Spreken zie Kapan-Deutsch? գերմանացիներն ուզում են նպաստել իրենց լեզվի տարածմանը Հայաստանում

Spreken zie Kapan-Deutsch? գերմանացիներն ուզում են նպաստել իրենց լեզվի տարածմանը Հայաստանում


Գերմանիայի պատվիրակությունը Կապանում

Գերմաներենի ու Գերմանիայի հանդեպ առավել մեծ ուշադրություն հրավիրելու նպատակով Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) մայիսի 20-24-ը առաջին անգամ այցելություն էին կազմակերպել Հայաստանի հարավային մարզեր: «Դոյչմոբիլ» (DEUSCHMOBIL) նախագծի շրջանակներում գերմանացիներն այցելեցին Եղեգնաձորի, Գորիսի, Կապանի, Մեղրու և Ագարակի դպրոցներ ու բուհեր: Նախագիծը բաց էր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են գերմաներենով և Գերմանիայով:

Պատվիրակությունը Կապանի վարժարանին 450 կտոր գիրք նվիրեց Գյոթեի անվան ինստիտուտի կողմից: Վարժարանում աշակերտների շրջանում երկրագիտական հարցում անցկացվեց, իսկ ուսուցիչների համար` վերապատրաստման դասընթաց:

Շնորհակալություն հայտնելով օգնության համար` վարժարանի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ նպատակ ունեն խորացնելու գերմաներենի ուսուցումն այս հաստատությունում, նաև շփումները Գերմանիայի կրթական հաստատությունների հետ:

Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Մելանի Մորթմանը տեղեկացրեց, որ դեսպանատունը և DAAD-ը նախագիծը «Դոյչմոբիլ» են կոչել գերմաներենը որպես շարժիչ ուժ ներկայացնելու համար: «Դեսպանությունը Վայոց ձոր և Սյունիք է եկել գերմաներենին ավելի մոտիկից ծանոթացնելու և գրքերի նվիրատվության միջոցով շահագրգռելու գերմաներեն սովորելու: Իսկ DAAD-ի նպատակն ուսանողներին կրթաթոշակային և փոխանակման ծրագրերին ծանոթացնելն է: Գրքերը ուսումնական ձեռնարկներ են, նաև` գեղարվեստական գրականություն, որոնք կօգնեն ավելի հաճույքով սովորել գերմաներեն»:

Փոխդեսպանն ասում է, որ իրենք փորձում են օգնել հայաստանցիներին գերմաներեն սովորել:

«Իհարկե, գաղտնիք չէ, որ Հայաստանում տարածված օտար լեզուն անգլերենն է, բայց փորձում ենք դասավանդվող հիմնական երեք օտար լեզուների մեջ` ռուսերենի, անգլերենի և ֆրանսերենի կողքին պահպանել նաև գերմաներենը»:

Մորթմանը ոգևորությամբ նշում է, որ չնայած շաբաթը երկու դասաժամ ունենալուն, աշակերտները լավ են տիրապետում գերմաներենին: Եվ դեսպանատունը հիմա փորձում է ԿԳ նախարարության հետ համագործակցելով` այնպես անել, որ օտար լեզվի դասավանդումը դպրոցներում ոչ թե ընտրովի լինի, երբ աշակերտն ընտրում է գերմաներենի և անգլերենի միջև, այլ հնարավորություն ունենա սովորելու և անգլերեն, և գերմաներեն:

Գյոթեի անվան ինստիտուտի աջակցությամբ նաև դասընթացներ կկազմակերպվեն այն դպրոցների գերմաներենի ուսուցիչների համար, որոնք ստացել են այս ուսումնական ձեռնարկները:

Գերմանացի գրող Մարկ Դեգենսը, որը նույնպես պատվիրակության կազմում էր, Եղեգնաձորում և Կապանում ընթերցեց հատվածներ իր ստեղծագործություններից և ներկայացրեց գերմանական ժամանակակից ֆիլմեր ու երաժշտություն:

«Դոյչմոբիլի» շրջանակներում Եղեգնաձորի, Գորիսի և Կապանի համալսարաններում DAAD-ի ներկայացուցիչները պատմեցին Գերմանիայի բուհերում ուսանելու և հետազոտելու հնարավորությունների, DAAD-ի կողմից տրամադրվող կրթաթոշակների մասին:

Կազմակերպությունն ամեն տարի օժանդակում է ավելի քան 50 հայ ուսանողների, գիտնականների, վարչական աշխատողների: Ընդհանուր առմամբ, արդեն ֆինանսական աջակցություն է տրամադրել ավելի քան 500 հայ ուսանողի և գիտնականի:


ԱրմենիաՆաուի էջերում