Ջրային պարեր. հրապարակի շատրվանները վերադառնում են ավելի հեզաճկուն պարերովԱրդեն երկրորդ շաբաթն է, ինչ Երևանի Հանրապետության հրապարակն ամեն երեկո լեփլեցուն է մարդկանցով. երևանցիներն ու զբոսաշրջիկները գալիս են հիանալու շատրվանների պարերով: Երկարաձգված նորոգման աշխատանքներից հետո շատրվանները վերաբացվեցին Հայաստանի Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, որպեսզի հավաքվածները երկու ժամ շարունակ, հայացքները շատրվանի շիթերին հառած, վայելեն ակվա պարերը` եվրոպական ու հայկական դասական ու ժողովրդական երաժշտության ու լուսային էֆեկտների ուղեկցությամբ: Քաղաքապետարանի բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի խոսքերով` ջրի, լույսի և ձայնի այս հիանալի համադրությունը իրականացվում է պատկերասրահի դիմացի ջրավազանում տեղադրված 87 պոմպերի միջոցով: Իսկ ջրավազանի կենտրոնում տեղադրված երկու գլանների ու դրանց վրա գտնվող հատուկ էկրանի միջոցով հնարավոր է դառնում ստանալ «սիրամարգի բացված պոչ» հիշեցնող ջրային էֆեկտը, որի վրա ներկայացվում են տարբեր վիզուալ պատկերներ: Վերանորոգումը համատեղ իրականացրել են հայկական «Գոհար» ու ֆրանսիական «Ակուա Շոու» կազմակերպությունները: Այդ նպատակով քաղաքապետարանը հատկացրել էր 129 մլն դրամ (որն այդ ամիսներին կազմում էր 370.000 դոլար): Ինչպես քաղաքապետարանից են հայտնում` հայկական կողմն ամբողջությամբ փոխել է ջրավազանի սալիկներն ու խողովակների համակարգը` անփոփոխ թողնելով արտաքին տեսքը, իսկ ֆրանսիացիները ներկրել, տեղադրել ու մոնտաժել են գունաձայնային համակարգերը: «Ակուա Շոու» ընկերությունը նույն տեխնոլոգիայով շատրվաններ է կառուցել աշխարհի մի շարք երկրներում, ընդ որում, դրանցից ոչ մեկը մյուսը չի կրկնում: Երևանում այն նախագծվել է հաշվի առնելով Հանրապետության հրապարակի դիմագիծը: Հրապարակի ճարտարապետական անսամբլի անբաժանելի մաս կազմող այս շատրվանային համալիրը` կառուցված ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 1939 թվականին, վերջին անգամ վերանորոգվել էր 21 տարի առաջ: Հին երևանցիներին պարող շատրվանները հիշեցնում են 70-ականները: 1970-ականներին պրոֆեսոր Աբրահամ Աբրահամյանի գլխավորությամբ մի խումբ հայ ինժեներներ հրապարակի ջրավազանի շատրվանները դարձրեցին լուսաերաժշտական, որն այդ ժամանակ միակն էր Խորհրդային Միությանում և համարվում էր լույսի, ջրի և ձայնի համադրության իսկական հրաշք: Այս հրաշքով հմայված Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները 1978 թ. ստեղծագործական կոլեկտիվին շնորհեցին գիտության և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակ: Շատրվանային շոուները կհիացնեն այցելուներին ամեն օր, երեկոյան 9-11-ը, բացի երկուշաբթի օրերից: Տարվա ցուրտ ամիսներին ջրավազանը չի գործի:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.