Հավլաբար. Թբիլիսիի հայկական համայնքը վճարում է ուրբանիզացիայի գինը

Եվս մի հին հայկական թաղամաս կվերածվի անդեմ «էլիտար» թաղամասի
Թբիլիսիում էլիտար թաղամաս կառուցելու մասին լուրը վրացահայ համայնքն ընդունեց մտահոգությամբ: Նոր թաղամասը նախատեսվում է կառուցել քաղաքի բարձրադիր մասում` Հավլաբարում, որտեղ բնակվում է 150.000 թբիլիսահայերի մեծ մասը:

Վրաստանի մայրաքաղաքում հայերի ավանդական բնակավայր Հավլաբարն անվանում են «Փոքրիկ Հայաստան բլրի վրա»: Հիմնականում առանձնատներով կառուցապատված Հավլաբարը հայտնի է իր «իտալական բակերով», որը կիսում են մի քանի տների ընտանիքներ: Այդտեղ ավանդաբար ապրել են հայ արհեստավորներ ու առևտրականներ, և որոշ տների վրա դեռևս պահպանվել են դրանց բնակիչների մասին պատմող հայերեն գրություններ: Թաղամասում դեռևս կանգուն են ամենահարուստ ու հռչակավոր հայերի, ինչպես, օրինակ` Մանթաշովի ու Արամյանցի կառուցած տները:

Չնայած Վրաստանի իշխանությունների հավաստիացումներին, որ Հավլաբարի բնակիչները լիարժեք փոխհատուցում կստանան իրենց տների համար, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում ոմանք այս կառուցապատման ծրագրի հետևում լուրջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում: Շատ հայեր այն կարծիքին են, որ Հավլաբարի ոչնչացումը Թբիլիսիում հայերի պատմական ներկայության նշաններն արմատախիլ անելու` Վրաստանի իշխանությունների հերթական քայլն է:

Երեք տարի առաջ Հավլաբարում կառուցվեց ուղղափառ վրացական ամենախոշոր` Սուրբ Երրորդություն եկեղեցին, իսկ այժմ կառուցվում է հաջորդը` հնագույն հայկական Խոջիվանք եկեղեցու գերեզմանոցի տարածքում:

Թբիլիսիում գործող «Վրացահայերի թբիլիսյան համայնք» ՀԿ-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանի խոսքերով` քանի որ Վրաստանի իշխանությունները գերեզմանոցը համարել էին հին, այնտեղ վերահուղարկավորումներ չէին կատարվել, և շինության հիմքերը փորելիս մեծ թվով կմախքներ էին հայտնվել գետնի երեսին:

«Շատ վիրավորական էր. ամբողջ շինհրապարակով մեկ ոսկորներ ու գերեզմանաքարեր էին շաղ տված` հիմնականում հայերի: Միայն Վրաստանի հայկական կազմակերպությունների միջամտությունից հետո մեկ գիշերվա ընթացքում գերեզմանաքարերն անհետացան շինհրապարակից»:

Ստեփանյանն ասում է, որ Հավլաբարը վերակառուցել առաջարկել է անձամբ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ընդ որում` վաղուց: Նա ասում է, որ տեսել է Հավլաբարի վերակառուցման նախագիծը նախագահի աշխատասենյակի պատին` նրա ընտրվելուց շատ չանցած:

«Նախագահի հետ մի հանդիպման ժամանակ տեսա Հավլաբարի կառուցապատման նախագիծը` պատից կախված: Հարցրի, թե դա ի՞նչ նախագիծ է: Նախագահն ասաց, որ դա քաղաքի նոր գործարար կենտրոնն է լինելու: Երբ հարցրի, թե ո՞ւր է տեղափոխվելու հայ բնակչությունը, նա փոխեց թեման, իսկ հետո ծիծաղելով ասաց, թե այդ ծրագիրը կֆինանսավորի հայկական սփյուռքը»:

Լամարա Համբարձումյանի ընտանիքը Թբիլիսիից Երևան է տեղափոխվել 35 տարի առաջ, սակայն դուստրը` Գայանեն, ամուսնացել է ու վերադարձել Թբիլիսի: Այժմ Գայանեն ապրում է Հավլաբարում` տատի կտակած տանը:

«Բոլորս էլ անհանգստությամբ սպասում ենք, թե ինչ է լինելու,- ասում է Լամարան: - Վախենում ենք, որ Հավլաբարի բնակիչները կարող են արժանանալ Երևանի Հյուսիսային պողոտայի բնակիչների ճակատագրին, որոնց դուրս նետեցին փողոց` խղճուկ փոխհատուցում տալով»:

«Բայց հարցը միայն փոխհատուցումը չէ,- շարունակում է Լամարան: - Մենք` թբիլիսահայերս, ցնցված ենք, որ Հավլաբարը կարող է ոչնչացվել: Մի քանի տասնամյակ հետո չի պահպանվի ոչ մի նշան, որ թաղամասը կառուցել ու այստեղ ապրել են հայերը»:

Ճիշտ հակառակ տեսակետ ունի մեկ այլ հավլաբարցի` Ռուբեն Անանիկյանը: Թբիլիսիի «Ազգամիջյան հանդուրժողականություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Անանիկյանը ողջունում է նոր թաղամասի կառուցման նախագիծը և դրանում հայերի դեմ ուղղված ոչ մի միտում չի տեսնում: Նա պնդում է, որ Հավլաբարի շատ տներ զուրկ են տարրական հիգիենային պայմաններից` կոյուղուց ու ջրից:

«Ոչ ոք չի պատրաստվում հայերին դուրս նետել թաղամասից: Մեզ բնակարաններ են խոստացել նորակառույց շենքերում: Շինարարության ընթացքում մարդիկ փոխհատուցում են ստանալու` քաղաքի այլ մասերում բնակարան վարձելու համար»:

«Հայերի նկատմամբ վրացիների ատելության մասին բոլոր այդ խոսակցությունները խիստ չափազանցված են: Հավլաբարը պրոբլեմ է քաղաքի համար, սակայն միայն որպես հին թաղամաս: Աշխարհի բոլոր երկրներն իրենց քաղաքների հին շինությունների հետ կապված խնդիրներ ունեն: Եվ Վրաստանը պատրաստվում է անել այն, ինչ անում են բոլոր քաղաքակիրթ երկրները` քանդել հինը և կառուցել նորը»:

Երևանում գտնվող Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` երկու տեսակետներն էլ ռացիոնալ հատիկ ունեն:

«Մի կողմից` ոչ ոք չի կարող ժխտել, որ շինարարությունը Հավլաբարում նույնպիսի քաղաքաշինական ծրագիր է, ինչպես Թբիլիսիի մյուս հին ու պատմական թաղամասերում` Վակեում, Սաբուրտալոյում ու Սոլոլակում իրականացվածները: Հավլաբարը կարելի էր համարել Թբիլիսիի դեմքը, բայց քանի որ շատ շինություններ անխնամ են, թաղամասը կորցրել է իր գրավիչ տեսքը»:

Մյուս կողմից` քաղաքագետն ասում է, որ Հավլաբարի ոչնչացման ծրագրում կան ակնհայտ քաղաքական դրդապատճառներ: Նա պնդում է, որ Վրաստանում հայերի պատմական ներկայության հետքերի վերացումը սկսվել է վաղուց` 1920 թվականին, երբ ստեղծվեց Խորհրդային Հայաստանը: Հետո այն շարունակվել է Ստալինի իշխանության օրոք, երբ շատ հայեր տեղափոխվեցին Հայաստան, և ավելի ուշ` 1990-ականներին` նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք:

Երևանաբնակ Էդուարդ Եդիկիսելովը մտահոգությամբ է սպասում Հավլաբարի մասին լուրերին Թբիլիսիից: 2001-ին նա Երևանում հիմնել է «Թբիլիսահայերի միություն»` վրացահայերի մշակույթն ու ավանդույթները պահպանելու նպատակով:

«Հավլաբարը Թբիլիսիում հայոց պատմության կարևորագույն մասնիկն է: Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ ժամանակին Հավլաբարում կոմպակտ ապրող հայերը կցրվեն, և այլևս ոչ ոք թաղամասը հայկական չի անվանի»:

ԱրմենիաՆաուի էջերում