Ապագայի սերմեր. «ԷյԹիՓի»-ն նոր անտառների հիմք է դնում
Մարգահովիտի տնկարանը տարեկան 1 միլիոն տնկի կտա 12 հա տարածք զբաղեցնող հողակտորում աճեցված տնկիները ոչ միայն տնկվելու են հարակից անտառներում, այլև տրամադրվելու են տարբեր կազմակերպությունների ու համայնքների, որոնք ինքներն են տնօրինելու իրենց ծառատունկը: «2005 թվականին հիմնված այս տնկարանի ծառերով մենք անտառապատելու ենք Հայաստանի հյուսիսի, հատկապես` Լոռու մարզի սարերն ու բլուրները»,- ասում է «ԷյԹիՓի»-ի տնօրեն Մհեր Սադոյանը`ավելացնելով, որ նման բացառիկ գործի համար երախտապարտ են ԱՄՆ Բոստոն քաղաքից բարերարներ Ռոբերտ և Մյուրիել Միրաքներին, ովքեր 260.000 դոլար են նվիրաբերել տնկարանը հիմնելու նպատակով: Միրաքների ընտանիքը`ի դեմս քույր և եղբայր Միրաքների, օրեր առաջ եկան Մարգահովիտ` առաջին անգամ տեսնելու իրենց ազգանունը կրող տնկարանը և կտրելու ծնողների հուշաքարի ժապավենը: «Ծնողներս ցեղասպանությունից մազապուրծ եղած արաբկիրցիներ էին, ովքեր Ամերիկա են եկել Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Հայրս շատ խելացի ու հաջողակ էր: Երիտասարդ տարիքում անունը` Զավեն Միրաքյան, փոխեց Ջոն Միրաքի`բիզնեսում հաջողելու համար: Բայց անունը չէր խանգարում, որ միշտ մտածեր հայրենիքի մասին»,- պատմում է Ռոբերտ Միրաքը`ավելացնելով, որ հայրն իսկական հայի նման հատուկ սեր է տածել ծառերի նկատմամբ, դրա համար էլ 4 զավակների անունով իր այգում 4 ծառ է տնկել: «Նրանց մահից հետո հիշատակն անմահացնելու համար որոշեցինք հիմնել այս տնկարանը, ինչն ի մի է բերում նրանց ողջ սերը հայրենի բնության հանդեպ: Ափսոս, որ հիմա նրանք մեր կողքին չեն ու չեն տեսնում այն, ինչ մենք ենք տեսնում»,- ասում է «Arlington Center Garage and Service Corporation»-ի սեփականատեր Ջոն Միրաքի որդին, ով այժմ մյուս երկու եղբայրների հետ ընդլայնել է բիզնեսը` ղեկավարելով «Mirak Chevrolet/Hyundai», «Mirak Properties» և «Mirak Leasing» խոշոր ընկերությունները: Մհեր Սադոյանը հույս ունի, որ սկսած գործի արժանավայել ընթացքը կմեծացնի Միրաքների ներդրումների ծավալն ու շրջանակները` ընդգրկելով նաև բիզնես ծրագրեր: «Նման ծրագրերով մենք ստեղծում ենք նաև աշխատատեղեր` նպաստելով գյուղերում աղքատության նվազեցմանը, կրթում ենք մարդկանց` հատկապես երեխաներին»,- բացատրում է «ԷյԹիՓի»-ի փոխտնօրեն Ջեյսոն Սողիկյանը: Գարունը բացվելուն պես Մարգահովիտի 4200 բնակիչներից 30-40-ն աշխատում է տնկարանում: «Ծրագիրը, ճիշտ է, ռազմավարական նշանակություն ունի, բայց այս պայմաններում ամենակարևորն այն է, որ աշխատատեղեր են ստեղծվել: Երկրորդ ամենակարևոր բանն այն է, որ կարողանում ենք կտրված անտառները վերականգնել ու ժառանգել մեր թոռներին: Աստված չանի, բայց ի՞նչ իմանաս, գուցե 90-ականների պես ճգնաժամ էլի լինի, ու մեր թոռները ստիպված լինեն տաքանալու համար օգտագործել այդ փայտը»,- ասում է Մարգահովիտի գյուղապետ Սեյրան Անանյանը: Աղքատության նվազեցման ծրագիրը «ԷյԹիՓի»-ն սկսել է 2003 թ. Այգուտ գյուղից, որտեղ, ինչպես կազմակերպության ներկայացուցիչներն են ասում, շատ էին ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական խնդիրները: Օրինակ`գյուղում գազ կար, բայց բնակիչներն ի վիճակի չէին վճարել այն իրենց տուն հասցնելու վարձը: «Ուսումնասիրելով վիճակը` որոշեցինք ամեն տան մոտ փոքր տնամերձ տնկարաններ հիմնել: Մարդիկ աճեցնում են տնկիներն ու վաճառում մեզ: Գյուղի նույն աշխատուժը նաև տնկում է դրանք անտառներում`այդպիսով ունենալով մշտական աշխատանք»,- բացատրում է «ԷյԹիՓի»-ի հանրային կապերի պատասխանատու Բելլա Ավետիսյանը` հավելելով, որ համապատասխան սեզոնին կազմակերպությունը 45.000 դրամ միջին աշխատավարձով 300-500 աշխատող է վարձում` տարբեր մարզերում ծառ տնկելու համար: Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Այգուտ և Աղավնավանք գյուղերի ավելի քան 250 ընտանիք իրենց տնամերձ հողակտորներում նման տնկարաններ են հիմնել: «ԷյԹիՓի»-ի` փոքր ձեռներեցության զարգացմանն ուղղված տնամերձ տնկարանների ծրագիրն այս տարի «Էներջի գլոբ» մրցանակաբաշխության ժամանակ 109 երկրների ներկայացրած 853 նախագծերից ազգային հաղթող է ճանաչվել: Կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր Բրյուսելում ստացել են պատվո բացառիկ մրցանակը, հպարտությամբ են պատմում մրցանակի մասին` նշելով, որ այն ընկերության աշխատանքի աննախադեպ գնահատանքն է: «Սակայն Հայաստանի պաշտոնատար անձինք այդպես էլ ինչպես հարկն է չարձագանքեցին այս եզակի մրցանակին»,- նշում է Ավետիսյանը: 1994 թ. հիմնված «Հայաստան ծառատունկ ծրագիր» կազմակերպությունն այս տարի հատեց Հայաստանում 2 մլն ծառերի տնկման սահմանագիծը`անտառվերականգնում իրականացնելով Գեղարքունիքում, Լոռում, Տավուշում: Նախատեսվում է առաջիկա տարիներին ընդգրկել նաև Հայաստանի մյուս մարզերը: «Նման կազմակերպություն հիմնելու և նման ծրագրեր սկսելու հիմնաքարը 90-ականների էներգետիկ ճգնաժամն էր, այնուհետ` ձևավորված բիզնեսը, որոնք և հանգեցրին զանգվածային անտառահատումների, և ի հետևանք`Հայաստանի անտառային շերտի վերացման»,- իրավիճակն է ներկայացնում Սադոյանը` ավելացնելով, որ սկզբում կազմակերպությունում աշխատում էր 3-4 մարդ, իսկ այժմ նրանց թիվը հասել է 80-ի: Այս տարի «ԷյԹիՓի»-ի տարեկան բյուջեն 1.5 մլն դոլար է, որը կազմվում է Սփյուռքի 3000-5000 դոնորների մեծ ու փոքր նվիրատվություններից: «Մեզ օգնում են նաև համայնքների բնակիչներն ու ղեկավարները: Իսկ բնապահպանական կրթության տեսանկյունից` նաև կրթության և գիտության նախարարությունը, որի օժանդակությամբ Կրթության ազգային ինստիտուտից ստացել ենք «ԷյԹիՓի»-ի` էկոկրթության դասագրքի հաստատման փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ այն դպրոցներում կծառայի որպես դասագիրք»,- ընդգծում է Սադոյանը: Նրա խոսքերով` «ԷյԹիՓի»-ն համագործակցում է նաև ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի հետ, որի անտառագիտության ամբիոնն օգնում է անտառվերականգնման պլաններ կազմելիս: «Այս աշնանը համալսարանը մեզ կներկայացնի պլանը, որը ՀՀ կառավարության հետ համաձայնեցնելուց հետո բաժանելու ենք համայնքներին, քանի որ կառավարությունը մտադիր է անտառը հանձնել համայնքների կառավարմանը»,- շեշտում է Սադոյանը:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.