Էսսե. վետերան լրագրողի տեսակետն «ընտրության» մասինԵս հրապարակում կանգնածներից չէի և կարդացի ելույթը թերթում, բայց ասածն ինձ էլ էր վերաբերում: Իմ դեմ էլ ինչ-որ թղթապանակ կլինի, բայց ոչ թե հիմա կազմված, այլ շատ ավելի վաղ` Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: 1997 թվականին փորձեցի ստեղծել մի հասարակական կազմակերպություն: Ինձ մերժեցին, որովհետև, ինչպես տեղեկացա, Ազգային անվտանգության ծառայությունը (ԿԳԲ-ն) ինձ «անցանկալի անձ» էր պիտակել Տեր-Պետրոսյանի վարչախմբին ընդդիմադիր հոդվածներիս համար: Այն ժամանակ ընդդիմադիր թերթում աշխատելը վտանգավոր էր. իմ գործընկեր լրագրողներին ծեծում էին, իսկ թերթերի խմբագրությունները ենթարկվում էին իշխանությունների հարձակումներին: Մեր շենքի շքամուտքը մութ էր, ու ամեն անգամ գիշերով վերադառնալիս տագնապ կար մեջս` թե հեսա գլխիս կխփեն: 1996 թվականի սեպտեմբերի 22-ի ընտրությունների արդյունքների կեղծիքների դեմ բողոքի ալիք բարձրացավ: Նախագահ էր հռչակվել Տեր-Պետրոսյանը, իսկ ընդդիմությունը պնդում էր, որ ընտրվել է Վազգեն Մանուկյանը, և պահանջում էր բացել քվեարկությունների արձանագրությունները: Մեր «Այժմ» թերթն ու ՍԻՄ-ի «Իրավունքը» երկու շաբաթ չտպվեցին. իրավապահներն ավերել ու փակել էին երկու խմբագրություններն էլ: Ալիքի բարձրակետը 25-ին էր: Որոշվեց ներխուժել Ազգային ժողով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ԱԺ-ում էր: Սկսեցին ցնցել ճաղերն ու, ի վերջո, ջարդեցին: Ամբոխը ներս խուժեց: Ես էլ մտա, բարձրացա ուղիղ ԿԸՀ: Բայց ամբոխի հիմնական թիրախն իշխանություններն էին, մարդիկ գտել էին ԱԺ նախագահին ու փոխնախագահին ու արյունլվա արել: Հանկարծ լսվեցին կրակոցներ: Ժողովուրդը նոսրացավ, շուրջս էլ ցուցարար չկար: Կենտրոնական մուտքի մոտ մի ոստիկան հարցրեց` դու ո՞վ ես: Հանեցի լրագրողի վկայականը, նա մահակն իջեցրեց գլխիս, բայց ես տակից պլստացի` չկպավ, ու արագ փախա: Գիշերը, խոհեմաբար, տանը չքնեցի, բայց հաջորդ օրը հիմարաբար իջա քաղաք. տանկեր ու փողոցները շղթայած զինվորներ: Գրողների միության մոտ մի ընկերոջ տեսա, ասաց` հո չե՞ս գժվել, արա, ո՞ւր ես էկել, քեզ են ման գալիս, փախի: Հիմա նա Փարիզում է ապրում, զանգել-հարցնում էր` էդ հնարավո՞ր ա, որ Լևոնը վերադառնա: 1996-ի այդ լարված օրերին իմացա, որ հետախուզման մեջ եմ: Հետախուզվողների անուններն օդանավակայանում էին, որ չթողնեն-փախչեն, անունս` ցուցակի մեջ: Երկու բնակարան փոխեցի, որ հետքս կորցնեմ: Ոստիկանները գնացել էին մեր տունը խուզարկելու, մայրս լուսամուտից կանչել էր հարևաններին, որ գան` չթողնեն խուզարկել: Հարևանները տուն էին լցվել: Ինձ փնտրել էին նաև նախկին կնոջս տանը: Աներս ասել էր` էդ մարդը բաժանված է, մեզ հետ կապ չունի: Մեկն առաջարկեց Իրանով փախցնել, համաձայնել էի: Երկու շաբաթից բռնությունները դադարեցին. ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը հեռուստատեսությամբ ասաց, որ պետք է դադարեցվի այս թշնամանքը: Ես հասկացա, որ ամեն ինչ վերջացել է, կրքերը հանդարտվել էին: Ես փրկվել էի, իսկ բռնել էին հարյուրներով: Ինձ նման նրանք էլ հիշողություններ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակներից: Պատգամավոր Դավիթ Վարդանյանի ոտքերն ու ձեռքերը կապած ծեծել էին: Ծեծողների մեջ էր եղել ոստիկանության պաշտոնյա Մուշեղ Սաղաթելյանը, որին Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացնում է որպես այս իշխանությունների կողմից ճնշված: Ճիշտ է, Սաղաթելյանին հեռացրին աշխատանքից, դատեցին ու նստացրին: Դասընկերս` Հովիկը, քաղաքականության հետ կապ չուներ, ծրագրավորող էր, բայց նա էլ անցավ 96-ի բռնություններով: Տեսնես` հիմա որտե՞ղ կլինի: Լևոնի ելույթը հիշեցրեց Հովիկին: Պարզվեց` ԱՄՆ-ում է, նրա mail-ը գտա, նամակ գրեցի, թե ի՞նչ էր եղել նրան 96-ին: Պատասխանեց. «Խոսակցություններ կային, որ ընդդիմության բոլոր առաջնորդներին բռնել են, ես աշխատում էի «Արմիմպեքս» բանկում, ԱԻՄ-ի գրասենյակը կողքն էր, ասի` մի հատ մտնեմ, մի բան իմանամ: Մի քանի զինվոր «Կալաշնիկով» ավտոմատով մուտքի մոտ կանգնած էին: Նրանք ինձ առանց պրոբլեմի ներս թողեցին: Բոլորին ներս էին թողնում, բայց ոչ մեկին դուրս չէին թողնում: Այնտեղ կային ԱԻՄ-ի մի տասնհինգ անդամ: Պատգամավոր Արամազդ Զաքարյանն ասում էր. «Դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ»: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, «Կալաշնիկովով» քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց «Կալաշնիկովով» ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ վարչություն): Մենք կարծես վտանգավոր հանցագործ լինեինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի. «Մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ հետ անասունի պես են վարվում ու ծեծում են, ինչի՞ համար: Նրանք մեզ տարան դատարան ու մոտ վեց ժամ պահեցին: Այնտեղ շատ բանտարկված տղամարդիկ կային: Մի ծեր մարդ կար, որին շատ ուժեղ ծեծել էին: Հետո դատավորը կարդաց դատավճիռը ու մեզ տարան բանտ: Ես մնացի էնտեղ տասը օր: Մի քանի օր մերոնք չգիտեին` որտե՞ղ եմ: Էս դեպքերից մի քանի շաբաթ անց մեկնեցի ԱՄՆ: Սիրտս կոտրվել էր»: Այդ անհանգիստ օրերի շատ ծանոթներս հիմա չկան: Ոմանք մեկնել են արտասահման, ոմանք մահացել են: Մնացողներն ականատես եղան, թե ինչպես ներկա վարչակազմը կրկնեց «անկախ» Հայաստանի առաջին իշխանությունների սարսափները, երբ 2004-ին շուրջ 600 ընդդիմադիրներ բանտարկվեցին կեղծ մեղադրանքներով: Ընկերներիս մի մասն էլ հեռացավ դրանից հետո: Ընտրություննե՞ր, ժողովրդավարությո՞ւն, իշխանափոխությո՞ւն: Այդ հարցերը փակվեցին 1995-1996-ին: Ես մոռացել էի անցյալը, ինձ վաղվա օրն էր հետաքրքրում: Ես լրագրող եմ, ուզում եմ, որ անկախ, քաղաքական խմբերից չվերահսկվող մամուլ լինի, մամուլը դառնա բիզնես, ու նորմալ աշխատավարձ ստանաս: Մտածում էի` ի՞նչ ծրագրերով կվերանա ռեժիմը, ու ժողովրդավարություն կհաստատվի, որ ամեն մարդ ազատություն ստանա, ու «դոսիեներ» չլինեն: Տեր-Պետրոսյանի վերադարձն ընկալվում է որպես այլընտրանք: Լևո՞ն, թե՞ Սերժ: Ես ընտրություն չունեմ: Ես հիմա այլ բան եմ մտածում. հանկարծ անցյալը չվերադառնա:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.