Ղարաբաղը ոտքի է կանգնում. հնարավո՞ր է արդյոք կայուն տնտեսություն չճանաչված պետության մեջԶինադադարից 13 տարի անց Ղարաբաղում հարաբերական տնտեսական կայունություն է հաստատվել: 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում ավերված շինությունների մեծ մասը վերականգնվել է, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտում, ի տարբերություն Ղարաբաղի այլ բնակավայրերի, պատերազմի հետևանքներն ընդհանրապես չեն երևում: Վերջին մի քանի տարվա ընթացքում բարձրացել են աշխատավարձն ու կենսաթոշակը, կառուցվել են նոր տներ, բացվել են նոր աշխատատեղեր: Սակայն շուրջ 130.000 բնակիչ ունեցող փոքր երկրի համար շատ դժվար է գոյատևել Ադրբեջանի շրջափակման պայմաններում, հատկապես` չճանաչված պետության կարգավիճակում: Մասնագետների հավաստմամբ` եթե հնարավոր լիներ արտասահմանյան ներդրողներին գրավել Ղարաբաղ, ապա տնտեսությունն ավելի դինամիկ կզարգանար նույնիսկ Ադրբեջանի շրջափակման պայմաններում: «Ներդրողները չեն ցանկանում միջոցներ ներդնել Ղարաբաղում, բարձր ռիսկային գոտի է»,- ասում է Արցախի պետական համալսարանի տնտեսական-իրավաբանական ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու Ռուզան Մանգասարյանը: «Բացի այդ, Ղարաբաղի կարգավիճակի անորոշությունը, նրա չճանաչված լինելը մեծ խոչընդոտ է միջազգային կազմակերպությունների ու բանկերի հետ համագործակցության հարցում: Այսօր հանրապետությունում ոչ միայն չեն իրականացվում միջազգային ծրագրեր, այլև անհնար է օգտվել այն ծրագրերից, որոնք Հայաստանում իրականացնում են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկն ու այլ դոնորներ»: Այսօր Ղարաբաղը կապված է արտաքին աշխարհի հետ Ստեփանակերտ-Գորիս միակ ավտոմայրուղով: Ոչ օդային, ոչ երկաթուղային, ոչ էլ այլ հաղորդակցման ուղի 1992 թվականից Ղարաբաղում չկա: Դա զգալիորեն դժվարացնում է երկրի տնտեսական զարգացումը և բարձրացնում է արտահանվող ու ներմուծվող արտադրանքի ինքնարժեքը: Սակայն մասնագետները նաև նշում են, որ Ղարաբաղն ինքը բարեփոխումների կարիք ունի: Նրանք համոզված են, որ իշխանությունների աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպման, ճկուն հարկային ու վարկային քաղաքականության պարագայում կարելի է ապահովել տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր: «Անկատար ու անհավասարակշիռ հարկային համակարգը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսական զարգացման վրա,- ասում է Մանգասարյանը: - Նման պայմաններում ձեռներեցները փորձում են խուսափել հարկերից ամեն հնարավոր եղանակներով: Դա հանգեցնում է «կրկնակի հաշվապահության» ու ստվերային տնտեսության ընդլայնման: Օր չի անցնում առանց նոր օրենքների, նոր ներքին հրահանգների, որոնց մասին ձեռներեցն իմանում է վերջինը, ինչը խոչընդոտում է ձեռներեցների գործարար ակտիվությունը»: Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ Լևոն Հայրիյանը սեփական կարծիք ունի այն մասին, թե ինչպես պետք է մարդիկ գոյատևեն շրջափակման պայմաններում: Հայրիյանն ասում է, որ մարդիկ չեն կարող սպասել, մինչև քաղաքական գործիչները կարգավորեն հակամարտությունը, իսկ իշխանությունները խելք հավաքեն ու սկսեն բարեփոխել սեփական տնտեսական քաղաքականությունը: «Մարդիկ իրենք պետք է փող վաստակելու ու ընտանիք պահելու տարբեր ձևեր գտնեն»,- ասում է Հայրիյանը: «Հետպատերազմյան առաջին տարիներին` 1995-1996 թթ., շատ լուրջ էր հացով ապահովման խնդիրը: Բոլորը սկսեցին ցորեն ցանել: Պետությունն էլ օժանդակեց հողագործներին: Այդ ամենի շնորհիվ Ղարաբաղը կարողացավ ապահովել իրեն ցորենով: Հետո մարդիկ հնարավորություն ստացան ընդլայնելու սեփական գործը: Ու ես որոշեցի խաղողի այգի տնկել: Ճիշտ է, պետք է մի քանի տարի սպասեի առաջին բերքին: Բայց, դե, շտապելու բան չունենք, չէ՞,- ասում է 46-ամյա Հայրիյանը: - Հայրենասիրությունը ամպագոռգոռ խոսքեր չէ: Դա սեփական հողում մարդկանց համար ապրելու ու աշխատելու հնարավորություն ստեղծելն է»: Լավ նշան է, որ տարիներ շարունակ ցորեն ցանող ղարաբաղցիները սկսել են խաղողագործությամբ զբաղվել: Դա նշանակում է, որ մարդիկ պատրաստ են սպասել մի քանի տարի, քանի որ խաղողի այգին բերք է տալիս տնկելուց 5 տարի հետո: Ղարաբաղի կառավարությունը նախատեսում է այս տարի 1,4 միլիարդ դրամ (մոտ 4,6 մլն դոլար) հատկացնել գյուղատնտեսության զարգացմանը: Մի քանի գյուղերում կկառուցվեն վերամշակման արտադրամասեր ու կաթի ընդունման կետեր: Այսօր Ստեփանակերտում ապրում է մոտ 50.000 մարդ: Ամբողջ Ղարաբաղի բնակչությունը, 2004 թ. Մարդահամարի տվյալներով, 137.500 է: 2008 թ. Ղարաբաղի բյուջեն եկամուտների մասով կազմում է 49 մլրդ դրամ (162 մլն դոլար): Դրանից 19,5 միլիարդը (64,5 մլն դոլար) Ղարաբաղը կվաստակի ինքը`հարկեր, տրասֆերտներ, կապիտալի շրջանառություն: Եվս 26,7 մլրդ դրամ (88 մլն դոլար) Ղարաբաղին կտրամադրի Հայաստանը` միջպետական վարկի տեսքով: (Մոտ 10 միլիոն դոլարի դեֆիցիտը կառավարությունը նախատեսում է ծածկել 2007 թվականից մնացած միջոցներով:) Ղարաբաղում կա ընդամենը երեք խոշոր ձեռնարկություն, որոնք էլ հիմնական հարկատուներն են: Դրանք են Դրմբոնի պղնձի վերամշակման կոմբինատը, «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը և «Արցախէներգո» ՓԲԸ-ն: Տեղական արտադրությունը հիմնականում բավարարում է ցորենի ու խաղողի բնակչության կարիքները: Մնացած բոլոր մթերքներն ու լայն սպառման ապրանքները ներմուծվում են: Ուստի բավական շահութաբեր են առևտրի ու սպասարկման ոլորտները: Միջին կենսաթոշակը Ղարաբաղում 2008-ին կբարձրացվի 60 տոկոսով ու կկազմի 23.000 դրամ (75 դոլար), սակայն նույնիսկ այդ պարագայում այն չի հասնի նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին`39.000 դրամ (130 դոլար): Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի նախկին տնօրեն 73-ամյա Արկադի Արզումանյանը չորս զավակ ունի: Նրա որդիներից մեկը զոհվել է պատերազմում: Այժմ նա մյուս որդու հետ ապրում է հարևան Մոխրենես գյուղում, որտեղ որդին ուսուցիչ է: «Ապրում եմ որդուս ընտանիքի հետ: Վատ չենք ապրում, բայց նվազագույն ապրուստ ապահովելու համար մեծ ջանքեր են պահանջվում,- ասում է Արզումանյանը: - Կարծում եմ` երբ Ստեփանակերտը 200.000 բնակիչ ունենա, գյուղերի վիճակը կլավանա. մթերքն իրացնելու շուկա կլինի»: «Մենք բերք ենք տալիս, բայց այն փչանում է բակերում: Չկան վերամշակող ձեռնարկություններ, ընդունման կետեր: Պետությունը պետք է մտածի այդ մասին»,- ավելացնում է նա: Ամուսիններ Օֆելյա Ստեփանյանն ու Աշոտ Բարսեղյանը մանկավարժ են, Ղարաբաղ են տեղափոխվել Երևանից: Երրորդ տարին է` աշխատում են Ղարաբաղի Մարտունու շրջանի Ջիվանի գյուղի դպրոցում: Դա լքված ադրբեջանական գյուղ է, որը, ըստ պետական ծրագրի, բնակեցվում է հայերով: Գյուղը գրեթե լիովին ավերված է, այստեղ տներ են կառուցվում պետական միջոցներով: «Իհարկե, պայմաններն այստեղ նախանձելի չեն, բայց կարելի է հարմարվել: Փոքր ընտանիքին աշխատավարձը հերիքում է: Աստիճանաբար ոտքի ենք կանգնում: Համ էլ սկզբում միշտ դժվար է լինում»,- ասում է Ստեփանյանը:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.