Ինչպես անցկացրի ամառը Հայաստանում. Ամերիկայի հայկական համագումարը հրավիրում է մասնակցելու 2008 թ. ամառային պրակտիկայի ծրագրին

Ամառային ծրագրի մասնակից տասնմեկ երիտասարդ ամերիկահայեր Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ
«Հայաստանում ես ինձ զգացի ինչպես տանը: Այստեղ ես լսում եմ և ուզում եմ վերադառնալ իմ ընտանիքի պատմություններին: Ես սկսեցի սիրել այս երկիրը` ինքս էլ չհասկանալով, թե ինչու: Սկզբում ես սիրում էի առանց տեսնելու ու առանց պատճառի: Որովհետև սիրում էի, սիրում էի իմ ընտանիքը, սիրում էի իմ պատմությունը, սիրում էի իմ հայկականությունը,- գրում է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) «Դեպի Հայք» 2007 թ. ամառային ծրագրի մասնակից Դիանա Քաչոյան-Շանզը: - Հայաստանում ես ճամփորդում էի` որոնելով իմ ինքնությունը: Ու գտա բարեկամներ, գտա ծիծաղ: Ու արտասվեցի, երբ տեսա Արարատ լեռը: Իմ Արարատը: Ու տեսա այն գյուղերը, որտեղ ապրել են իմ տատի տատն ու պապը, ու լողացի կապուտակ Սևանում: Ու տեսա ինձ գետերում, երկնքում, մարդկանց մեջ: Ու սիրահարվեցի»:

Դիանան մեկն էր այն տասնմեկ երիտասարդ ամերիկահայերից, որոնք այս ամառ այցելել էին Հայաստան ԱՀՀ-ի «Ամառային պրակտիկա» ծրագրով, որը, կազմակերպիչների հավաստմամբ, կոչված է ծանոթացնելու ուսանողներին իրենց նախնիների հայրենիքին և զարգացնել հաջորդ սերնդի առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ հմտություններ: (Այս տարվա խմբում ընդգրկված Սառա Լոուրենսի քոլեջի գրականության բաժնի ուսանողուհի Դիանա Քաչոյան-Շանզն իր պրակտիկան անցկացրել է «ԱրմենիաՆաու» շաբաթաթերթում. Դիանայի էսսեն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:)

«Ամառային պրակտիկա Հայաստանում» ծրագիրը հիմնվել է 1999 թվականին, որպեսզի հնարավորություն ընձեռի ամերիկահայերին այցելելու իրենց նախնիների հայրենիքն ու միաժամանակ որպես կամավոր օգնելու տեղացիներին: Մասնակիցները պրակտիկա են անցել նախարարություններում, լրատվամիջոցներում, բժշկական կենտրոններում ու հասարակական կազմակերպություններում:

ԱՀՀ-ի հավաստմամբ` հունիսի կեսից մինչև օգոստոսի կեսը տևող ծրագիրը երիտասարդներին իրենց հասակակիցների հետ ինչպես մասնագիտական, այնպես էլ սոցիալական շփման բացառիկ հնարավորություն է ընձեռում:

«Այս տարվա իմ այցը Հայաստան ուրիշ էր: Անցյալ տարվա կարճ` երեքշաբաթյա այցի իդեալիստական տեսլականս փոխարինվեց լավատեսության ավելի իրատեսական զգացումով,- գրում է Քրիստիան Կարպիս Օհանյանը, որը 2006-ին աշխատել է «Հաբիտատ. Հայաստան» ծրագրում: - Հայաստան վերադառնալիս գիտեի, որ այս ամառն ուրիշ է լինելու: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ պրակտիկաս պիտի անցներ մի ՀԿ-ում, որը զբաղվում է Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցով: Պրակտիկայիս շնորհիվ ձեռք բերեցի ավելի խորը, թեև ոչ սպառիչ գիտելիքներ հայաստանյան կյանքի որոշ կողմերի մասին»: (Քրիստիանի էսսեն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:)

Սակայն ծրագիրն ավելի շատ հուզական շփման մասին է` աշխարհով մեկ սփռված ժողովրդի տարբեր հատվածների միջև, որոնք հաճախ նույնիսկ նույն լեզվով չեն խոսում…

«Ձևացնում եմ, թե քնում եմ: Գլուխս հանգչում է հսկայական բարձի վրա: Կոպերս փակվել են` օգնելով ուղեղիս ընկղմվելու քնի ռեժիմ: Սակայն կոկորդս անդադար դուրս է ժայթքում հազի հանպատրաստի մի սիմֆոնիա, որ լսվում է ամբողջ Երևանով մեկ: Բայց մի՞թե ինձնից բացի որևէ մեկը լսում է այն: Իսկ եթե լսում են, արդյոք նրանց պե՞տքն է, որ ես` ինչ-որ նյույորքցի տղա, մրսել եմ: Լքվածության ու օտարության զգացումը սկսում է պատել ինձ: Հարյուրավոր մղոններով հեռու եմ իմ ընտանիքից, իմ ամերիկյան դեղերից ու ամերիկյան բժիշկներից,- գրում է ծրագրի մեկ այլ մասնակից` Հայկ Խրլոպյանը: - Իմ մենակությունը վերջանում է, երբ սենյակս է մտնում հյուրընկալող մայրիկս` հարազատ մորս նման անհանգստացած: Հարցնում է` հիվանդացե՞լ ես: Պատասխանում եմ հայերենի ու անգլերենի տարօրինակ համադրությամբ, որ նա, հույս ունեմ, կկարողանա հասկանալ. «Այո, հիվանդ, հազի դեղ ունենա՞լ»: Հյուրընկալող մայրիկս ու ես հաղորդակցվելու շատ հետաքրքիր ձև ենք գտել, քանի որ ես առանձնապես հայերեն չեմ խոսում, իսկ նա առանձնապես անգլերեն չի խոսում»: (Հայկի էսսեն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:)

Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալու նախնիների հինավուրց երկրի այսօրվա կյանքին…

«Արթնացա ժամը 7:15-ի մոտ: Ջուրը տվել էին մի 15 րոպե առաջ (մենք ջուր ենք ունենում միայն առավոտյան 7-10-ը և երեկոյան 6-9-ը): Լվացքս` մի քանի ներքնազգեստ ու շապիկ, խցկեցի լվացքի մեքենա: Քայլ 1-ին. Վերցրի լվացքի փոշին, մի քիչ լցրի լվացքի մեքենայի քիչ թե շատ նորմալ տեսք ունեցող տուփիկը: Քայլ 2-րդ. Լվացքիս գործը սահուն առաջ էր գնում, բայց երբ նայեցի կոճակներին` պատրաստ բացելու հայերենի բառարանս ու խիզախորեն թարգմանելու հայերենից, պարզվեց, որ տառերը ռուսերեն են: Ես այստեղ ռուսերեն սովորելու համար չեմ եկել: Բարեբախտաբար, սենյակիս հարևանը խոսում է ռուսերեն, սակայն, դժբախտաբար, նա քնած է: Ստիպված պետք է գլուխ հանեմ իմ լեզվական գիտելիքներով, նահանջի տեղ չկա: Իմ համեստ խոհանոցում` մրգի զամբյուղի ու շարժական գազօջախի կողքին, ես ստիպված էի առաջամարտիկի նման նոր ուղիներ հարթել: Փորձեցի մի քանի կոճակ ու կգործի գցեցի մեքենան»,- գրում է Սամանթա Կիրկոստասը: (Սամանթայի էսսեն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:)

Ներկայումս ԱՀՀ-ն մասնակիցներ է հավաքում հաջորդ ամառվա ծրագրի համար: Կարող են դիմել բարձր կուրսերի հայկական ծագում ունեցող ուսանողները:

Լրացուցիչ տեղեկությունների կամ դիմելու համար այցելեք Ամերիկայի հայկական համագումարի կայքը` www.aaainc.org:

ԱՀՀ-ի մեկ այլ ծրագիր` Թերջենյան-Թոմաս ծրագիրը, հնարավորություն է տալիս հայկական ծագումով ուսանողներին ամռանը ութ շաբաթ ապրել ու աշխատել Վաշինգտոնում: Ծրագիրը ներառում է պրակտիկա, դասախոսություններ ու սոցիալական գործունեություն: Նոյեմբերին իր 30-ամյակը տոնող ծրագրին մասնակցել է, ընդհանուր առմամբ, հայկական ծագում ունեցող մոտ 800 ուսանող ԱՄՆ-ից և այլ երկրներից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերոհիշյալ հասցեով:

ԱրմենիաՆաուի էջերում