Արվեստը քաղաքում. Նոր արձանախումբը Գյումրու հրապարակը կդարձնի դիտարժան

Արվեստը քաղաքում. Նոր արձանախումբը Գյումրու հրապարակը կդարձնի դիտարժան


Գյումրու կենտրոնական հրապարակի բարեկարգմանը կհատկացվի 100 մլն դրամ

«Վարդանանք» արձանախումբը «կհսկի» Հայաստանի հնագույն քաղաքներից մեկի հրապարակը
Գյումրու կենտրոնական հրապարակը շուտով նոր տեսք կստանա` արձաններով, շատրվաններով և խաղահրապարակով:

Քաղաքապետարանը 100 մլն (333.000 $) դրամ է հատկացրել այս նախագծի համար, որը պետք է ավարտվի սեպտեմբերին:

Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի «Վարդանանք» արձանախումբը հրապարակի հետաքրքիր բաղադրիչներից մեկը կլինի: Արտուշ Պապոյանն միակ քանդակագործն էր, ով նախանշված ժամկետում Գյումրու քաղաքապետին և քաղաքաշինության խորհրդուրդ ներկայացրեց արձանի նախագիծ, որն էլ արժանացավ նրանց հավանությանը:

Ամբողջովին բրոնզաձույլ արձանը լինելու է բազմաֆիգուր և, ըստ Պապոյանի` յուրօրինակ:

«Վերևում Վարդան Մամիկոնյանն է` մոտ 5.5 մետր բարձրությամբ պատվանդանի վրա` ամպերի մեջ, մի ձեռքին խաչ և դրոշ, մյուսին` թուր: Սա ոգեկոչող Վարդանն է,- ասում է Պապոյանը:

Մյուս պատվանդանի վրա այդ շրջանի հայոց կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին է, Ղևոնդ Երեցը, Վարդանի մայրը և Կամսարականը: Սա իմ վեցերորդ մոնումենտալ գործն է, բայց որպես բազմաֆիգուր քանդակ` առաջինը»:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանն ասում է, որ կենտրոնական հրապարակի մեջտեղում կլինի 3-4 քարատեսակներով և համապատասխան գունային լուծումներով քարե գորգ 3600 քառակուսի մետրի վրա` համահունչ հրապարակի դիմագծին: Միաժամանակ կփոխվի նաև հրապարակի շատրվանների աշխատանքը. նոր շատրվաններն աշխատելու են 6 տարբեր ձևերով:

«Դեռ չի երևում` ինչ տեսք է ունենալու հրապարակը, բայց ինձ այս գաղափարը դուր է գալիս, շուրջը շենքերի կառուցումն էլ որ ավարտվի, կարգին հրապարակ կլինի: Միայն թե 1-2 տարի հետո այդ գունավոր քարերը չպոկվեն»,- ասում է Գյումրու բնակիչ Աշոտ Մանուկյանը:

Գյումրու կենտրոնական հրապարակում վերջին 20 տարվա ընթացքում հիմնանորոգում երբևէ չի եղել: Մասնակի փոսային նորոգումներ իրականացվում են ամեն տարի` հաշվի առնելով այն փաստը, որ հրապարակի տակ անցնում են քահրիզներ (ստորգետնյա ջրատար ուղիներ): Լիլիթ Աղեկյանի հավաստմամբ, հրապարակի այն հատվածում, որտեղ կառուցվում է քարե գորգը, այլ ջրագծեր և կոյուղագծեր, բացի քահրիզներից, չեն անցնում:

Հրապարակի բարեկարգման աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել մինչև սեպտեմբեր` քաղաքի օրվա տոնակատարությունների մեկնարկը: «Վարդանանք» արձանախմբի տեղադրումից հետո Գյումրու կենտրոնական հրապարակը կանվանակոչվի Վարդանանց հրապարակ:

Մինչ այդ, հրապարակում գտնվող Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքը շահագործման դեռ չի հանձնվել:



ԱրմենիաՆաուի էջերում