Քաղաքականությո՞ւն, թե՞ սադրանք. վարչապետի այցը Բլեյանին շահարկումների տեղիք է տալիս

Սեպտեմբերի 1-ի այցի ժամանակ Բլեյանը վարչապետին է ցույց տալիս իր սաների շնորհքները
Սեպտեմբերի 1-ին, երբ Հայաստանի շուրջ 50.000 առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը, վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Երևանի արվարձանում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որի տնօրեն Աշոտ Բլեյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մոլի ու հետևողական հակառակորդն է:

1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր ադրբեջանական բանակի հրե օղակում, Աշոտ Բլեյանը հայկական մամուլում հանդես եկավ ադրբեջանամետ ու թուրքամետ հոդվածաշարով: Քաղաքագետ Լևոն Ղազարյանն այդ առնչությամբ նշում է. «Այն ժամանակ անհնար էր գնահատել այդ հոդվածների ողջ լրջությունը, քանի որ ընթերցողները` չհավատալով իրենց աչքերին, ենթադրում էին, որ ինչ-որ բան չեն հասկացել: Սակայն 1992-ին, համատարած ազգային վրդովմունքի մթնոլորտում, նա Բաքու մեկնեց «խաղաղարար» առաքելությամբ, որն այնքան անբնական ու անտրամաբանական էր, որ դրան չհավատացին անգամ թուրքերն ու ադրբեջանցիները»:

Հետագայում` 1994-1995 թթ., նրան նշանակեցին նախարար` վստահելով կրթական ամբողջ համակարգը: Հենց Բլեյանն էր, որ հրահանգեց դպրոցների տնօրեններին ապրիլի 24-ին երեխաներին չտանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչն առաջ բերեց հասարակության համընդհանուր վրդովմունքը: Այն ժամանակ Բլեյանը ստիպված էր հրաժարական տալ և սահմանափակել իր գաղափարախոսական գործունեությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով:

1990-ականների կեսին Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ուշադրություն չէր դարձնում Բլեյանի քաղաքականության վրա: Սակայն նա լուռ էր նաև այն ժամանակ, երբ կրթահամալիրի տնօրենը սկսեց շահարկել անմիջականորեն պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր: Անցյալ տարի Բլեյանը հոդվածաշար տպագրեց «Ժամանակ-Երևան» թերթում` հանդես գալով հայկական բանակում ծառայության դեմ: «Եվ այժմ այս անհոգի, լքված հայրենիքում ամեն քաղաքացի պարտավո՞ր է օրենքով սահմանված կարգով մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Ինչո՞ւ: Ինչպե՞ս: Ի՞նչ է տալիս դա հայրենիքին և մարդուն, եթե մասնակցությունն այդ պաշտպանությանը չի նշանակում հոգալ հայրենիքի մասին: Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի բանակում, ի՞նչ է արել հայրենիքը նրա համար»:

Եվ այժմ Սերժ Սարգսյանը որոշում է այցելել Աշոտ Բլեյանին և շնորհավորել նրան Գիտելիքի օրվա առթիվ: Այդ այցը լայնորեն լուսաբանվեց հեռուստատեսությամբ և առաջ բերեց հասարակության տարակուսանքը: Արդեն հաջորդ օրը քաղաքով մեկ սկսեցին տարածվել ասեկոսեներ, իբր Հայաստանի վարչապետը նախագահ դառնալուց հետո պատրաստվում է ադրբեջանցիներին զիջել Լեռնային Ղարաբաղը: Նման մտքերն աշխուժացան հատկապես սեպտեմբերի 5-ի առավոտյան` նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությամբ Բլեյանի հետևյալ հայտարարությունից հետո. «Իրենց ամենամտածված քայլը ղարաբաղցիներն արել են 1920-ականներին, երբ որոշել են մնալ Ադրբեջանի կազմում: Այդ որոշումն այսօր էլ նրանք պետք է անեն»: Մնում է գուշակել` նկատի ուներ նա, արդյո՞ք, Հայաստանի վարչապետին:

Ըստ մի տարբերակի` նման աննախադեպ քայլը վարչապետի նախընտրական հնարքն է, որն այդպիսով ցանկանում է աշխուժացնել նախկին իշխող վերնախավի քաղաքական գործունեությունը: Ներկայումս ակտիվորեն շրջանառվում են հաջորդ տարվա նախագահական ընտրություններում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման լուրերը: Առաջին նախագահի բազմաթիվ հանդիպումների և նախկին իշխող կուսակցության` ՀՀՇ-ի ու նրան հարող կուսակցությունների աշխուժացման ֆոնի վրա Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործչի այցը Բլեյանին կարող է կատալիզատորի դեր կատարել և դրդել ընդդիմությանը ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին` որպես միակ միասնական թեկնածու:

«Ընդդիմությանն անհրաժեշտ է միասնական թեկնածու,- սեպտեմբերի 4-ին հայտարարել է Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը: - Սակայն եթե նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրվի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դա իսկական «գտածո» կդառնա վարչապետ Սերժ Սարգսյանի համար: Հայաստանում դեռ չեն մոռացել, թե ինչ էր կատարվում երկրում առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին, և ոչ էլ ղարաբաղյան հարցում չարդարացված զիջումներ անելու Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը: Հաշվի առնելով սա` հասարակության մի մասը կնախընտրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

ԱրմենիաՆաուի էջերում