Հասունանում է առցանց հեղափոխությո՞ւն. Հայաստանում ընթանում է բլոգների կայացման փուլը
«Չկոնֆերանսները» գրավել են բլոգներին, լրագրողներին և ԶԼՄ-ների նոր մասնագետներին Կովկասից, Կենտրոնական Ասիայից և Արևելյան Եվրոպայից Առաջին «Բարքեմպը» անցկացվել է Կալիֆոռնիայում` Փալո Ալթո քաղաքում, երեք տարի առաջ: Դրանից հետո աշխարհում անցկացվել է ավելի քան 30 նման միջոցառում: Հունիսի 6-7-ը Թբիլիսիում անցկացված կոնֆերանսը առաջինն էր Կովկասում: Օգոստոսի վերջին Ադրբեջանը կանցկացնի իր սեփական կոնֆերանսը: Հետխորհրդային տարածքում «Բարքեմպներ» անցկացվել են Բալթյան հանրապետություններում, Ուկրաինայում, Բելառուսում, իսկ Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը կանցկացնեն այս տարվա ընթացքում: Թբիլիսիի «Բարքեմպին» հաջորդեց նոր լրատվամիջոցներին ու բլոգներին նվիրված երկօրյա աշխատանքային սեմինար, որը ֆինանսավորել էին Բաց հասարակության ինստիտուտը (ԲՀԻ) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը: Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացնող մասնակիցների վերապատրաստումն իրականացրեց Պրահայում գտնվող «Transitions Online»-ը` առցանց լրատվամիջոցը` Կովկասում և Միջին Ասիայում բլոգների զարգացման ծրագրի շրջանակներում: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններում «Բարքեմպները» նոր չափումներ են ընդունել` ընդգրկելով ամենատարբեր հարցեր` սոցիալական ցանցերից մինչև բլոգների դերին ընտրությունների ժամանակ և բջջային հեռախոսների կիրառմանը անթել տեխնոլոգիաներում սոցիալական և բնապահպանական քարոզարշավների համար: Թեև հարավկովկասյան երեք հանրապետություններում ինտերնետի տարածման մակարդակը շարունակում է բավական ցածր մնալ (2007 թ. կտրվածքով 12,3 տոկոս` Ադրբեջանում, 7,1 տոկոս` Վրաստանում և 5,9 տոկոս` Հայաստանում), կան ժողովրդավարության կառուցման և քաղաքացիական մասնակցության խրախուսման նոր գործիքներ, հատկապես` երիտասարդության շրջանում: Բլոգներն արդեն ցույց են տալիս իրենց մեծ ներուժը Հայաստանի նման երկրներում որպես ժողովրդավարության զարգացման և հակակոռուպցիոն երևույթների դեմ պայքարի միջոց: Թեև ստույգ տվյալներ չկան, սակայն ենթադրվում է, որ Հայաստանում և սփյուռքում կա մոտ 3000 բլոգներ, Ադրբեջանում` 8000, իսկ Վրաստանում` 10.000-15.000: Թեև դրանց մեծ մասն ակտիվորեն չի գործում, քննարկվող թեմաները բազմազան են, սակայն հաշվի առնելով ընտրությունների փուլերը բոլոր երեք հանրապետություններում, վերջերս մեծացել է քաղաքական ակտիվությունը: Հայաստանում, որտեղ ընտրություններից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցները մարտի 1-ի բախումներից հետո 20 օր կարող էին հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն, առաջացած բացը լրացրին բլոգները: Թեև «Internews Media» կազմակերպության փաստաբան Դավիթ Սանդուխչյանը պնդում է, որ բլոգները, ըստ էության, լրատվամիջոցներ են, քիչ բլոգերներ հաշվի նստեցին արտակարգ դրության սահմանափակումների հետ: Ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմնակիցները արագորեն ստեղծեցին նոր բլոգներ կամ էլ օգտագործեցին առկա բլոգներ`ը ինտերնետում տեղեկատվական պատերազմ վարելու համար: Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտի (ԼԲԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն և բեղմնավոր բլոգեր Արթուր Պապյանն ասում է, որ տեղեկատվության ոլորտում կատարվածը իսկական հեղափոխություն էր: «Բլոգները ԶԼՄ-ների միակ այլընտրանքն էին, քանի որ անկախ և ընդդիմադիր առցանց լրատվամիջոցները փակվել կամ ենթարկվում էին գրաքննության: Բլոգները արձանագրեցին ֆենոմենալ թվով ընթերցողներ»,- բացատրում է նա` հավելելով, որ ինտերնետը նաև հրաշալի հնարավորություններ ստեղծեց այնպիսի լրատվամիջոցների համար, ինչպիսին է «Ա1+»-ը: Հեռարձակման արտոնագրից 2002 թ. զրկված ընդդիմադիր հեռուստաընկերությունը կարող է չհեռարձակվել, սակայն «YouTube»-ի նման տեսակայքերը թույլ տվեցին լրատվամիջոցին հաջողությամբ վերսկսելու իր գործունեությունը` հոլովակներ ու ռեպորտաժներ առցանց տեղադրելով: Նման զարգացումներն այնքան լուրջ էին իշխանությունների համար, որ արտակարգ դրության ժամանակ «YouTube»-ը արգելափակվեց: Այդուհանդերձ, շատերը անանուն փրոքսի սերվերների միջոցով կարողանում էին հաղթահարել այդ արգելանքը: «Տեսաբլոգների առումով «Ա1+»-ը և «E-channel YouTube»-ը գրանցեցին հսկայական թվով դիտողներ,- ասում է Պապյանը, ով խորհուրդ է տվել «Ա1+»-ին օգտվել այդ միջոցից: - «E-channel»-ը ունեցել է օրական 30.000-ից ավելի դիտող, իսկ «Ա1+»-ը, վստահ եմ, երեք անգամ ավելի: Տեսաբլոգներն ու ձայնային փոդքասթները գերիշխող դիրք կգրավեն ոլորտում, հենց որ բարելավվի ինտերնետային կապի որակը, և Հայաստան մուտք գործի 3G բջջային կապի ծառայությունը»: Հայաստանի հետընտրական զարգացումներում բլոգների դերին էր հիմնականում նվիրված Կովկասյան «Բարքեմպում» «Ինտերնյուսի» ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի զեկույցը: Խմբագիրը նաև հույս ուներ, որ մյուս մասնակիցների զեկույցները նոր գաղափարներ կտան, որոնք հնարավոր կլինի օգտագործել, եթե այդ իրադարձությունները կրկնվեն: «Կարծում եմ` եթե այդ իրավիճակը կրկնվեր, թեև հույս ունեմ, որ այդպես չի լինի, բլոգերներն ու լրատվամիջոցները հանդես կգան ավելի կազմակերպված և կկարողանան ավելի շատ տեղեկություններ տրամադրել ընթերցողներին»: Բլոգները որպես նոր «ինքնահրատ»`«սամիզդատ» («սամիզդատը» խորհրդային տարիներին գրաքննված գրականության և այլ նյութերի ընդհատակյա տարածումն էր) արդեն վաղուց ճանաչել են մի շարք գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ, որոնք ներգրավված են ԱՊՀ երկրներում ժողովրդավարության կառուցմանը: Հավանաբար այդ է պատճառը, որ միջազգային դոնոր կազմակերպությունները բլոգներն այժմ դիտում են որպես փոփոխություններ առաջ բերելու համար կենսունակ միջոց: Օրինակ` Թբիլիսիի «Բարքեմփի» հովանավորների թվում էին Բաց հասարակության ինստիտուտը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը: Մի շարք առցանց լրատվամիջոցներ օգտագործում են մեթոդներ, որոնք առնչվում են բլոգներին, ինչպես, օրինակ` ընթերցողների մեկնաբանությունները: «ԱրմենիաՆաուն» և «Ա1+»-ն ունեն իրենց սեփական բլոգները, ընդ որում` առաջինն ուշագրավ է նրանով, որ հիմնվել է մարտին արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները շրջանցելու նպատակով: Սակայն Արթուր Պապյանը զգուշության կոչ է անում: Այժմ, երբ միջազգային դոնոր կազմակերպությունները սկսել են ավելի մեծ ուշադրություն հատկացնել բլոգներին, Պապյանի հավաստմամբ` կա վտանգ, որ և իշխանությունները, և դոնորները կփորձեն վերահսկողություն սահմանել բլոգների բովանդակության վրա: «Դա ինձ մտահոգում է, քանի որ բոլորը սկսել են գիտակցել, որ բլոգները մեծ ներուժ ունեն: Թեև նման վիճակը պետք է ողջունել, դա նաև նշանակում է, որ հնարավոր է, որ վերահսկողությունը ոչնչացնի այդ ներուժը, եթե ճիշտ մոտեցում չկիրառվի` խորհրդակցելով ոլորտում արդեն աշխատողների հետ»: Օնիկ Գրիգորյանը Global Voices Online-ի կովկասյան հարցերով խմբագիրն է: Այդ ծրագիրը հիմնվել է Հարվարդի Բերքմանի ինտերնետի և հասարակության կենտրոնում: Հունիսի 26-27-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք ծրագրի համաշխարհային գագաթնաժողովում նա հանդես կգա Հայաստանի 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ բլոգների դերին նվիրված զեկույցով:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.