Պայքարի վճռականությու՞ն. ԱԺ-ն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում

Պայքարի վճռականությու՞ն. ԱԺ-ն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը  ղարաբաղյան հարցում


ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»:

Պատգամավորները նոր, առավել հարձակողական քաղաքականության որդեգրումը համարում են ուշացած, բայց անհրաժեշտ:

«Եթե տեղի չունենա կուրսի փոփոխություն, ապա ավելի կամրապնդվենք նահանջողական, պաշպանական դիրքերում»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:

Ազգային ժողովը քննարկում է խոսնակ Տիգրան Թորոսյանի ներկայացրած հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, որը նաև առաջարկում է ստեղծել ղարաբաղյան խնդրով զբաղվող մշտական հանձնաժողով:

Թորոսյանը հայտարարության նախագծի շրջանակում առաջարկում է երեք խնդիր լուծել. ակտիվացնել ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված միջոցառումների իրականացման ջանքերը, քաղաքականությունը դարձնել առավել նախաձեռնողական, ԼՂՀ անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովելուն ուղղված` ձևակերպել Հայաստանի կողմից այդ անվտանգությունն ապահովելու իրավական հիմքերը:

«Այս հայտարարությունը բնավ էլ տագնապի արտահայտություն չէ: Ուղղակի սթափ, ամենօրյա աշխատանքի կոչ է արվում»,- ասում է խոսնակը:

Հայտարարություն անելու և կուրսի փոփոխության որոշումը, սակայն, տեղի ունեցավ մարտի 14-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին» բանաձևի ընդունումից հետո, որին կողմ են քվեարկել 39 երկիր, դեմ` 7-ը, իսկ 100 երկիր ձեռնպահ են մնաց:

Բանաձևը, որը մեկ անգամ ևս Հայաստանին «օկուպանտ» էր անվանում, նախկին արտգործնախարար Օսկանյանը գնահատել էր որպես «ոչ անհրաժեշտ և ժամանակավրեպ», շեշտելով` «Դա նշան է, որ Ադրբեջանը ոչ թե նախահարձակ է, այլ պաշտպանվում է»:

Սակայն հայտարարության նախագծի քննարկումը տեղի է ունենում Ադրբեջանի ձեռնարկած նոր քայլերի ֆոնի վրա: Դեռ նախորդ շաբաթ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության պատգամավոր Մուսա Ղուլիևը խորհրդարանի նիստում հայտարարել էր, թե «Իրևանը (ադրբեջաներեն այսպես է հնչում Երևանը) Ադրբեջանի հին քաղաքներից մեկն է, և նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ադրբեջանական հին Իրևան քաղաքը վերադարձնելու անհրաժեշտությունը»:

Ըստ «Թրենդ» լրատվական գործակալության` Ղուլիևը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի ավաններից մեկը պետք է անվանակոչվի «Ենի (Նոր) Իրևան»:

Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովն էլ հայտարարել է, որ խորհրդարանին շուտով ներկայացվելու է «Իրևանը` հին ադրբեջանական քաղաք» ճանաչող հայտարարություն:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը զայրանում է, որ նման հայտարարություններին չի տրվում պատշաճ պատասխան, այնինչ դրանք լուրջ հետևանքներ կարող են ունենալ:
«Մենք շատ հաճախ հեգնում ենք ու արհամարհում նման հայտարարությունները, սակայն, Ադրբեջանում մի սերունդ է աճում, որը վստահ է, թե հայերը գրավել են իրենց հողերը, իրենցն են համարում Երևանը, Գառնին, Սևանը և այլն»,- ասում է Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի պնդումները ակնհայտ են դառնում, երբ կարդում ենք ադրբեջանական էլեկտրոնային մամուլը: Հենց այս շաբաթ day.az-ում հրապարակված հոդվածում, Ադրբեջանի «Մարդասիրական» կուսակցության առաջնորդ Օգթայ Ատախանը ասում է, որ «Այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության» ամբողջ տարածքը, դրա յուրաքանչուր թիզըը բնիկ ադրբեջանական հողեր են»: http://www.day.az/news/politics/115485.html:
Պատգամավոր Արմեն Աշոտյանը շեշտում է, որ այս «պատմական անհեթեթությունը ոչ միայն ներարկվում է ադրբեջանցիների գիտակցության մեջ, այլև ողջ աշխարհում ակտիվորեն քարոզվում»:

«Մենք վատ ենք օգտագործում անգամ ինտերնետի հնարավորությունները` չենք ստեղծում մրցունակ համացանցային պորտալ: Google-ից հայանպաստ երկու ռեսուրս է բերում, իսկ անգլիալեզու չորս ադրբեջանանպաստ ռեսուրս` «Ղարաբաղ» անվան որոնման դեպքում: Մենք զիջում ենք. հայկական ռեսուրսների որոնման համակարգի օպտիմալացում չի կատարվում, դրա համար «Ղարաբաղ» բառը սեղմողը նախ ադրբեջանանպաստ կայքերն է կարդում, սա տեղեկատվության անվտանգության խնդիր է»,- ասում է Աշոտյանը:

Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր կուրսի քննարկման ընթացքում ՀՅԴ անդամները քննադատության ենթարկեցին նախկինում իրականացված քայլերը`անվանելով այդ քաղաքականությունը «անատամ»:

«Այն օրը, երբ Ադրբեջանը սկսեց բարբարոսաբար ջախջախել Ջուղայի հուշարձանները, մենք պիտի դուրս գայինք բանակցային գործընթաց, տեսեք, թե ինչ կկատարվեր: Այդ ժամանակ մեզնից կկառչեին, մեզնից ներողամտություն կհայցեին»,- ասում է նախկին փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը:

Պատգամավորը շեշտում է, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին մեր պատասխանը պետք է լինի ազատագրված տարածքների վերաբնակեցումը պետական լուրջ ծրագրերով:

«Դա չի հաջողվում, քանի որ մեր կողմից անընդհատ խոսվում է տարածքների վերադարձման մասին, այնինչ ոչ մի բանակցության ժամանակ Ադրբեջանը երբևէ չի ասել, թե ինչ է զիջելու, ասում են` պատրաստ են փոխզիջումների, հետոª հայտարարում. եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չվերականգնվի, պատերազմ կսկսենք: Ինչո՞ւ ենք մենք այդքան խոնարհվում» -զարմանում է Հովհաննիսյանը:

Դաշնակցությունն առաջարկում է նաև հայտարարության մեջ ավելացնել մի դրույթ, ըստ որի` Ադրբեջանի հետ պետք է կնքել ուժի կիրառումից փոխադարձաբար հրաժարվելու պայմանագիր:

Բանակցային գործընթացի բացթողումներն է մատնացույց անում նաև նախկին պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` առաջին բացթողումն այն է, որ արտաքին քաղաքականությունը «երբեք նախահարձակ չի եղել»£

«Մենք ավելի շուտ արձագանքել ենք Ադրբեջանի քայլերին£ Դրա հետևանքով ստեղծվել է Ադրբեջանին ձեռնտու մի պատկեր` տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանի տարածքի մի մասը հայկական ուժերի վերահսկողության տակ է, ուրեմն` Հայաստանը ագրեսոր է»,- ասում է Քոչարյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը դեռ սեպտեմբերին էր առաջարկում փոխել մարտավարությունը` ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ, որը քննադատության արժանացավ ու չընդունվեց:

«Եթե դեռ այն ժամանակ ընդունեինք, կկանխեինք ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը,-ասում է կուսակցության քաղխորհրդի քարտուղար Վարդան Խաչատրյանը` նշելով, որ լավ է ուշ, քան երբեք:


ԱրմենիաՆաուի էջերում