Տոհմածառով հմայված. Ծագումնաբանությունը` որպես պատմության հետազոտման մեթոդ«Տոհմածառ ունենալը բնորոշ է հայերիս: Ու նաև պատահական չէ, որ երբ հավաքվում ենք սեղանի շուրջը, չենք մոռանում խմել մեր պապերի կենացը: Կարծում եմ` լավ է, երբ մարդիկ գիտեն իրենց ընտանիքի պատմությունը»,- ասում է նա: Արմենը Աֆրիկյանների հայտնի տոհմից է: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրա նախնիները 1829 թվականին Բայազետից ու Ալաշկերտից գաղթել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Սևանի ափին` հիմնելով Նոր Բայազետ գյուղը: «Մեր նախապապը եղել է Աբրահամը, որն ամուսնացել է Խանումի հետ և ունեցել 10 տղա ու մեկ աղջիկ: Իմ պապերի ճյուղը 1830 թվականին Գավառից տեղափոխվել է Երևան»,- պատմում է Արմենը: Ու դեռևս անցյալ դարի սկզբին Աֆրիկյանները Երևանում մեծ գործեր են կատարել առևտրի ու արդյունաբերության ասպարեզում: Նրանց էին պատկանում ճոթեղենի խանութը, բամբակամամլիչ, գինու և կոնյակի գործարանները: Մեծ է լինում Աֆրիկյանների ներդրումը (բարեգործական հիմունքներով) Երևան քաղաքի ջրմուղի կառուցման գործում: «Աֆրիկյան» ազգանվան հետ կապված Արմենն ասում է, որ 1842 թվականին չափաբերական մատյանում Աբրահամի անունը փոխվել է Ափրիկի: Նրա երեխաները սկսում են գրվել «Ափրիկյանց», իսկ 1870 թվականից`«Աֆրիկյան»: Աֆրիկյաններն ապրել ու գործել են ոչ միայն Հայաստանում, այլև Թիֆլիսում, Բաքվում, սևծովյան քաղաքներում: Ինչպես իրենք են կատակով ասում` Սևանի ափերից հասել են մինչև Աֆրիկայի ափերը: Արմեն Աֆրիկյանը հավատացած է, որ յուրաքանչյուր մարդու մեջ նիրհում է մի գեն, որը հարկավոր է միայն արթնացնել: «Ինձ վրա ազդեցին ընտանիքիս հին լուսանկարները, ու ես սկսեցի զբաղվել ընտանիքիս պատմությամբ, հետաքրքրվել մեր տոհմով: Խորհրդային տարիներին երկար ժամանակ չէր խոսվում մեր ընտանիքի մասին, որովհետև 1922 թվականին իմ պապերին կուլակաթափ էին արել ու նրանց ողջ ունեցվածքը ազգայնացրել»,- պատմում է Արմենը: 2002 թվականին Արմենը սկսում է իրենց ընտանիքի վերաբերյալ փաստաթղթեր հավաքել: Պարզում է, որ Մամիկոնյանների ու Բագրատունիների հետ մեկտեղ Գավառում իշխանի կոչում է ստացել Աֆրիկյանների Գավառի ճյուղից Մաթող աղան: Ռուսաստանում Առաքել աղայի տղան ստացել է ազնվականի կոչում: «Ունենք այդ բոլոր վկայականները: Ու հիմա ես համարում եմ, որ իշխանական ծագում ունեմ»,- ասում է նա: Հավաքված փաստաթղթերի հիման վրա նա կազմել է Աֆրիկյանների տոհմի ընտանեկան ալբոմն ու տոհմածառը: Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել մեկ տարի առաջ Աֆրիկյանների նորաբաց պանդոկում: «Աֆրիկյաններից ինն ընտանիք ցանկություն հայտնեց ունենալ այդ ընտանեկան ալբոմը: Սկսեցի նրանց համար էլ պատրաստել: Հետո հասկացա, որ պարզապես հարկավոր է ստեղծել մի ծառայություն, որը ցանկության դեպքում կարող է օգնել մարդկանց` ճանաչելու սեփական արմատները»,- պատմում է Արմենը: 2006 թվականին ստեղծվում է «Աֆրիկյան ու Բիանջյան գրուպ» ընկերությունը, որը վերականգնում է պատվիրատուների տոհմի, գերդաստանի և ընտանիքի պատմությունը: Որոնողական աշխատանքներ կատարելիս ընկերությունն աշխատում է Երևան քաղաքի ու արտերկրի արխիվներում, տեղեկանքների ձեռք բերման համար դիմում պետական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին: «Ծավալուն աշխատանքներ ենք կատարում տվյալ տոհմի ներկայացուցիչների հետ` հիշողությունների հավաքում, հարցազրույցների սղագրում, նկարահանումներ, ծանոթություն արխիվների հետ»,- բացատրում է Արմենը: Տոհմի ընտանեկան արխիվները կանոնակարգվում են և դասավորվում «Տոհմային գիրք», «Լուսանկարների գիրք», «Փաստաթղթերի գիրք» և «Ընտանեկան մասունքների գիրք» բաժիններում: Աֆրիկյանն ասում է, որ իրենց ծառայությունը թանկ հաճույք է: «Սովորաբար, երբ հարցնում են, թե ի՞նչ արժե, չենք կարողանում պատասխանել: Վերջնական գումարը կախված է տոհմի մեծությունից»,- ասում է նա: Այս տարվա ամենամեծ պատվերը Երևանի կոնյակի գործարանի 130-ամյակին նվիրված գործարանի պատմության ալբոմի ստեղծումն է, որի վրա ծախսվել է 6000-7000 դոլար: «Սկսվում է 1877 թվականից Թաիրյանով, հետո այն գնում է ռուս վաճառական Շուստովը, հետո գործարանը ազգայնացվում է և վերանվանվում «Արարատ» տրեստ, իսկ հիմա արդեն` «Նոյ»: 130 էջանոց ալբոմի աշխատանքը տևեց կես տարի,- ասում է Արմենը: - Այն ամբողջովին արծաթից ու բրոնզից է: Սկսվում է առաջին սեփականատիրոջ` Թաիրյանի տոհմածառով և ավարտվում այսօրվա սեփականատեր Գագիկ Ծառուկյանի տոհմածառով»: Այսօր կազմակերպությունը բարեգործական հիմունքներով աշխատում է նշանավոր դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ընտանեկան արխիվի վրա: Նախատեսում են, որ ալբոմի շնորհանդեսը կլինի փետրվարին, և դրանք կնվիրեն Գյումրու Ֆրունզիկ Մկրտչյանի անվան թանգարանին, դերասանի` Արգենտինայում ապրող թոռնուհուն և ՌԴ կինեմատոգրաֆիայի կոմիտեին: Աֆրիկյանների տոհմածառը զարդարում է Աֆրիկյանների պանդոկի պատերից մեկը: Այստեղ ասես ամբողջանում են հին «էրիվանյան» պատառիկները` պատմական վաղեմություն ունեցող կահ-կարասի, փաստաթղթեր, հին թերթեր ու լուսանկարներ, կենցաղային իրեր: Արմենն ասում է, որ մի մասն իր ընտանիքին է պատկանում, մնացածն էլ ձեռք է բերել տարբեր վայրերից: Նրա պանդոկի մուտքը զարդարում է մի հին փայտե պատշգամբ, որը նա հասցրել է փրկել այն պահին, երբ քանդում էին Երևանի հին կենտրոնը` Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար: «Մարդիկ իրենց իրերը հուսահատ դեն էին նետում: Մենք հավաքում էինք նրանց համար անպետք, իսկ մեզ համար արժեքավոր այդ իրերը»,- ասում է Արմենն ու ցույց տալիս պանդոկի մուտքի մոտ դրված է Տեր-Ավետիքյանների անցյալ դարի մեխանիկական գործարանի թուջե սալիկը: Աֆրիկյանների պանդոկը մի վայր է, որտեղ զգացվում է հին Էրիվանի շունչը: Զգացողություններն այստեղ մի տեսակ ջերմ են ու հարազատ: Ասես` իրար են բախվում անցյալն ու ներկան ու ստիպում, որ յուրաքանչյուրը մի պահ մտածի իր նախնիների մասին:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.