«Ճշմարտության» քարո՞զ. ադրբեջանցիները հայերին հայերեն բացատրում են, թե ովքեր են հայերը

Համաշխարհային ցանցում առաջին անգամ սկսել է գործել Ադրբեջանում պատրաստվող հայալեզու «Իրավան» ինտերնետային պարբերականը www.irevan-az.com, որը հրատարակում է ադրբեջանական «Իրավան» լրատվավերլուծական կենտրոնը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Զերկալո» պարբերականը` 2006 թ. ստեղծված «Իրավան» լրատվավերլուծական կենտրոնի ղեկավար Սաբիր Էրիվանլիի հավաստմամբ` կայքը նախատեսված է տարածաշրջանի հիմնահարցերով զբաղվող մասնագետների լայն շրջանակների համար:

Էրիվանլին նշում է, որ ստեղծման գաղափարը պայմանավորված էր նրանով, որ մինչև այժմ համացանցից օգտվող հայալեզու ընթերցողները տարածաշրջանում առկա խնդիրներին ծանոթանում էին միայն Հայաստանի տեսանկյունից:

«Այսուհետ նրանց հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու նաև հակառակ կողմի տեսակետին»,- ասել է Էրիվանլին «Զերկալո» պարբերականին:

Ըստ նրա` կայքում կտեղադրվեն Հարավային Կովկասի պատմության, ներքին, արտաքին և ռազմական քաղաքականությունների, տնտեսության և ազգամիջյան հակամարտությունների վերաբերյալ վերլուծական հետազոտություններ:

Կայքի «Մեր մասին» բաժնում նշված է, որ կենտրոնի մասնագետների ու փորձագետների պատրաստած նյութերը հիմնվում են անհերքելի փաստերի և դիտարկումների վրա, որոնք համակողմանի տեղեկություններ են տալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց ժողովուրդների մասին: (Սակայն կայքում չկան ոչ տեղեկություններ աշխատակիցների մասին, ոչ էլ հեռախոսահամարներ կամ հասցեներ հետադարձ կապի համար:)

Կայքն ընթերցելիս միանշանակ տպավորություն է ստեղծվում, որ այն միայն քարոզչական նպատակներ է հետապնդում: Կայքի «Առասպելներ», «Անջատողականություն», «Ահաբեկչություն» և «Ֆոտոփաստեր» բաժինները պարունակում են հակահայկական քարոզչություն և չակերտների մեջ առնում «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

Տեղեկատվական բնագավառում փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով` «Իրավանն» այն քարոզչական կայքերից է, որոնք ստեղծվում են նախապատերազմական իրավիճակում` հակառակորդի վրա բարոյական ազդեցություն գործելու նպատակով:

«Այսպիսի կայքերն անհրաժեշտ են տեղեկատվական ենթակառուցվածք պատրաստելու համար, որոնք այս պահին, գուցե, այդքան էլ լուրջ ուշադրության չեն արժանանա, սակայն պատերազմական իրավիճակում ապատեղեկատվություն տարածելու ամենահարմար միջոցն են դառնում»,- ասում է Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի` Ադրբեջանում բացի հակահայկական ներքին քարոզչական մեխանիզմից, վերջին մի քանի ամիսներին շատ են զարգացել նաև արտաքին քարոզչական մեխանիզմները, որոնց օրինակներից է այս կայքը:

«Ադրբեջանական կայքերից ցանկացած տեղեկատվություն վերցնելիս պարտադիր պետք է նշել աղբյուրը»,- հայկական լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս Վրթանեսյանը` բացատրելով, որ ապատեղեկատվության դեպքում հայկական լրատվամիջոցները կարող են այդպես խուսափել ծուղակի մեջ ընկնելուց:

«Իրավան» կայքում տեղադրված են նաև «Ադրբեջանի ձայն» ռադիոյի հայկական ծառայության ձայնագրությունները: Կայքի նյութերը ներկայացվում են նաև ռուսերեն:

ԱրմենիաՆաուի էջերում