Մաքրո՞ւմ են տունը. վարչապետը վճռականորեն է տրամադրված պայքարելու կոռուպցիայի դեմ
«Մենք ունենք հազարավոր կաշառակեր պաշտոնյաներ… ավելի շատ մարդիկ էլ կան, որոնք երազում են արագ հարստանալու համար պաշտոններ զբաղեցնել»,- ասաց Տիգրան Սարգսյանը «Մենք ունենք հազարավոր կաշառակերներ: Եթե մենք ունենք 2000 հարկ հավաքող հարկային տեսչությունում, 200.000 մարդիկ էլ կան, որոնք երազում են այդ պաշտոնը զբաղեցնելու մասին: Բայց ոչ այն բանի համար, որ նրանք պատրաստ են ազնիվ ծառայելու պետությանը, այլ որովհետև նրանք տեսնում են հնարավորություն` արագ հարստանալու»,- հունիսի 26-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Սարգսյանը: ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը քննարկում էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012 թթ. միջոցառումների ծրագրի և կոռուպցիոն հանցագործությունների մոնիթորինգի ցուցանիշների, անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց շրջանակը կրճատելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի վերաբերյալ հարցերը։ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանը նշեց, որ կոռուպցիայի ընդհանուր մակարդակի գնահատման ցուցանիշներով մեր երկիրն առավել բարենպաստ դիրքերում է ԱՊՀ երկրների շարքում, սակայն էապես զիջում է Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներին։ Ոչ մի կերպ մխիթարանք չհամարելով համեմատությունները` վարչապետը կտրուկ կերպով քննադատում է երկրում տիրող կոռումպացված ողջ համակարգը, ինչը երբեմն հասնում է աբսուրդի: «Անցյալ շաբաթ, մենք մեր գրոսմայստերներից մեկի հոր հուղարկավորության արարողության էինք մասնակցում: Հայտնի, տաղանդաշատ շախմատիստ է: Շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահն է, ես փոխնախագահն եմ, այսինքն` բոլորը տեղյակ են, որ այդ տաղանդաշատ շախմատիստի հետ մենք անմիջական շփումների մեջ ենք, բայց դա ոչ մեկին չի կաշկանդում, որովհետև 2.000 դոլար կաշառք են վերցնում` գերեզմանատանը տեղ հատկացնելու համար»,- վրդովմունքով պատմում էր Սարգսյանը` կոչ անելով գերատեսչությունների ղեկավարներին ուշադիր հետևել, թե որտեղից և ինչ է մտնում իրենց աշխատակիցների գրպանը: Սակայն Սարգսյանի՝ այլոց գրպանների մասին դատողություններ անելուց առաջ ընդդիմության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում բարձրաձայնում էր Սարգսյանի գրպանի մասին: «ԿԲ նախագահ եղած ժամանակ Սարգսյան Տիգրանը վաճառեց ՀՀ ոսկու պաշարը։ Սա աբսուրդ է բոլոր տեսակետներից։ Ասվեց, որ այդ ժամանակ ոսկին թանկ էր նախորդ ժամանակի համեմատ, դրա համար էլ վաճառել է, շահել է, 17 միլիոն դոլար էին վճարել։ Այսօր այդ նույն ոսկին արժե 35 մլն դոլար։ Արդեն 18 մլն դոլարի վնաս ես տվել այս երկրին»,- իր ելույթներից մեկում հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Վարչապետ Սարգսյանն էլ փորձեց հակադարձել հնչած մեղադրանքներին`հայտարարելով, որ ոսկու վաճառքի պատմությունը դարձել է քաղաքական սպեկուլյացիաների եւ քաղաքական ավանտյուրաների առարկա: Վարչապետի խոսքերով` <ՀՀ-ում ԿԲ-ի պահոցներում չպետք է լինի ոսկի, այդ քաղաքական որոշումը կայացվել է 1994թ.-ին, եւ 1994թ., 1995թ., 1996թ. եւ հետագա տարիներին ոսկու բոլոր ֆիզիկական պաշարները, որ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, դուրս են բերվել, արտահանվել են Շվեյցարիա, փոխարենը բացվել են մետաղական դեպոզիտային արտարժութային հաշիվներ, որոնք արտահայտված են դոլարով: 2003թ. դոլարով արտահայտված մետաղական հաշիվները ԿԲ-ն որոշել է վերածել ֆունտով դեպոզիտային հաշիվների: Այդ գործարքի արդյունքում մենք ստացել ենք 2 մլրդ 300 մլն իրացված մաքուր շահույթ եւ այն ամբողջությամբ փոխանցվել է պետական բյուջե>: Սարգսյանի պնդմամբ` ֆիզիկական ոսկին, որ գտնվում էր մեր պահոցներում, չէր կարող նպաստել մեր երկրում տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Պարադոքսալ այս իրավիճակում, որտեղ կողմերն ակամայից սառը պատերազմ են մղում, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արտյոմ Խաչատրյանը փորձում է լույս սփռել մութ կետերին: «Այն, որ ոսկին վաճառել են, փաստ է: Փաստ է նաև, որ հետագայում ոսկու թանկացման պատճառով պետությունը տուժեց: Բայց միայն դիլետանտի համար կարող են Տեր-Պետրոսյանի փաստարկները համոզիչ լինել,- բացատրում է Խաչատրյանը: - ՀՀ կենտրոնական բանկն արել է մի բան, ինչը ժամանակ առ ժամանակ անում են աշխարհի բոլոր բանկերը: Կարելի է բանկի վերլուծաբաններին մեղադրել սխալ կանխատեսումների մեջ, բայց ոչ նախագահին` փողերը գրպանելու»: Չնայած իր շուրջ կատարվող խմորումներին, Սարգսյանը շարունակում է իր գործը՝ փորձելով կանոնակարգել պաշտոնյաների գրպանների մուտք ու ելքերը: Կառավարության համաձայն՝ ստեղծվել է եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ, որը շաբաթական 3 նիստ է գումարում: Հարկային և մաքսային բարեփոխումներին պաշտոնյաների ցանկացած միջնորդություն դառնալու է քննարկման առարկա: Օրենսդրական փաթեթ էլ է պատրաստվում, ըստ որի՝ հրապարակվելու է խախտումների մասին ցանկացած տեղեկատվություն`թե խախտողի անուն-ազգանունը և թե այն պատժամիջոցը, որը կրելու է: «Դուք բոլորդ էլ տեղյակ եք, թե ովքեր են ձեր ոլորտում զբաղվում բիզնեսով: Այդ մարդկանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, որ իրավունք չունեն միջամտելու հարկային և մաքսային ծառայությունների աշխատանքներին»,- ավելացրեց Սարգսյանը: Հարկային ծառայությունից հետո, ինչպես դիտարկում է կառավարությունը, կաշառակերության տեսանկյունից երկրորդ տեղը զբաղեցնում է ոստիկանությունը: «Ակնհայտորեն, այս ոլորտում մենք ունենք լուրջ պրոբլեմ, դա կաշառակերության պրոբլեմն է, երբ ծառայությունը մատուցվում է պետության անունից, բայց սակագներ են սահմանվում, և մարդիկ գումար են շորթում: Ես խնդրում եմ ոստիկանապետին` ներկայացնել առաջարկություններ, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի կարճ ժամկետում այդտեղ որակապես բարելավենք այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին»,- ամփոփում է Սարգսյանը՝ խոստանալով պարբերաբար անդրադառնալ խնդրին:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.