Մեկնաբանություն. ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ որևէ «այլ անձ» այնքան անհրաժեշտ չեն, որքան Սահմանադրության փոփոխությունը

«Երկրի փրկությունը կախված է մի մարդուց…»,- ասում է Փաշինյանը
Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի խոսքը ինձ տարավ ոչ թե նրա կառավարման ժամանակները, ինչպես շատերին, այլ շատ ավելի մոտ` այս տարվա խորհրդարանական ընտրությունները, «Իմպիչմենտ» դաշինքի ընտրարշավն ու նրա լիդերի քաղաքական հայացքները:

Այդ լիդերը «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն է, որն այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակիցներից է ու նրա առաջադրման գաղափարական քարոզիչը, նրա թերթը դարձել է առաջին նախագահի խոսափողը, նրա հասցեին ասված որևէ քննադատական խոսքի դեմ թերթը վիրավորանքների ու հայհոյանքների նյարդային կրակահերթ է արձակում:

Գարնանը «Իմպիչմենտը» դիմել էր ընտրողներին հայրենասիրական կարգախոսով. «Երկրի փրկությունը կախված է մի մարդուց, և այդ մարդը դու ես»:

Բայց ինչքանո՞վ էր անկեղծ Փաշինյանն իր` մի մարդու գործոնի, յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությամբ երկրում փոփոխություններ անելու կոչի մեջ:

Այս հարցի պատասխանը ես գտա հուլիսի 7-ի նրա խմբագրականում, որտեղ համեմատում է 1995 թ. Սահմանադրությունը և 2005-ի փոփոխությունները. «Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը` հակասահմանադրություն: Որովհետև առաջինը պետության Հիմնական օրենքն էր, երկրորդը` պետականության անկման օրենք: Էս սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհը ուզում է պետությունից վերցնել: Այսինքն` գործադիր իշխանությունը կարող է իրականացնել ոչ միայն պետությունը, ոչ միայն կառավարությունը, այլև, ասենք, Շենգավիթի Ծըգըլը, ինչին լրիվ համապատասխանում է օրվա իրականությունը: Ու եթե չլիներ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածների անփոխարինելիությունը, մենք հիմա կունենայինք բոլորովին ուրիշ վիճակ»:

Հավանաբար, Փաշինյանը նկատի ունի, որ փոփոխություններով Երևանը ունենում է ներկայացուցչական մարմին, գործադիր իշխանություն, իսկ համայնքները ստանում են որոշ ազատություն:

Սա, մի խոսքով, բրգաձև, ուղղահայաց, ամբողջ իշխանությունը բրգի գագաթին նստած մի մարդու պատկանող (նախկինում` թագավոր, հետո` գենսեկ, այժմ` նախագահ կոչվող) համակարգի պաշտպանությունն է, որ հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, սա մի համակարգ է, որտեղ որոշումներ ընդունում ու դրանք գործադրում է մի մարմին:

Ժողովրդավարության դասագրքային սկզբունքներից է կառավարման համակարգի ապակենտրոնացումը:

Փաշինյանի այն տեսակետը, թե երկրի ժողովրդավարական լինելը որոշվում է Սահմանադրության 2-րդ հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», խաբկանք է, քանի որ ամենաբռնապետական երկրներում էլ կհանդիպենք նման հոդված: Սովետի Սահմանադրությամբ էլ էր իշխանությունը ժողովրդին պատկանում, բայց 6-րդ հոդվածով այդ իշխանությունը տրվում էր Կոմկուսին: Արժե հիշել դեռևս պատմություն չդարձած 1995 թ. Սահմանադրությունը` պարզ դարձնելու համար, որ իշխանությունը ոչ թե ժողովրդին է պատկանում, այլ մի մարդու, և այդ մեկը նախագահն էր: Նա է նշանակում դատախազներին, բոլոր ատյանների դատավորներին, նախարարներին, վարչապետին, որն էլ` մարզպետներին և այլն: Նա նաև կարող է արձակել Ազգային ժողովը:

Բրգաձև համակարգն արդեն ձևավորվում էր 91 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն իր իրավական հաստատումը ստացավ 1995-ին: Մինչ այդ դեռևս հնարավոր էր, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվեր ընդդիմադիր գործիչ. այդպես 1991 թվին Աշտարակի քաղաքապետ (գործկոմի նախագահ) ընտրվեց դաշնակցական Հովհաննես Սուքիասյանը, սակայն արդեն ձևավորվող բուրգը չէր կարող հանդուրժել իշխանության մեջ օտար մարմին, և 1992-ին նրան սպանեցին: Միայն իշխանափոխությունից հետո բացահայտվեց հանցագործությունը, և 2000-ին կատարողները դատապարտվեցին:

Թեև 2005 թ. փոփոխություններով որոշ չափով ժողովրդավարացել է Սահմանադրությունը, մի մարդուց կախված իշխանությունը` մի փոքր տրոհվել, լիազորությունները որոշ չափով բաժանվել են նախագահի և ԱԺ-ի մեջ, սակայն թե ինչպես կգործեն այս փոփոխությունները, դեռևս դժվար է ասել, մանավանդ որ ԱԺ վերջին ընտրություններն անցան նախկին Սահմանադրության սցենարով, իսկ ընտրական համակարգը մնացել է ուղղահայաց: Իհարկե, բուրգը ձեռնտու է նրա վրա նստածին, և այս փոփոխությունները ոչ թե իշխանության կամքի, այլ Եվրախորհրդի ճնշման արդյունք էին:

Բայց իշխանության տրոհումը եղավ բուրգի վերին մասում, այն թույլ տարածվեց տարածքներ, միայն Երևանի բախտը բերեց: Տեղական ինքնակառավարման ոլորտում կոսմետիկ փոփոխություններով ընտրված համայնքապետին ոչ թե կառավարությունը մարզպետի միջնորդությամբ կարող է պաշտոնանկ անել, ինչպես նախկինում, այլ` ՍԴ եզրակացության հիման վրա: Այսուհանդերձ, տեղական մարմիններն ազատություն չստացան, նրանք կախված են նշանակովի մարզպետներից:

Ինչպես քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է կարծում, իրական ժողովրդավարության համար անհրաժեշտ են ավելի արմատական փոփոխություններ Սահմանադրության մեջ, առաջին հերթին` մարզերը պետք է դառնան ինքնակառավարվող, ունենան ներկայացուցչական մարմիններ, բյուջե, մարզպետներն ընտրովի դառնան, այսինքն` գործադիր մարմինները շատանան:

«11 մարզերը 11 տոտալիտար տարածքներ են, և նշանակված մարզպետը, որ կառավարությունից մարզին տրված փողի կրողն է ու «զոն նայողը», ինչ ասես կարող է անել համայնքապետի գլխին»:

Հետևաբար, որևէ «Ծըգըլ», առանց իշխանության «դաբրոյի», չի կարող «ընտրվել» համայնքապետ ու «գործադիր իշխանություն իրականացնել»: Նրանք բոլորը իշխանության կուսակցություններից են կամ իշխանության տանիք ունեցողներ:

1995-ի Սահմանադրությունը, մենաշնորհացնելով ամբողջ իշխանությունը (օրենսդիր, գործադիր, դատական, տարածքային կառավարում), իր հետ բերեց մենաշնորհ այլ ոլորտներում` տնտեսության, կրոնի, լրատվության, մշակույթի, և վերացավ զարգացման գլխավոր խթանը` մրցակցությունը: Այս իրավիճակում, երբ հասարակական շարժումը որևէ դեր չի կարողանում ունենալ որոշումներ ընդունելու վրա, վերածվում է իշխանության` Սահմանադրության պրոյեկցիայի, հասարակական կազմակերպությունները` պետության մինի-մոդելների, նույնատիպ կենտրոնացված համակարգով, որին մնում է միայն դրամաշնորհային ծրագրերով փող աշխատել հասարակական գործունեության անվան տակ:

Ուրեմն, 1995 թ. Սահմանադրությամբ ստեղծվեց մի ամբողջական ուղղահայաց հակաժողովրդավարական համակարգ, որի ճարտարապետը Տեր-Պետրոսյանն էր: Քանի որ երկիրը պատկանում էր մի մարդու և ոչ թե ամբողջ ժողովրդին, հետևաբար, մեկ ուրիշն այդ մի մարդուց կարող էր վերցնել այն, որն էլ եղավ 1998 թ. հեղաշրջմամբ:

Իհարկե, մարդիկ փոխվելու հատկություն ունեն, և կարելի էր ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը վերանայել է պետության կառուցվածքի մասին իր հայացքները, սակայն նա իր ելույթում չքննադատեց իր ստեղծած համակարգը և միայն խոսեց իր ռեժիմի ձեռքբերումներից: Իսկ նրա գաղափարական խոսափող «Հայկական ժամանակը» 1995-ի Սահմանադրության պաշտպանությամբ ցույց է տալիս, որ նախկին թիմը ոչ միայն գաղափարական փոփոխություն չի կրել, այլև հպարտանում է ու պաշտպանում իր ստեղծած հակաժողովրդավարական համակարգը:

«Իմպիչմենտը» կարծես մարզանք էր Տեր-Պետրոսյանի առաջադրումից առաջ, որի միակ ծրագիրը մարդկանց փոխելն էր` Սերժ Սարգսյանին, Քոչարյանին` Տեր-Պետրոսյանով, և ոչ թե գաղափարական պայքարը: Իսկ եթե անձին անձով պետք է փոխել, ապա սովորական բնակչի համար ի՞նչ կարևոր է, թե մարզպետին ով է նշանակում, կամ դատարանի անարդար վճիռը Տեր-Պետրոսյանի՞ կարգադրությամբ է, թե՞ Քոչարյանի կամ Սարգսյանի:

ԱրմենիաՆաուի էջերում