Հանուն մարդասիրության. կազմակերպությունն աջակցում է տնաշինական ծրագրերինՏարբեր տարիքի ու մասնագիտությունների կամավորներ Հայաստանից ու ԱՄՆ-ից հատուկ եկել են գյուղ, որպեսզի օգնեն գյուղական ընտանիքներին կառուցելու իրենց տունը: Նրանք ներկայացնում են «Հաբիթաթ» միջազգային կազմակերպությունը, որը երկարաժամկետ անտոկոս վարկեր է տրամադրում տուն կառուցելու համար: Մինչ կազմակերպությունը զբաղվում է իրավական հարցերով, կամավորները սեփական ձեռքերով կառուցում են տունը: Արոնյանները մեկն են Խոր Վիրապի այն երեք ընտանիքներից, որոնց օգնում է «Հաբիթաթը»: Հայաստանում կազմակերպությունն արդեն օգնել է 297 ընտանիքների: Արոնյաններին այն հատկացրել է 3 միլիոն դրամ (8500 դոլար) մոտ 10 տարի առաջ սկսված տան շինարարությունն ավարտելու համար: «Տասը տարվա ընթացքում ամեն տարի մի քիչ առաջ էինք գնում»,- ասում է հինգ հոգանոց ընտանիքի հայրը` Սահակ Արոնյանը: «Առաջին տարիներին հիմքը գցեցինք, հաջորդ տարիներին պատերը բարձրացրինք: Հետո ամեն ինչ կանգնեց, փող չկար»: «Արդեն հուսահատվել էինք, երբ իմացանք, որ կա մի կազմակերպություն, որ 20 տարով վարկ է տալիս: Դիմեցինք, ու ստացվեց: Հույս ունենք ավարտել մինչև օգոստոս»,- ասում է Արոնյանը, որը ներկայումս ընտանիքով ապրում է ազգականներից մեկի տան նկուղում: «Հայկական Հաբիթաթի» գրասենյակը նպաստում է համայնքների զարգացմանը` աջակցություն ցույց տալով պարզ ու մատչելի տների կառուցմանն ու նորոգմանը: Շահառուներին ընտրում է Ընտանիքների ընտրության հանձնաժողովը` ելնելով նրանց կարիքավորության աստիճանից և վարկը վերադարձնելու ունակությունից: «Հաբիթաթը» տրամադրում է ոչ միայն վարկեր, այլև կամավորական աշխատուժ: Կամավորների խմբերը պարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր շրջաններ ու մասնակցում շինարարական աշխատանքներին: Արոնյանի տան շինարարությանը մասնակցում է ԱՄՆ Տեխասի նահանգից ժամանած ինը հոգիանոց խումբը, որը ներկայացնում է «Հաբիթաթի» հետ համագործակցող “Thrivent Builds” կազմակերպությունը: Խմբի անդամ Մարթա Ուիլքինզն ասում է, որ իրենց դուր է գալիս աշխատել Հայաստանում, թեև շինանյութերն ու մեթոդները տարբերվում են ամերիկյանից: «Մեզ ցույց տվեցին, թե ինչ է պետք անել, և դա բավական էր,- ասում է Ուիլքինզը: - Արդեն երկու շաբաթ այստեղ ենք և այդ ընթացքում մի քիչ հայերեն ենք սովորել: Մեզ դուր է գալիս աշխատել միջազգային խմբի կազմում»: Կամավորներ է տրամադրել նաև «Հայաստանի երիտասարդ կանայք» ՀԿ-ն, որը «Կառուցում են կանայք» կարգախոսի տակ հավաքագրել է կանանց տարբեր կազմակերպություններից: Նրանցից մեկը լրագրող Հեղինե Հովհաննիսյանն է: «Հաբիթաթի» մասին շատ էի լսել, բայց մասնակցում եմ առաջին անգամ: Երբ մտածում եմ, որ մի ամբողջ ընտանիք է ապրելու այն տանը, որի շինարարությանը ես էլ եմ մասնակցել, դա ինձ ուժ ու ավելի լավ ապագայի հույս է տալիս»,- ասում է Հովհաննիսյանը` դույլի մեջ ցեմենտ լցնելով: Տանտերը` Սահակ Արոնյանը, գրկաբաց ընդունում է այցելուներին ու ներս հրավիրում: «Բարով եք եկել, ներս համեցեք: Այստեղ ննջարանն է լինելու, այստեղ` ճաշասենյակը: Տեսեք, թե ինչ տեսարան է, Երևանում այսպիսի բան չեք տեսնի»,- հպարտությամբ ասում է Արոնյանը` ցույց տալով պատուհանից բացվող Արարատի հիասքանչ համայնապատկերը: Թվում է, թե ձյունածածկ լեռը կառուցվող ճաշասենյակից մի քանի մետրի վրա է: «Հաբիթաթի» հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2000 թվականին: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում առնվազն 40.000 ընտանիք սեփական կացարան չունի, ևս 60.000 ընտանիք ապրում է վնասված տներում:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.