Քաղցր 16՞. Հայաստանը տոնում է իր անկախության հերթական տարեդարձը

Անդրադառնալով անկախության 16 տարիներին` Մանուկյանը նշեց, որ այն, ինչ պետք է արտահայտեր ժողովրդի միտքն ու կամքը, իշխանությունները դարձրել են կոռուպցիայի գործիք
Խաչատրյանի կարծիքով` անցյալի սխալները պետք է կարևոր դաս լինեն
Տասնվեց տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստանի քաղաքացիները ճնշող մեծամասնությամբ «այո» ասացին անկախությանը: Երանելի կամ ոչ այնքան անցյալում թողնելով խորհրդային կյանքը`Հայաստանը հռչակվեց ազատ ու անկախ հանրապետություն:

Անկախության օրը վերլուծությունների տեղիք է տալիս…

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի պատկերացմամբ`անկախությունը նման է մի տան, որն ունի մի քանի սյուն` ինստիտուտների, արտաքին ու ներքին կապերի, ժողովրդավարության և մարդկային հոգեբանության: Սյուների հիմքում ընկած է օրենքը, իսկ տանիքը կազմում են ժողովրդի ու իշխանությունների խելքն ու կամքը:

Վերջինիս գնահատմամբ, սակայն, անկախ կոչվող Հայաստանում իշխանություններն այդ սյուները դարձրել են գործիք` կոռուպցիան հնարավորինս զարգացնելու համար:

Մանուկյանի համոզմամբ` նորանկախ պետության համար առաջնային խնդիր է արտաքին հարաբերությունների հաստատումը.

«Սխալ արտաքին քաղաքականության հետևանքով այսօր ձևավորվել է հարևան թշնամի երկրների կոալիցիա, որը ստեղծում է ապագայի մի ցանց, որի մեջ Հայաստանը ներգրավված չէ,- վերլուծում է Մանուկյանը: - Վրաստանը Հայաստանին չի սիրում, Ադրբեջանի հետ այնքան անհուսալի վիճակում ենք, որ միայն ռազմատենչ հայտարարություններ են արվում: Թուրքիայի հետ հարաբերություններում միայն թմբկահարվում է ցեղասպանությունը, հետևաբար` հաշտ լինել չենք կարող: Մնում էր միայն Իրանը, այն էլ բարեկամացավ Թուրքիայի հետ, որի պատճառով վատացան մեր հարաբերությունները»:

Արտաքին հարաբերությունների ուղղությամբ տարված 16-ամյա աշխատանքներից դժգոհ է նաև ԱԺ նախկին պատգամավոր, Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը:

«Սխալ քաղաքականության պատճառով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Հայաստանի հետ վարվում է երեխայի պես. Ռուսաստանի ձեռքն են անցել ենթակառուցվածքներից շատերը. ցանկացած պահի` եթե Ռուսաստանը որոշի մի բան փոխել, կանի շատ արագ,- հավաստիացնում է Եղիազարյանը: - Մի խոսքով, տարածաշրջանում ամեն ինչ անցնում է Հայաստանի կողքով այնպես, ինչպես Ռուսաստանն ու Իրանը կապող երկաթգիծը կանցնի Հայաստանի կողքով»:

Եղիազարյանի խոսքերով` անհուսալի են նաև միակ քրիստոնյա հարևան Վրաստանի հետ հարաբերությունները.

«Դեպի Սև ծով տանող ճանապարհը մեզ համար Ջավախքն է, բայց այսօր այն հայաթափման եզրին է հայտնվել: Ամենամեծ` Գանձա գյուղում այս տարի 25 երեխա է դպրոց ընդունվել, այն դեպքում, երբ նախկինում 800-ի էր հասնում այդ թիվը,- պատմում է Եղիազարյանը: - Ու այսօր դրանից զատ Վրաստանի կառավարության հատկացրած 27 մլն դոլարով հայ բանվորների ձեռքով այնտեղ կառուցվում է քրեակատարողական հիմնարկ, ինչը նշանակում է, որ Ջավախքը լցվելու է հանցագործներով»:

Նախկին փոխնախարարին ոչ միայն այդ իրավիճակն է անհանգստացնում, այլև հայաստանյան իշխանությունների անտարբեր կեցվածքը:

«Երբ վարչապետ Սարգսյանին հարցրին` գիտե՞ք, որ Ջավախքում գաղութ է կառուցվում, նա պատասխանեց, թե դա նույնն է, որ Վրաստանի վարչապետին հարցնեն, թե գիտե՞ք, որ Գորիսում կամ Սիսիանում է գաղութ կառուցվում: Բայց չէ՞ որ Ջավախքի բնակչության 80 տոկոսից ավելին հայեր են, ինչպե՞ս կարելի է նման պատասխան տալ»,- վրդովվում է Եղիազարյանը:

Նախկին պաշտոնյաները ներկայիս իշխանություններին մեղադրում են անկախության տարիներին կլանային համակարգ ստեղծելու մեջ.

«Եվ այդ համակարգում ապրում է հայ ժողովուրդը` սպասելով ԱՄՆ-ից ու Ռուսաստանից ուղարկվող փողերին, որոնց 50 տոկոսն էլ այդ նույն համակարգը ջանում է գողանալ»,- իրավիճակն է ներկայացնում Մանուկյանը:

«Անկախության տարիներին Հայաստանում ձևավորվեց մոնոպոլացված, հետևաբար անմրցունակ տնտեսություն. այսօր շաքարավազի ու վառելիքի ներկրմամբ զբաղվում է միայն մեկ մարդ [խոսքը վարչապետ Սերժ Սարգսյանի մասին է] և այդպես շարունակ: Ինչպես նաև ձևավորվել է իրավաբանական նիհիլիզմ, որի հետևանքով այսօր ոչ մի քաղաքացի չի կարող իրեն պաշտպանված զգալ: Դատավորներն անում են այն, ինչ ուզում են և ինչպես ուզում են»,- ասում է Մանուկյանը:

ԱԺ նախկին պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքով էլ` անկախության տարիներին Հայաստանը կորցրեց իր արժեքային համակարգը:

«Միջազգային կառույցների` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի հետ Հայաստանն աշխատում է տնավարի, ինչի պատճառով խոսքի ազատության, կոռուպցիայի, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ուսումնասիրություններում Հայաստանը մշտապես զբաղեցնում է վերջին «պատվավոր» տեղերը»,- ցավով նշում է Մանուկյանը:

Մանուկյանի խոսքերը հաստատում և միաժամանակ հեգնում են երիտասարդ քաղաքագետները` թվարկելով այն սպանություններն ու խոշտանգումները, որ կատարվում էին ՀՀՇ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի`1991-1998 թթ. Հայաստանի նախագահ լինելու տարիներին:

Այդ տարիներին սպանվեցին Պետական անվտանգության կոմիտեի պետ Մարիուս Յուզբաշյանը, երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանը, Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանը և այլք, հիմք դրվեց այլախոհների դեմ պայքարի բռնապետական միջոցի`համատարած ձերբակալությունների, ձևավորվեց քրեական համբավ ունեցող օլիգարխիկ մշակույթը:

Ի պատասխան երիտասարդների փաստարկներին` Մանուկյանը փորձում է հավաստիացնել, որ իր առջև խնդիր չի դնում արդարացնելու նախորդներին կամ փնովելու ներկաներին:

Իսկ Հրանտ Խաչատրյանը` սթափ գնահատելով ամենը, նշում է, որ «անցյալի վերլուծությունները պիտի լինեն նրա համար, որ դեռևս կենսունակ սխալները չկրկնվեն»:

Ի տարբերություն փնովող գնահատական տվողների, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ անկախությունն ինքնին արդեն ձեռքբերում է:

«Անկախությունն անփոխարինելի ձեռքբերում է. մենք պիտի հպարտանանք, որ կարողացանք գոյատևել այդ դժվարին տարիներին, ինչը նշանակում է, որ մենք նաև անկախությունը պահպանելու լծակներ ունենք,- նշում է Մանոյանը: - Անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ Արցախի փաստացի միացումն էր Հայաստանին: Ինչպես նաև այն, որ ի վերջո Հայաստանը` որպես անկախ հանրապետություն, դարձավ համայն հայության հայրենիք»:

Կիրո Մանոյանը նույնպես չի հերքում, որ եղել են կորուստներ:

«Անշուշտ, եղել են բացթողումներ, սխալներ, բայց դրանք ոչ թե անկախության պատճառով են եղել, այլ անձերի սխալ քաղաքականության: Հետևաբար չի կարելի մեղադրել անկախությունը»,- ասում է Մանոյանը:

ԱրմենիաՆաուի էջերում