Սպանվել է ծիծաղելու համար. զինվորի սպանությունը ցույց է տալիս, որ բանակում զինակոչիկներին սպառնացող վտանգները չեն վերացելԱյս տարվա ապրիլի 5-ը Սերգոյանի վերջին երեկոն էր. Ստեփանակերտի 56 հոգանոց ցուցադրական զորամասի հերթապահ մասում ընկերոջ հետ հեռուստացույց էր դիտում, երբ ներս է մտել զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Հենրիխ Գրիգորյանն ու կասկածելով, որ Սերգոյանը իր վրա է ծիծաղում, 15 սմ հեռավորությունից կրակել է զինվորի գլխին: «Բառիս բուն իմաստով գնդակահարել են որդուս, ինչի՞ համար, թշնամի՞ էր»,- իր հարցի պատասխանը 7 ամիս անց էլ սպանված զինվորի հայրը` Ռոբերտ Միրզոյանը, չի ստացել: Ասկերանի շրջանի զինդատախազության իրականացրած նախաքննության արձանագրության մեջ նշված է, որ մեղադրյալ Հենրիխ Գրիգորյանը զինմասից ստանալով «Մակարով» տեսակի ատրճանակ` դուրս է եկել ստուգման: Վերադառնալով հերթապահ մաս` տեսել է, որ Սերգոյանը և մեկ այլ զինվոր հեռուստացույց են նայում ու ծիծաղում: Ներս է մտել, հարցրել Սերգոյանին, թե ինչո՞ւ է հողաթափերով և ոչ թե համազգեստին համապատասխան կոշիկներով: Սերգոյանը պատասխանել է, որ թույլտվություն ունի, քանի որ մի քանի օր առաջ են բութ մատի եղունգը հեռացրել: Այնուհետև մեղադրյալը սկսել է բղավել, թե ինչո՞ւ եք ծիծաղում: Պատասխանել են` հեռուստացույցով զվարճալի ծրագիր է: Լեյտենանտն ասել է` չէ, ինձ վրա եք ծիծաղում, ու Սերգոյանին քաշելով պատի մոտ` կրակել է գլխին` ձախ ականջից ներքև: Տեղի հոսպիտալում չեն կարողացել գնդակը հանել զինվորի ողնուղեղից և ՀՀ ՊՆ հոսպիտալից ավտոմեքենա են պահանջել ու նրան տեղափոխել Երևան: «Բժիշկներն ասացին` ձեր տղան 99 տոկոսով մահացած է, պետք է պայքարենք մեկ տոկոսի համար: Գիշերվա 2-ին սկսեցին վիրահատությունը, ավարտվեց առավոտյան 8-ին, բայց դա էլ չփրկեց»,- ասում է վշտահար հայրը: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Գրիգորյանին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Որդու մահից հետո Միրզոյանների ընտանիքն ապրում է արդարության հույսով, որն այս ամիսների ընթացքում քիչ-քիչ նվազել է: «Հիմա ամեն ինչ անում են, որ մարդասպանի մեղքը մեղմացնեն: Քննությունն այնպես են սարքում, իբր սպանողը հոգեկան հիվանդ է կամ էլ վիրավորանքից դրդված է արել: Մեռածից փող չեն պոկի, իսկ մարդասպանից կարող են փող վերցնել, դա է մեր դատավարության չգրված օրենքը, և ամեն ինչ կանեն, որ շատ չնստի: Համ էլ ղարաբաղցի է, դատն էլ Ղարաբաղում է լինելու»,- զայրանում է Միրզոյանը: Նա կասկածում է նաև տեղազննության հավաստիությանը, քանի որ դեպքի վայրի զննությունը ներկայացվել է էսքիզով, և ոչ թե լուսանկարներով: «Ամբողջ Ստեփանակերտում մի լուսանկարչական սարք չկա՞ր, որ նաև նկարեին»,- ասում է Միրզոյանը` զայրանալով, որ հրամանատարները դեպքից հետո էլ շարունակում են պաշտոնավարել: «Ո՞ւր էին նայում, չէի՞ն ստուգում` ինչ լեյտենանտներ են ընդունում ծառայության ու պետության հաշվին դրանց 150.000 դրամ ($450) աշխատավարձ վճարում: Ես ընդամենը երեք օրվա ընթացքում պարզեցի, որ այդ մարդասպանը զենքը միշտ մատի վրա պտտեցնելով է ման եկել, բա էդ հրամանատար-գեներալները չէի՞ն տեսնում, ինչո՞ւ նրանց էլ պատասխանատվության չեն ենթարկում»: Զայրույթն ու արցունքները խեղդում են որդեկորույս հորը, որն անգամ գումար չունի փաստաբան վարձելու համար, իսկ մարդասպանին պաշտպանելու է Հայաստանի լավագույն ու ամենաթանկ փաստաբաններից մեկը` Ռուբեն Ռշտունին: «Չեմ հավատում արդար դատավճռին: Եթե ես վերահսկող զինդատախազ Ռուբեն Սարգսյանին հարցնում եմ, ախր ո՞նց են ծիծաղելու համար սպանում, նա, շարունակելով ժպտալ, ինձ ասում է` դե, էնպես է ծիծաղել, որ մարդը չի դիմացել, վերցրել` խփել է, ի՞նչ կա այդտեղ զարմանալու, ես էլ ինչ սպասեմ նրանցից»,- անհույս ասում է Միրզոյանը ու պահանջում, որ գոնե դատը տեղափոխեն Հայաստան: Նա տարբեր ատյաններ է դիմել այդ պահանջով, զինդատախազությանը նման խնդրանքով դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, սակայն առայժմ դրական պատասխան չկա: «Միրզոյանն ու նրա ընտանիքի անդամներն ամեն անգամ Ղարաբաղ հասնելու և մնալու հնարավորություն չունեն: Դեռ հայտնի էլ չէ, թե քանի ամիս կձգվի դատավարությունը, նրանց վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ փաստաբան չեն կարող վարձել»,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Օրենքը պահանջում է, որ դատավարությունն ընթանա այնտեղ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բայց սպանվածի հայրը հարցնում է, թե ինչ օրենքով են իր որդուն տարել Ղարաբաղ: «Ի՞նչ օրենք, չկա նման օրենք, իմ երեխան երդում է տվել պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ղարաբաղը: Գիտե՞ք` քանի պաշտոնյայի եմ ասել` ցույց տվեք ինձ էն օրենքը, որով իմ երեխային տարել եք Ղարաբաղ: Ոչ ոք չի կարողացել պատասխանել, քանի որ չկա նման օրենք»,- ասում է Միրզոյանը: ՀՀ բանակում ժամկետային զինծառայողների սպանությունների դեպքերը բավական շատ են: Ըստ Իշխանյանի` ոչ պաշտոնական տվյալներով 2005-ին խաղաղ պայմաններում մահացել է 153 զինծառայող, պաշտոնական տվյալներով` 89-ը: «Ամենասարսափելին այն է, որ մարդասպանների մեծ մասն այսօր ազատության մեջ է,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը: - Հիմնականում դատվում են անմեղ երեխաներ, քանի որ չկա վերահսկողություն, քանի որ հրամանատարները նման սպանություններից հետո պաշտոնանկ արվելու փոխարեն կոչումի բարձրացում են ստանում»:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.