Հակամարտություն մարդու և կենդանիների միջև. Հայաստանի կենդանական աշխարհը վտանգված է

Հակամարտություն մարդու և կենդանիների միջև. Հայաստանի կենդանական աշխարհը վտանգված է


ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալներով`
Հայաստանի բնաշխարհի կենդանիների մոտ 60 տոկոսը վտանգված է:

«Կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական վտանգները ուղղակիորեն կամ միջնորդավորված կապված են մարդածին ազդեցության հետ: Հիմնական վտանգող պրոցեսներն են`բնական միջավայրի կորուստը և փոփոխությունը, կենսառեսուրսների գերօգտագործումը, աղտոտումը և այլն: Բոլոր այս վտանգները նվազեցնում են կենդանիների և բույսերի պոպուլյացիաները, ինչպես նաև առաջացնում են տեսակների կորուստ, լանդշաֆտների և էկոհամակարգերի դեգրադացիա»,- վկայում է բնապահպանության նախարարության (ԲՆ) տարեկան զեկույցը:

Հայաստանի բարձրակարգ բույսերի 387 և ողնաշարավոր կենդանիների 99 տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ միջազգային Կարմիր գրքում` համապատասխանաբար, 1 և 28 տեսակներ: (Հնարավոր է` Հայաստանում առկա մի կենդանատեսակ վերանա, բայց աշխարհի մյուս երկրներում դրանից մեծ քանակությամբ լինի, և հակառակը: Դրանով էլ բացատրվում է թվերի տարբերությունը:)

Մոխրաայտ սուզակը լրիվ վերացել է, լրիվ վերացման եզրին է հովազը, ինչ-որ չափով` մուֆլոնն ու բեզոարյան այծը, գորշ արջը, լեռնային հնդկահավը, ցախաքլորը, գառնանգղը, տափաստանային արծիվը, ֆլամինգոն, սև արագիլը, անտառային կատուն և այլն:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Մհեր Շարոյանի տվյալների համաձայն` «Կենդանաբանական մանրազնին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 2-3 տասնամյակում մարդու գործունեության հետևանքով մեր բնաշխարհից իսպառ վերացել կամ անհետացման եզրին են գտնվում մոտ 40 տեսակի կաթնասուններ, թռչուններ, սողուններ ու ձկներ»:

Սակայն ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի հավաստմամբ` կենդանիների հաշվառում վերջին անգամ կատարվել է ԽՍՀՄ տարիներին: Իսկ 1991 թվականից հետո միայն ձկան պաշարների հաշվառում է կատարվել ԳԱԱ-ի կողմից, որի արդյունքներից էլ օգտվում է ԲՆ-ը:

«Մոտ 30 տարի է` Հայաստանում կենդանական աշխարհի հաշվառում չի կատարվել, հետևաբար համեմատություններ անել և մոտավոր պատկեր տալ անգամ հնարավոր չէ, այսօր սա բաց դաշտ է»,- ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար Հասմիկ Խաչատրյանի խոսքերով` կենդանատեսակների վերացումը բնական պրոցես է, բայց հիմնականում մարդածին գործոնները և էկոպրոցեսներն են հանգեցնում դրան:

«Իմ կարծիքով` որսագողությունն այնքան վնաս չի կարող պատճառել, որքան էկոխնդիրները. մի կողմից` գործարանների արտանետումները, մյուս կողմից` անտառահատումներն ու գյուղատնտեսության մեջ օգտագործվող թույները կենդանիներին կանգնեցնում են վերացման եզրին»,- բացատրում է Խաչատրյանը:

Թեև կենդանիների վրա թունաքիմիկատների ազդեցության մասին հետազոտություններ չեն անցկացվել, կարծիք կա, որ գյուղատնտեսության մեջ դրանց կիրառման ծավալների մեծացումը բացասաբար է անդրադառնում կենդանական աշխարհի վրա:

Իսկ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Գեորգի Բոյախչյանի կարծիքով` ամենախոշոր կենդանատեսակները միշտ էլ վտանգի տակ կմնան, քանի որ դրանց բազմացման համար մեծ տարածքներ են պետք, ինչը կրճատվել է: Նրա խոսքերով` տարածքների կրճատման արդյունքում պակասել է նաև կենդանիների կերը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ աշխատակից, անտառագետ Կարեն Աֆրիկյանը ևս փաստում է, որ տարիների անտառահատումների հետևանքով կենդանիների կերը պակասել է, որի պատճառով տարբեր կենդանատեսակներ միգրացիայի են ենթարկվում` հիմնականում հեռանալով Նախիջևան ու Իրան:

Արամ Աղասյանի գնահատմամբ` կենդանատեսակներ կան, որոնց վիճակը վատ չէ, բայց տեսակներ էլ կան, որոնց վիճակն աղետալի է:

«Հիմա անգամ պահեստային հողատարածքներն են սեփականաշնորհում, որի հետևանքով կենդանիների բնակավայրերը վերանում են: Վերջերս ասում են, որ կենդանիները հասնում են մարդկանց բնակավայրեր, բայց իրականում մարդիկ են հասել նրանց բնավայր»,- ասում է Աղասյանը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանն էլ մատնանշում է 90-ականների համատարած և վերջին տասնամյակի արդյունագործական նպատակներով անտառահատումները, որոնք կենդանական աշխարհին ևս ուժգին հարված են հասցրել:


Թռչունները` ուրբանիզացիայի ու որսի թիրախ

Կենդանաբանության թանգարանի վարիչ Մարտին Ադամյանի կարծիքով` մարդկանց կողմից տարածքների իրացման հետևանքով տուժում են հատկապես ջրլող կենդանիները:

«Մարդիկ 1000-1500 հա ջրային մակերեսով տարածքներ են վերցնում` ձկնաբուծության նպատակով, որի հետևանքով վերանում են շատ թռչունների բնադրման վայրերը: Այն տարածքները, որոնք հատկացված են կենդանիներին, հետզհետե կրճատվում են,- ասում է Ադամյանը: - Ուրբանիզացիան անընդհատ իր մեջ է ներառում լանդշաֆտային այն տարածքները, որոնք տվյալ կենդանու բնակավայրն են: Դրան նպաստում է նաև որսագողությունը, հատկապես երբ դա կատարվում է արտոնյալ մարդկանց կողմից»: (Օրինակ` թռչունների բնավորման` Սևանա լճի շրջակա շատ տարածքներ ոչնչացվել են սեփականաշնորհման կամ կառուցապատման պատճառով:)

Ադամյանն ասում է, որ կենդանին շատ դիմացկուն է, ապրում է նույնիսկ նվազագույն պայմաններում, բայց, հնարավոր է` մենք արդեն չենք թողել այդ նվազագույն պայմանները:

Թռչունների վերացման համատեքստում ուշագրավ էր բնապահպանների վերջերս բարձրացրած աղմուկը, ըստ որի` «Արարատ սաֆարի» հայ-իտալական ընկերությունն առանց բնապահպանության նախարարության թույլտվության հարյուրավոր թռչունների որս է կազմակերպում: Աղմուկը թակեց նաև նախարարության դուռը, որից ներս անգամ տեղյակ չէին դրա մասին:

Որսագողությունը` բնության չարիքը

Հակոբ Սանասարյանի խոսքերով`մարդածին գործոնների շարքում առյուծի բաժինը որսագողությանն է: «Որսագողությունը մեր իրականությունում հարուստների և պետական պաշտոնյաների մենաշնորհն է: Հիմնականում արգելված վայրերում որս են անում այն մարդիկ, ովքեր վեր են դասվում օրենքից»,- նշում է Սանասարյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը ևս վկայում է, որ Հայաստանում որսագողությունը հիմնականում կատարվում է ուժային կառույցների ներկայացուցիչների ու զինվորականների կողմից: Այդ են վկայում անտառներում տեղադրված ԲՀՀ-ի տեսախցիկները:

Որսագողերի հիմնական թիրախը արջերն ու խոշոր եղջերավոր կենդանիներն են` մուֆլոնները, քարայծներն ու եղջերուները:

«Մինչև 96-97 թթ. ում ձեռքին զենք կար, կրակում էր, որս անում: Հիմա մասսայական որսը քչացել է, բայց ընտրովին է շատացել. օլիգարխները վերացնում են խոշոր եղջերավորներին և դեռ հպարտանում, թե ում որսը քանի կիլոգրամ է»,- գանգատվում է Սանասարյանը: Նա ասում է, որ ամենամեծ կենդանին սպանելը համեմատելի է նորագույն մոդելի մեքենա ունենալու հետ:

Մարտին Ադամյանն էլ ահազանգում է. «Պարբերաբար լսում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները մտնում են նույնիսկ արգելված տարածքներ, ոմանք ուղղաթիռներով որսում են եղջերուներ: Եվ այդ մարդկանց որևէ մեկը պատժել չի կարող»: (Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ուղղաթիռով որս է անում:)

Բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վանիկ Գրիգորյանը ևս հաստատում է, որ որսագողությունը քչացել է, բայց հիշում է, որ 2006 թ. քարայծ որսալու համար քրգործ հարուցվեց ոմն Եղիազարյանի նկատմամբ: Սակայն տեղացիները, վախենալով նշել իրենց անունները, վկայում են, որ որսորդը եղել է ներկայիս ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կտրականապես հերքում է, որ պաշտոնյաներն ապօրինի որս են կատարում:

«Դա ավելի շատ ասեկոսե է, իրականում այդպես չէ: Մենք ամենախիստ ձևով վերահսկում ենք ցանկացած տիպի որսը և համապատասխան ընթացք ենք տալիս: Մի քանի ամիս առաջ, օրինակ, 3 եղնիկի որսի դեպք հայտնաբերեցինք, և մեր տղերքը ամբողջ գիշեր չարչարվեցին ու բռնեցին: Բռնեցինք, քրեական գործը հարուցեցինք ու հանձնեցինք դատախազություն»,- ասում է Հարությունյանը:

Ապօրինի որսի գոյության մասին վկայում են նաև մարզեր տանող ճանապարհներին գործող ռեստորանները (ինչպիսին է Վայոց ձորում գտնվող «Որսկան» ռեստորանը), որոնց ճաշացանկում կարելի է գտնել արգելված որսատեսակներից ուտեստներ: Կենդանիների նկատմամբ անխնա վերաբերմունքի վկայությունն են նաև որոշ հանգստավայրեր (ինչպիսին է Ծաղկաձորի «Վիարդո» հանգստյան համալիրի բար-ռեստորանը), որոնց սրահները զարդարված են անգամ այնպիսի կենդանիների խրտվիլակներով, որոնք ներառված են Կարմիր գրքում` գորշ արջ, մուֆլոն, բեզոարյան այծ և այլն:

«Ճիշտ ա, վերահսկողություն իրականացվում ա, բայց, դե, գիտենք, որ մարդիկ գաղտնի եղնիկ, վարազ, արջ են խփում, հանձնում ռեստորաններին»,- իր վերջին հարցազրույցում ասել էր Որսորդների և ձկնորսների միության հանգուցյալ նախագահ Սայաթ Դավթյանը:

Արամ Աղասյանը, սակայն, նշում է, որ որսագողության դեպքերը քչացել են. «Եթե նախկինում ամեն տարի պահպանվող տարածքներում 10-15 որսագողության դեպք էինք արձանագրում, այսօր` 1-2: Դրա պատճառներից է 2006-ին ընդունված «Որսորդության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներին հատկացվող բյուջեի մոտ 7-8 անգամ ավելացումը»,- նշում է Աղասյանը:

Ըստ նրա` եթե նախկինում անտառապահները ստանում էին 7-8000 դրամ (22-25$) աշխատավարձ, ապա այսօր` 40-50.000 դրամ (130-160$): Ինչպես նաև բարելավել են վերահսկողության տեխնիկական մեխանիզմները. արգելավայրերն ու արգելոցներն ունեն մեքենա, հեռադիտակ, համապատասխան հագուստ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ևս փաստում է, որ վերջին տարիներին որսագողությունը զգալիորեն պակասել է: «Կենդանական աշխարհում ինչ այսօր ունենք, բնապահպանության նախարարության վարած քաղաքականության արդյունքն է: Մասնավորապես, նախարարությունը համակարգում է բոլոր աշխատանքները, որսագողության խիստ ռեժիմ է սահմանել: Այսօր կարող եք գնալ Վայոց ձոր, մտնել Շատին գյուղ և տեսնել, թե ինչպես են բեզոարյան այծերը շրջում: Սա մեծ հաջողություն է»,- ավելացնում է նա:

Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանի տվյալներով, սակայն, եթե 2000-ին կազմվել է որսականոնների խախտումների ակտերի 14 դեպք, ապա 2006-ին` 93, այսինքն` մոտ 6-7 անգամ ավելացել է:

Մի կողմից` դա նշանակում է, որ օրենքը գործում է, սակայն միաժամանակ ցույց է տալիս, որ դեպքերի թիվն աճում է, քանի որ նախկինում որսը կանոնակարգվում էր այլ օրենքներով:

Կարմիր գրքի հերոսների ճակատագիրը Հայաստանում
Հայկական բնաշխարհի մոտ 500 տեսակի ողնաշարավոր կենդանիներից այսօր վերացման եզրին են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, կովկասյան ընձառյուծը (առաջավորասիական հովազը) և այլն: Շարոյանի տվյալներով` վերջինս էկոշրջանի ամենահազվագյուտ կենդանին է, որից Կովկասի տարածաշրջանում կարելի է հանդիպել ընդամենը 35-40 առանձնյակ:
Բնապահպանները փաստում են, որ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել հովազները, որոնց հազվադեպ կարելի է հանդիպել Վայոց ձորի լեռներում, Մեղրիի լեռնաշղթայում:

«Մուֆլոնն ու բեզոարյան այծը ոչնչացվեցին հիմնականում 1992-95 թվականներին: Պատմում են, որ մինչև 90-ականները Արենիում (Վայոց ձորի մարզի գյուղերից) այնքան շատ էին այդ կենդանիները, որ հոտերով հասնում էին մինչև գյուղ»,-հիշում է Սանասարյանը:

Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի մուֆլոնի և բեզոարյան այծի կարգավիճակի գնահատման ծրագրի ղեկավար Իգոր Խորոզյանի վերջին ուսումնասիրության տվյալներով` Հայկական լեռնաշխարհում մոտավոր հաշվարկներով այսօր կա 2000-2500 բեզոարյան այծ և 200-250 մուֆլոն: Վերջինս էնդեմիկ տեսակ է:
«Քանի որ նախորդ տարիներին հստակ հաշվառում չի կատարվել, հիմա դժվար է ասել` շատացե՞լ են այս կենդանատեսակները, թե՞ ոչ: Բայց կարելի է ենթադրել, որ մինչև 90-ականները զգալիորեն շատ են եղել»,- նշում է Խորոզյանը:

«Այդ կենդանատեսակները հիմնականում գոյատևում են հատուկ պահպանվող տարածքների ու մարզային տեսչությունների միջոցով: Բայց այնքան քիչ են այդ տարածքները, որ անհնար է պատկերացնել այդ կենդանատեսակների առողջ պոպուլյացիան»,- ասում է Կարեն Մանվելյանը:

Խոսրովի պետական արգելոցը Հայաստանի 3 արգելոցներից մեկն է Երևանի ծայրամասերից մեկում գտնվող «Էրեբունի», Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցների հետ: 3 արգելոցները միասին զբաղեցնում են 39.285 հա տարածք, որը կազմում է ՀՀ տարածքի 1,2 տոկոսը:

«Աշխարհում արգելոցները զբաղեցնում են տվյալ երկրի առնվազն 10 տոկոսը, մինչդեռ Հայաստանում այն կազմում է ընդամենը 1-1,5 տոկոս: Իսկ արգելավայրերը, ճիշտ է, զգալիորեն ավելի շատ են, բայց ոչ դրանց կառավարում է կատարվում, ոչ համակարգում. Այսինքն` դրանց` արգելավայր լինելը միայն թղթի վրա է գրանցված»,- նշում է Մանվելյանը, ում ղեկավարած ներկայացուցչությունը փորձում է ուժեղացնել Հայաստանի արգելոցների պահպանման ռեժիմը: (Հարևան երկրներում` Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում, արգելոցները զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 10 տոկոսը:)

Հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը Հայկական լեռնաշխարհում հայտնի են դեռևս վաղնջական ժամանակներից` 4-10.000 տարի առաջ: Դրա վառ ապացույցն են այդ կենդանիների տասնյակ պատկերները, որոնք պահպանվել են Գեղամա լեռների և Ուխտասարի ժայռապատկերներում: Այս կենդանիների կյանքը 10-17 տարի է, քաշը` 60-100 կգ:

«Հայաստանում ոչխարի գենոֆոնդը շատ մաքուր է պահպանված. հիմնական բնավայրը Հայաստանում է, հետևաբար հայաստանյան մուֆլոնը, լինելով ոչխարի թանկարժեք ու կորստյան եզրին կանգնած տեսակներից, մեծ կարևորություն ունի»,-բացատրում է Ադամյանը:

Իսկ բեզոարյան այծը այդպես է կոչվել` շնորհիվ իր ստամոքսում կերի հանքային խտանյութերից առաջացած գնդերի` բեզոարների, որոնք ժամանակին լայնորեն օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ:

«Մուֆլոնը և բեզոարյան այծը եղել և շարունակելու են մնալ Կարմիր գրքում: Արձանագրվել է, որ հովազի վիճակն է փոքր-ինչ բարելավվել: Դա պայմանավորված է նաև մուֆլոնի ու բեզոարյան այծի թվաքանակի մի փոքր ավելացմամբ, քանի որ հովազը սնվում է այդ կենդանատեսակներով»,- նշում է Հասմիկ Խաչատրյանը:

Բեզոարյան այծը և հայկական մուֆլոնը Հայաստանում ապրում են Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասում` Ուրծի, Վայքի, Վարդենիսի լեռներում և Զանգեզուրի լեռնաշղթայի հարավարևելյան հատվածում` հասնելով մինչև Իրան:

Ադամյանը նշում է, որ ստեղծելով Խոսրովի արգելոցը` պետությունն իր հովանու տակ առավ այս կենդանիների պաշտպանությունը Ուրծի հատվածում, ինչը, սակայն, այսօր տնօրինում է որսի բիզնեսով զբաղվող «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը, որը ղեկավարում է Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը: Այդ տարածքը ոչ միայն լավ որսատեղի է, այլև ունի 10-ից ավելի պատմամշակութային հուշարձան ու կոթող:

«Ինձ հասած տվյալներով` «Սաֆարի» ընկերության պահակները հենց նույն որս անողներն են: Ինչպես նաև բերում են վարձու մարդկանց` կենդանիների ու թռչունների որս անելու. այդ 4000 հեկտարը մի ուռուցք է, որը վերացնում է հենց տեղի բնաշխարհը»,- ասում է Սանասարյանը:

Մաթևոսյանը, սակայն, հերքում է շրջանառվող լուրերը` հավաստելով, որ ուժեղ վերահսկողության ներքո բազմացվում են կենդանիները, ու միայն ծեր արու կենդանիների որս է կատարվում, այն էլ` թույլատրված սեզոնին:

«Ոչ ոք իրականում չի կարող ապացուցել, որ, իրոք, կենդանիներին այդ վայրերում բազմացնում են. թող հանգիստ թողնեն կենդանուն, նա ինքն իրեն կբազմանա: Իսկ որսի լավագույն սեզոն գոյություն չունի: Բայց գարնանը հատկապես պետք է բացառել այն, քանի որ դա բազմացման շրջանն է: Ասում են նաև, որ բեղմնավորման համար ոչ ունակ, արու և ծեր կենդանիներին են որսում, բայց ինչպե՞ս է հնարավոր հեռավորության վրա տեսնել այդ մանրամասները ու նոր որոշել` կարելի է որսալ, թե ոչ»,- նշում է Ադամյանը, ով մեղադրում է նաև ԳԱԱ-ին, որը դրական կարծիք է տվել «Սաֆարի ինտերնացիոնալի» գործունեությանը:

ԳԱԱ-ի ներկայացուցիչները ևս փաստում են, որ դրական եզրակացություն տվել են: Սակայն պայմանով, որ կենդանիների լեշը տրամադրվելու է ակադեմիային` ուսումնասիրությունների նպատակով:

«Մեր համաձայնության արդյունքում կնքվեց 3 տարվա պայմանագիր: Բայց մեր համագործակցությունն ընդամենը 1,5 ամիս տևեց. 250.000 դրամ (815 $) տվեցին, 1 բեզոարյան այծի ներքին օրգաններ, ու դրանով վերջացավ»,- ասում է Գեորգի Բոյախչյանը` ավելացնելով, որ եթե թույլտվություն էլ չտրվեր, այդ գործով միշտ էլ զբաղվելու էին:

Խոսրովի արգելոցի փոխտնօրեն Վարանցով Բարսեղյանը նույնպես չի հերքում, որ եզակի շատ կենդանիներ են վերացել, այդ թվում և իրենց արգելոցից: «Եթե նախկինում կենդանիների խմբերը 50-60 հատով էին, հիմա` հազիվ 20: Համատարած որսագողությունը եղավ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին. այդ տարիներին մոտ կիսով չափ վերացան կենդանիները: Ի հետևանք` տասնամյակներ կպահանջվեն, որ կորուստը վերականգնենք, չնայած դա էլ է կասկածելի»,- շարունակում է փոխտնօրենը:

Նրա խոսքերով, սակայն, վերջին տարիներին բնակլիմայական նպաստավոր պայմանների և ճիշտ պահպանության շնորհիվ կենդանատեսակները փոքր-ինչ ավելացել են:

Իրավիճակի գույները խտացրած` կենդանիների ավելացման մասին է վկայում նաև նախարար Հարությունյանը, ում խոսքերով` այսօրվա դրությամբ բեզոարյան այծի, մուֆլոնի հետ կապված լուրջ առաջընթաց ունենք:

«Մենք ունենք արգելոց, որտեղ պահպանվող ռեժիմով կենդանու բազմանալու հնարավորություն է ստեղծվում: Ինչպես նաև այս կենդանիները միգրացիոն կենդանիներ են, որոնց եթե չես որսում, գալիս և գնում են: Մենք ֆիքսել էինք նաև վարազ, ինչը ապացուցեց, որ նման կենդանիների միգրացիոն ռեժիմը ապահովված է: Խնդիրն այն է, որ ապահովվի այս կենդանիների բնականոն կյանքը»,- ասում է Հարությունյանը:

Եվ մինչ նախարարը փորձում է հպարտանալ ձեռք բերված արդյունքներով, մասնագետներն ահազանգում են, որ եթե անգամ այլևս մուֆլոն կամ հովազ չորսան, միևնույն է, այդ կենդանիները վտանգված են, և աննշան թերացման հետևանքով իսպառ կվերանա անգամ եղածը:

«Առհասարակ կենդանիների քանակն առնվազն 150-200 պետք է լինի, որ պոպուլյացիան գոնե շարունակվի: Եվ եթե անգամ մի 5 տարի էլ ձեռք չտրվի այդ կենդանիներին, միևնույն է, վերոնշյալ կենդանիների պոպուլյացիան վտանգված է: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարում կվերանա հովազը, ինչու չէ` նաև մուֆլոնը»,- ահազանգում է Մանվելյանը:

Իսկ Մարտին Ադամյանը շարունակում է. «Մի միջամտեք ոչ մի կերպ կենդանու կյանքին, և այն ինքը կվերականգնվի»:

ԱրմենիաՆաուի էջերում