներից 20-ը ծագումով արաբ են, որոնք կարող էին ապաստան գտնել այլ երկրներում: Վերադարձողների վերաբերյալ տվյալներ չունենք: Այդպիսի պարտավորություն չկա, որ գնալիս մեզ տեղեկացնեն»,- նշում է նա: Պետության ֆունկցիան սահմանափակվում է մուտքի վիզա և պաշտպանված անձի ժամանակավոր կարգավիճակ շնորհելով: Բնակարանի, փոխադրամիջոցների կամ այլ փոխհատուցում չի տրամադրվում: Այն հարցին` արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավելու իրավիճակին, եթե Ռուսաստանը հանկարծ որոշի վտարել Հայաստանի քաղաքացիներին, ինչպես վերջերս վարվեց Վրաստանի քաղաքացիների հետ, Եգանյանը պատասխանեց. «Ասել, թե երկիրն ունի մշակված, մեծածավալ ծրագիր հանկարծահաս հոսքերին դիմագրավելու համար, սխալ կլինի: Եթե, Աստված մի արասցե, այդպիսի վիճակ ստեղծվի, ոչ միայն պետությունը, այլև սփյուռքը, հասարակությունը կաջակցեն»: ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Նարինե Սոլոմոնյանը տվյալներ ներկայացրեց երկքաղաքացիների իրավական կարգավիճակի և միջազգային փորձի մասին: Ըստ նրա` Սահմանադրության երկքաղաքացիության մասին դրույթն ուղղված է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկքաղաքացիություն ստանում են «տվյալ պետության ծագում ունեցող անձինք», այսինքն` տվյալ դեպքում Հայաստանի քաղաքացիություն ունեցողները: Սոլոմոնյանը նաև նշում է, որ պասիվ խտրականությունը միջազգայնորեն ընդունելի է, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը կարող է օտարերկրացիներին երկքաղաքացիություն չտալ: Ըստ ՀՀ Սահմանադրության` երկքաղաքացիները պետք է օգտվեն Հայաստանի քաղաքացիների բոլոր իրավունքներից, բացառությամբ ընտրական իրավունքի հետ կապված որոշ հարցերի: «Ընտրելու հետ կապված ՀՀ Սահմանադրությամբ, կարծես, սահմանափակումներ չկան, սակայն ընտրվելու հետ կապված որոշակի նստակեցության ցենզի խնդիր է առաջանում»,- ասում է Սոլոմոնյանը: Երկքաղաքացիության հակառակորդները մտավախություն ունեն, որ Հայաստանը կարող է իսպառ կորցնել ինքնիշխանությունը` որոշիչ ձայնի իրավունքը զիջելով դրսում ծնվածներին: «Եթե ՀՀ քաղաքացի դարձած երկքաղաքացին ունենալու է ընտրելու իրավունք, ապա հնարավոր է, որ շուտով Հայաստանի բարձրագույն իշխանությունները ձևավորվեն դրսից, և հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիների ձայները որոշիչ չլինեն ընտրություններում»,- ասում է Սոլոմոնյանը: «Համաձայն նոր Սահմանադրության` երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները պետք է կարգավորվեն համապատասխան օրենքով: Այդպիսի օրենք մենք դեռ չունենք, բայց Սահմանադրությամբ պարտավոր ենք ընդունել երկու տարվա ընթացքում: Քանի որ դեռ պաշտոնական շրջանառության մեջ օրինագիծ չկա, ես իրավասու չեմ շատ բան ասել այդ մասին: Շատ սփյուռքահայեր, լսելով սահմանադրական փոփոխության մասին, դիմում են մեզ երկքաղաքացիություն ստանալու խնդրանքով: Սակայն նրանք տեղյակ չեն, որ օրենք դեռ չի ընդունվել: Իսկ քանի դեռ հարցը կարգավորող օրենք չկա, նրանք զրկված են երկքաղաքացիություն ստանալու իրավունքից»: Սակայն կան երկու օրինագծեր, որոնց նա քիչ թե շատ ծանոթ է: Դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, այսինքն` ունեն Եվրամիության չափանիշների վրա հիմնված ազատական մոտեցում: Օրինակ` եթե Ռուսաստանի քաղաքացին ստանում է ՀՀ քաղաքացիություն, սակայն Ռուսաստանի բնակիչ է և այնտեղ զինվորական ծառայություն է անցել, ապա Հայաստանը չի կարող հարկադրման լծակ ունենալ այս քաղաքացիների նկատմամբ (ստիպել նրանց ծառայել ՀՀ բանակում): Ոչ ոք իրավունք չունի քաղաքացիություն շնորհել: Նախագահը կարող է շնորհել «պատվավոր քաղաքացու» կոչում, որը չի ենթադրում քաղաքացիական ինստիտուտի ոչ մի կարևոր ֆունկցիա:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.