Բնակչության աճի խթանում. Լեռնային Ղարաբաղի բնակիչները ամուսնանալու և երեխա ունենալու լավ հիմքեր ունեն

2006-ին Ղարաբաղում ծնվել է 2000-ից ավելի երեխա
Մազուլյանի ընտանիքը բաղկացած է 13 մարդուց
2007 թ. հոկտեմբերի նախագահական ընտրություններից հետո ձևավորված Լեռնային Ղարաբաղի կառավարությունը գերակայություն է հայտարարել չճանաչված հանրապետության վերաբնակեցումը:

Բնակչության աճը խթանելու նպատակով, որն այժմ կազմում է 137.700 մարդ, երրորդ երեխայի համար կառավարությունը տրամադրում է 500.000 դրամ (մոտ 1650 դոլար) ու նաև բացում ավանդ նույն գումարով: Չորրորդ երեխայի ծնվելու դեպքում այդ գումարը կազմում է 700.000 դրամ (2310 դոլար):

Հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելու պահին Ղարաբաղի բնակչությունը 189.000 մարդ էր (որի 71 տոկոսը հայեր էին):

Երկրի ժողովրդագրական վիճակը մտահոգում է ինչպես իշխանություններին, այնպես էլ բնակչությանը: Երկրի նոր ղեկավարությունը 2008 թ. բյուջեից զգալի միջոցներ է հատկացրել ինչպես մեխանիկական, այնպես էլ բնական աճը խթանելու նպատակով: 49 մլրդ դրամ (162 մլն դոլար) կազմող բյուջեի 63 տոկոսը հատկացվելու է սոցիալական ոլորտին և հիմնականում ծախսվելու է ժողովրդագրական վիճակը բարելավելուն ուղղված ծրագրերի վրա:

Իրականացվում են բնական աճը խթանող մի շարք ծրագրեր երիտասարդ (նորաստեղծ) ընտանիքների համար: Ըստ ԼՂՀ սոցիալական հարցերի նախարար Նարինե Ազատյանի` 2008 թ. բյուջեից 450 մլն դրամ (1,5 մլն դոլար) օգնություն է հատկացվել երիտասարդ ընտանիքներին: Դա նշանակում է, որ 2008-ին 1500 երիտասարդ ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 300.000 դրամ (1000 դոլար):

2006 թ. գրանցվել է 827 ամուսնություն` 2005-ի 751-ի դիմաց:

«Ուզում էինք ամուսնանալ անցյալ ամռանը, բայց ասացին, որ 2008-ին պետությունը 300.000 դրամ է հատկացնելու նորապսակներին,- «ԱրմենիաՆաուին» ասաց ստեփանակերտցի Դավիթ Պետրոսյանը: - Որոշեցինք մի քիչ սպասել: Հարսանիք չենք անելու, այդ գումարը բավական է Կիպրոսի երկու ուղեգրի համար»:

Ըստ բյուջեի նախագծի` կբարձրացվեն նաև երեխաների ու երիտասարդ մայրերի նպաստները: Եթե նախկինում միայն աշխատող մայրերն էին նպաստ ստանում, 2008-ից 115.000 դրամ նպաստ կստանան բոլոր երիտասարդ մայրերը:

Բազմազավակ ընտանիքների համար նախատեսվում են նաև այլ արտոնություններ, մասնավորապես` փոխհատուցում օգտագործված էլեկտրաէներգիայի համար (1200 դրամ` 4 դոլար, յուրաքանչյուր երեխայի համար): Վեց և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար պետությունը տուն է կառուցում:

Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի բնակիչ Մարատ Մազուլյանը 11 երեխա ունի: Ամանորի նախաշեմին նախարար Ազատյանն այցելել է Մարատենց ընտանիքն ու նվերներ բերել: Ինչպես Մարատն է ասում` նվերները շատ տեղին էին. այս անգամ ընտանիքը իսկապես տոնական Նոր տարի անցկացրեց:

Մազուլյանը Վաղազին է տեղափոխվել նույն շրջանի Արախիշ գյուղից` դպրոց չլինելու պատճառով: Ներկայումս հիմնականում մտահոգված է 3 տարի առաջ 700 դոլարով գնած տնով:

«Շատ վատ վիճակում է, ոչ հատակ կա, ոչ առաստաղ,- ասում է նա: - Դիմեցի շրջանի վարչակազմին, նորոգման համար մի քիչ փող տվեցին: Մնացածն ինքս պիտի անեմ: Ամբողջ հույսս մեղվի փեթակներն են: Քիչ-քիչ կընդլայնվեմ, գուցե մի երկու տարուց կարողանամ մեքենա առնել: Առանց մեքենայի անհնար է»,- ասում է Մարատն ու ավելացնում, որ չի պատրաստվում հեռանալ գյուղից:

Բազմազավակ ընտանիքներն օգնություն են ստանում նաև ՀԿ-ներից: Օրինակ` «Մենք» ՀԿ-ն ծրագրեր է իրականացնում Քաշաթաղում: Նոր ծրագիրը կոչվում է «Ապագա», և դրա շրջանակներում շրջանի հյուսիսում գտնվող 30 գյուղերում 200.000-ական դրամ ($660) է հատկացվել առաջին և 250.000-ական ($830)` երկրորդ երեխա ունեցած ընտանիքներին: «Մենք»-ի նախագահ Տիգրան Կյուրեղյանն ասում է, որ ընտանիքներին արդեն տրվել է 900.000 դրամ ($3,000):

Պետությունը նախատեսում է ապահովել բնակչության աճը վերաբնակեցման ծրագրի միջոցով, որն իրականացվում է ամբողջ Ղարաբաղում:

ԼՂՀ միգրացիայի, փախստականների ու վերաբնակիչների վարչության պետ Սերժ Ամիրխանյանն ասում է, որ 2007 թ. վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Ղարաբաղում կառուցվել է 67 տուն և նորոգվել 23-ը: Վերաբնակիչներին տուն գնելու համար հատկացվել է 800 մլն դրամ ($2,667,000): Ղարաբաղ տեղափոխված ուսուցիչների համար երկու տուն է գնվել Ասկերանի ու Շահումյանի շրջաններում:

«2003-ին ստեղծելով միգրացիայի վարչությունը` մենք նպատակ ունեինք ամրապնդելու Ղարաբաղի սահմանամերձ շրջանները: Հակամարտության ընթացքում 500.000-ից ավելի հայեր են հեռացել Ադրբեջանի տարածքից: Նրանցից շատերը հիմնվել են ԱՊՀ երկրներում: Մեր նպատակն էր խթանել այդ մարդկանց վերադարձը Ղարաբաղ, ապահովել նրանց կացարանով ու ֆինանսական միջոցներով: Այսօրվա դրությամբ վերաբնակեցման ծրագրում ընդգրկված է 45 բնակավայր, և ամեն տարի յուրաքանչյուր բնակավայրում պետական միջոցներով տներ են կառուցվում»,- ասում է Ամիրխանյանը:

Նա շեշտեց, որ Քարվաճառում բնակություն հաստատելու հայտ է ներկայացրել 20-30 ընտանիք: Այստեղ ամեն տարի կառուցվում է 8-10 տուն, սակայն կան ենթակառուցվածքային չլուծված հարցեր: Ամիրխանյանի խոսքերով` վերաբնակեցմանը հատկացվող միջոցները անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել: Պետական բյուջեից տարեկան հատկացվում է 1 մլրդ դրամ (մոտ $330.000): Ամիրխանյանի կարծիքով`այդ նպատակով պետք է ներգրավել նաև մասնավոր միջոցներ:

Ընդհանուր կարծիքով` վերաբնակեցման ծրագիրը չափազանց դանդաղ է իրականացվում:

«Վերաբնակեցումը մեր թույլ տեղն է,- ասում է Քաշաթաղից պատգամավոր ընտրված, ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: - Կիսաքանդ տներն աստիճանաբար քայքայվում են, իսկ շինանյութը դուրս են տանում ու վաճառում: Խոսում են ենթակառուցվածքները նորոգելու անհրաժեշտության մասին, բայց նույն շրջաններում ապամոնտաժում են ջրի հին խողովակներն ու վաճառում»:

2006 թվականին Ղարաբաղում ծնվել է 2102 երեխա: Բնական աճը կազմել է 867 մարդ: 2007-ին Ղարաբաղ մշտական բնակության է տեղափոխվել 241 ընտանիք, մեխանիկական աճը կազմել է 445 մարդ:

ԱրմենիաՆաուի էջերում