Տուրիզմ-2008. գների բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտություն է դառնում սպասարկման որակի բարելավումը

Չհիմնավորված բարձր գները արգելակում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը
5-6 տարի առաջ մեկնարկած Վրաստանում հանգստանալու բումը թեև փոքր-ինչ մեղմվել է, բայց շարունակում է անդրադառնալ հայաստանյան հանգստավայրերի շահույթի վրա` տարեցտարի արձանագրելով ավելի մեծ հոսք դեպի սևծովյան Քոբուլեթ, Ուրեկի, Բաթում քաղաքներ:

Եթե 2006 թ. Հայաստանից Վրաստան է մեկնել 30-40.000 հովեկ, ապա 2007-ին` 40-50.000:

Պատճառը, ինչպես բացատրում են տուրգործակալությունների աշխատակիցները, անհամեմատ բարձր գներն են, որ, ի տարբերություն վրացականի, առաջարկում է հայաստանյան շուկան:

Արձակուրդին սպասող 24-ամյա Արմինե Կարապետյանը, թեև 3 տարի առաջ հանգիստն անցկացրել է Քոբուլեթում ու այնքան էլ գոհ չէ տեղի ծառայություններից, բայց ստիպված է այս տարի ևս քայլերն ուղղել դեպի Սև ծովի հանգստավայրերը, որտեղ ևս, թեև գների բարձրացում է նկատվում, բայց շարունակում է էժան մնալ Հայաստանի համեմատ:

«Վրաստանում անապահով ա հանգիստը, ամեն պահ կարող ա իրերդ գողանան, ենթակառուցվածքները զարգացած չեն, սնվելու կարգին տեղ, առաջին բուժօգնության կետեր չկան, բայց ստիպված եմ այս տարի էլ հանգիստս էնտեղ անցկացնել,- ասում է Արմինեն: - Հայաստանում, ասենք` Սևանում, մի քանի անգամ ավելի թանկ է հանգիստը, քան, օրինակ, ծովափին` Քոբուլեթում: Պետք է ոտքերդ վերմակիդ չափով մեկնես, չէ՞»:

Այսօր Ծաղկաձորի բարեկարգ հանգստավայրերում 1 ուղեգրի արժեքը 1 օրվա համար սկսվում է 20. 000 դրամից (մոտ 66 դոլար), Սևանում գներն ավելի բարձր են: Իսկ Քոբուլեթում 1 անձի համար 7-օրյա ուղեգիրը սկսվում է 34.000 դրամից (մոտ 112 դոլար):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը չի ժխտում, որ Հայաստանում գները բարձր են, բայց գտնում է դրա պատճառաբանությունը:

«Հայաստանում մենք զբոսաշրջության սեզոնի երկարացման խնդիր ունենք: Օրինակ` Սևանում հանգստավայրերն ընդամենը 2-3 ամիս են գործում: Դրա համար էլ ավելի բարձր գներ են սահմանում, որ կարողանան այդ կարճ ժամանակահատվածում եկամուտ ապահովել»,- բացատրում է Ապրեսյանը` ավելացնելով, որ ոչ թե էժան, այլ մրցունակ գներ պետք է սահմանվեն:

Իսկ համեմատելով եվրոպական երկրների հյուրանոցային ծառայությունների հետ` Ապրեսյանը պնդում է, որ Երևանում հանգիստը կամ զբոսաշրջությունը թանկ չեն:
«Եթե համեմատենք Եվրոպայի հետ, ապա կարող եմ ասել, որ մեզ մոտ թանկ չէ:
Օրինակ` Փարիզում 3 աստղանի հյուրանոցը կիսով չափ ավելի թանկ է, քան Երևանում»,- ասում է Ապրեսյանը` արժանանալով Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի հեգնանքին, ով կարծում է, որ համեմատականի վեկտորը միանգամայն սխալ ուղղություն ունի:

Պարզապես, այս առումով Փարիզն ու Երևանը համեմատելի չեն:

Վերջինիս խոսքերով` ճիշտ է, տուրիզմի ոլորտում պետությունը քայլեր կատարում է, բայց գները շարունակում են անտրամաբանական մնալ:

«Հայաստանում գնագոյացումն օդից վերցրած է: Ոչ սպասարկման ձևերն են շատացել, ոչ որակն է լավացել, ոչ կադրերն են ավելի պրոֆեսիոնալ դարձել, բայց արի ու տես, որ գները թանկանում են»,- ասում է Մինասյանը` հիշելով և պատմելով սովորական մի միջադեպ:

«Անցյալ շաբաթ Ծաղկաձորում էինք, մատուցողից սուրճ ուզեցինք, բերեց կողքինիս գլխի վրայով, իրենից գոհ դրեց սեղանին: Եթե հանկարծ էդ մարդը շարժվեր, սուրճը գլխին էր թափվելու»,- դժգոհում է Մինասյանը`վստահ, որ բացի թանկ գներից, սպասարկման ոլորտի ցածր մակարդակը ևս վանում է օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Ապրեսյանը, ճիշտ է, ընդունում է ոլորտի թերությունները, բայց համաձայն չէ, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է` ներկայացնելով տարեցտարի ավելի մեծ ցուցանիշ արձանագրող թվեր: Եթե 2000 թ. Հայաստան էր այցելում մոտ 45-50.000 զբոսաշրջիկ, ապա այսօր այդ թիվը հասնում է 500-550.000-ի: (2008 թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 83.000 զբոսաշրջիկ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 տոկոսով ավելի):

Ծագումով հայերը կազմում են ընդհանուր թվի 60 տոկոսը:

«Աշխարհի բոլոր անկյուններից ունենում ենք զբոսաշրջիկներ` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Վրաստանից, Եվրամիության երկրներից: Այս տարի անգամ Թուրքիայից ենք ունեցել, Հոնկոնգից, Թայվանից»,- նշում է Ապրեսյանը:
Նրա խոսքերով` զբոսաշրջության զարգացմանը նպաստել է նաև հյուրանոցաշինության զարգացումը. ավելացել են միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցները:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում այսօր մոտ 70 բարձրակարգ հյուրանոց կա` 10.000-ից ավելի ննջատեղով: Այս թվին գումարվում են նաև հյուրատները, B&B ապահովող տները, մոթելներն ու իջևանատները: «Մինչդեռ 2000-ին մատների վրա կարելի էր հաշվել հյուրանոցները»,- շարունակում է Ապրեսյանը` հավելելով, որ զբոսաշրջիկների թվի հետ ավելանում են նաև տնտեսության մեջ կատարվող մուտքերը:

«Մենք հաշվել ենք, որ 1 զբոսաշրջիկը Հայաստանում անցկացնում է միջինը 7-10 օր` ծախսելով նվազագույնը 1000 դոլար: Ու քանի որ վերջիններիս թիվը գնալով մեծանում է, 2007 թ. այդ մուտքերի չափը հասել է 400 մլն դոլարի` 2006 թ. 299 մլն դոլարի համեմատ»,- ընդգծում է Ապրեսյանը` այս տարվա ավարտին հուսալով ավելին:

ԱրմենիաՆաուի էջերում