«Օգնության համախտանիշի» հաղթահարում. Ղարաբաղցիները չեն ցանկանում բարեգործություն, այլ սպասում են կոնկրետ ծրագրերի

«Օգնության համախտանիշի» հաղթահարում. Ղարաբաղցիները չեն ցանկանում բարեգործություն, այլ սպասում են կոնկրետ ծրագրերի


Ղարաբաղի ղեկավարությունը վերանայեց մարդասիրական օգնության հայեցակարգը

Ամենախոցելի խավը երեխաները, ծերերն ու հաշմանդամներն են
Տարիներ շարունակ Ղարաբաղում սոցիալական քաղաքականությունը հիմնվոմ էր եղել մարդասիրական օգնության գաղափարի վրա: Այժմ պետությունը որոշել է նոր քաղաքականություն վարել. հասցեական օգնություն է տրամադրվում և այնպես, որ մարդիկ սկսեն հավատալ իրենց հնարավորություններին:

Հետպատերազմյան Ղարաբաղը` իր ավերված բնակավայրերով, ամեն ինչ կորցրած մարդկանցով, մարդասիրական օգնության շնորհիվ կարողացավ գոյատևել: Ոչ մի վիճակագրական ծառայություն այժմ չի կարով հաշվարկել` ինչ ծավալի օգնություն է տրամադրել սփյուռքը Ղարաբաղին, բայց ակնհայտ է մի բան` Ղարաբաղի համար դա փրկություն էր:

Այն ժամանակից, երբ երկրի տնտեսությունը սկսեց վերականգնվել, պետությունը սկսեց ավելի նպատակաուղղված սոցիալական քաղաքականություն վարել: Սակայն պարզվեց, որ դրան խանգարում է «մարդասիրական օգնության» համախտանիշը: Մարդիկ, որոնք սովոր էին օգնություն ստանալ, շարունակում էին հույսը դնել պետության վրա և նույնիսկ հնարավորության դեպքում չէին վերանորոգում իրենց տունը` համարելով, որ դա պարտավոր են «ուրիշներն» անել:

Այժմ այսպես կոչված «օգնության համախտանիշը» հաղթահարվել է: Այդուհանդերձ, Ղարաբաղում դեռևս կա մարդկանց կատեգորիա, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն գոյատևել. նրանք պետության աջակցության կարիքն ունեն:

2008 թ. հունվարի 1-ի դրությամբ` հանրապետությունում գրանցված է 34585 թոշակառու, նրանցից 10207-ը` հաշմանդամ: Ղարաբաղի բնակչությունը 140 հազար է:

Թոշակառուների մեջ կան մարդիկ, ովքեր տարիքային են կենսաթոշակ ստանում, և կան այնպիսիները, որոնք պատերազմի հետևանքով են հայտնվել թոշակառուի կարգավիճակում: Դրանց թվում են` զոհված կամ անհետ կորած ազատամարտիկների ընտանիքները, պատերազմի հաշմանդամները:

Պետությունը նրանց որոշակի թոշակ է նշանակել: Օրինակ` զոհված ազատամարտիկի երեխայի թոշակը կազմում է 30 հազար դրամ ($95), ինչը մոտավորապես հավասար է նվազագույն կենսապահովմանը: Բայց դա դեռ ամենը չէ:

Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման տոնի նախօրեին, առաջին խմբի 8 հաշմանդամներ պետական միջոցներով գնված ձեռքի շարժաբերով մեքենաներ ստացան: Ինչպես նշեց սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը, նախատեսվում է մեքենաներ տրամադրել Արցախյան պատերազմի առաջին կարգի բոլոր հաշմանդամներին:


Այն մարդիկ, որոնց պետությունը մեկ ամիս առաջ ձեռքի շարժաբերով մեքենաներ էր տրամադրել, արդեն կարողանում են գումար վաստակել իրենց ընտանիքի համար: Նրանք աշխատում են տաքսի ծառայությունում: Հարազատներն ասում են, որ նրանք մի քանի օրում անճանաչելիորեն փոխվել են: Արդեն գրեթե հուսահատ հայացքում հայտնվել են ինքնավստահություն և սեփական արժանապատվության զգացում:

Մեքենաներ տրամադրելու գաղափարը պատկանում է սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանին: Նա գտնում է, որ վաղուց ժամանակն է ` Ղարաբաղը հրաժարվի անհասցե օգնությունից և կոնկրետ ծրագրեր սկսել, որոնք կունենան կոնկրետ հասցեատեր: Գաղափարն այն է , որ պետք է որոշել սոցիալական օգնության առավել կարիք ունեցող կատեգորիաները և առանձին մարդկանց: Բնակչության ամենախոցելի շերտը կազմում են երեխաները, ծերունիները և հաշմանդամները:

Սոցիալական օգնության ցուցակում հենց նրանք դարձան առաջինը: Մանկատուն-գիշերօթիկ դպրոցում (նախկին «Զանգակ» մանկապարտեզը) սկսվեցին սոցիալական ոլորտի կառուցվածքային և կադրային փոփոխությունները:

Գիշերօթիկ դպրոցը հաշմանդամ երեխաների «Զանգակ» ՀԿ-ի նախկին կենտրոնն է, որը վերափոխվել է պետական ոչ առևտրային կազմակերպության: Այստեղ հիմնականում ապրում են առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Գիշերօթիկ դպրոցում կա 3-16 տարեկան 37 երեխա: Սոցիալապկան անապահով վիճակի պատճառով` որոշ ծնողներ ի վիճակի չեն խնամելու երեխաներին, իսկ մի մասն էլ զրկված է ծնողական իրավունքից:

Գիշերօթիկի խոհանոցի համար նախարարությունը տրամադրել է սառնարան, սառցարան, գազօջախ և էլեկտրական մսաղաց:

Մշակվում է նաև հաշմանդամների ինտեգրացման ծրագիր, որը նախատեսում է միջոցառումներ` ուղղված իրենց ապրուստի համար միջոցներ վաստակելու հնարավորության ապահովմանը և հույսը չդնել հումանիտար օգնության վրա: Օրինակ` մտադրություն կա ձեռք բերել չտեսնողների համար հատուկ ստեղնաշարով համակարգիչներ: Համակարգիչները գումար վաստակելու լավ միջոց կարող են լինել նաև տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար, որոնց համար, ինչպես կարծում է նախարարը, պետությունը կարող է աշխատատեղեր ապահովել:

Վերջերս առաջին խմբի հաշմանդամ Իրինա Սահակյանը համակարգիչ նվեր ստացավ: Նա չի կարող տեղաշարժվել, բայց համակարգչով ցանկացած գործ կարող է կատարել: Նա ցանկանում է ինքնուրույն իր ապրուստը հոգալ: Նրան աշխատանք են տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրությունում: «Կյանքն ինձ համար իմաստ է ձեռք բերել»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Սահակյանը:

Ղարաբաղում սոցիալապես խոցելի խավերի մարդկանց մեծ մասի համար ամենացավոտ խնդիրը բնակարարանայինն է: Մինչև այժմ պետությունը տարեկան մեկ-երկու բազմաբնակարանային շենք է կառուցել` տրամադրելով դրանք երկար տարիներ հերթագրվածներին: Այժմ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է բնակարաններ տրամադրել միայն արտոնյալ հերթի մարդկանց:

Շմավոն Հովհաննիսյանի ընտանիքը ապրում է Ասկերանի շրջանի Մոշխմահատ գյուղում: «Ղարաբաղյան պատերազմի սկզբից ի վեր այստեղ ենք ապրում: Մեր արյուն-քրտինքով ենք վաստակում ապրուստը: Անասուն ենք պահում, հող մշակում և չենք պատրաստվում այստեղից հեռանալ: Ամեն ինչ ունենք, բացի տնից: Տարբեր տեղեր ենք դիմել, բայց խնդիրը լուծել չենք կարողանում,- ասում է Շմավոն Հովհաննիսյանը: - Ես չեմ բողոքում, պարզապես խնդրում եմ, որ պետությունն օգնի տուն կառուցելու»:

Հետպատերազմյան շրջանում առաջին անգամ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը հրատարակել է գիրք, որում մանրամասն ներկայացված են բարեգործական ծրագրերը. Շուշի քաղաքում երեխաների համար գիշերօթիկի վերակառուցման ($2 մլն 97 հազար), երկկողմանի ծնողազուրկ երեխաներին բնակարանով և անհրաժեշտ գույքով ապահովելու ($435,500), Շուշիում առողջարարական կենտրոնի կառուցման ($3 մլն) համար և այլն:




ԱրմենիաՆաուի էջերում