Վերլուծաբանի կարծիք. Ռուսաստանը ճանաչում է երկու սուբյեկտ, սակայն տարածաշրջանը ստանում է միայն մեկ նոր սուբյեկտ

«Այլևս անհնար է պատկերացնել, որ վրացին կգնա Ցխինվալ»,- ասում է Իսկանդարյանը
Հնգօրյա ռուս-վրացական պատերազմի ամենալուրջ արդյունքը Հարավային Կովկասում նոր սուբյեկտի առաջացումն էր, որը Հարավային Օսիան է. այս եզրակացությունն է անում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շաբաթվա սկզբին Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտություններին նվիրված կլոր սեղանի ընթացքում։

Նա բացատրում է, որ 90-ականների անկախության պայքարի տարիներին, ի տարբերություն Աբխազիայի և Ղարաբաղի, Հարավային Օսիայում տեղի չունեցան էթնիկ զտումներ, և այստեղ բնակչությունը շերտավորված էր վրացիներով ու օսերով:

«Ամեն մարդ Ցխինվալից Վլադիկավկազ գնալիս անցնում էր վրացական գյուղերի միջով, երբ ամեն ինչ հանգիստ էր, մեքենան անցնում էր»։ Նա ասում է, որ Օսիան իրավաբանորեն թեև նման էր մյուս չճանաչված հանրապետություններին, բայց, ի տարբերություն նրանց, ամբողջական մարմին չէր, որի ամբողջ տարածքով տարածվեր օսական իշխանությունը։ Հնգօրյա պատերազմից հետո վիճակը արմատականորեն փոխվել է, Հարավային Օսիայում այլևս վրացի չկա և մոտ ապագայում էլ չի լինի։

«Մինչև վերջերս վրացին Թիֆլիսում կարող էր նստել մարշրուտնի և կես ժամում հասնել Օսիա, Ցխինվալի շուկայում հանել պոմիդորի արկղը ու վաճառել։ Պատկերացրեք, որ ադրբեջանցին Գյանջայից մարշրուտնիով նուռը բերում է Ստեփանակերտ վաճառելու։ Անհնար է պատկերացնել։ Ահա այդպես այլևս անհնար է պատկերացնել, որ վրացին կգնա Ցխինվալ։ Այնտեղ` Հայաստանից մի քանի ժամ հեռավորության վրա, հայտնվել է նոր քաղաքական սուբյեկտ»։

Իսկանդարյանն ասում է, թե հարց է ծագում. կա՞ արդյոք այդպիսի սուբյեկտ, թե՞ դա Ռուսաստանն է: «Ռուսական ներկայությունը Հարավային Օսիայում կար, կա ու կլինի։ Դա փաստ է, իսկ վրացական անկլավներ կային, հիմա այլևս չեն լինի։ Փախստականները կվերադառնան, որոնց վրա լուրջ գումարներ են ծախսվում, և Հարավային Օսիան կդառնա միատարր օսական բնակչությամբ հանրապետություն»։

Իսկանդարյանի մյուս հետևությունն է, որ ռազմական գործողությունները ցույց տվեցին ռուսական ռազմական մեքենայի ահավոր անարդյունավետությունը. «Ռուսաստանի հաղթանակը զարմանալի չէ, բայց ինչպես դա արեց` ահավոր զարմանալի է»։
Անցնելով միայն Ռոքիի թունելով և չիջեցնելով դեսանտ, ռուսները հասնում են Ցխինվալ շատ ուշ՝ 18 ժամում։ Օդում գերիշխանություն հաստատելիս ռուսները կորցրին 4 ինքնաթիռ, ներառյալ` «ՏՈՒ-22» ռմբակոծիչ, որը նախատեսված է բաց ծավում ինքնաթիռակիր նավեր հայտնաբերելու և հրթիռներով ոչնչացնելու համար։
Անարդյունավետությունը Իսկանդարյանը բացատրում է առաջին հերթին ռուսական բանակի հնացած կառուցվածքով, որտեղ բացակայում է ընդհանուր հրամանատարությունը. որպեսզի ցամաքային զորքերի հրամանատարը ավիացիան ներգրավի գործողությունների մեջ պետք է զեկուցագիր ներկայացնի սպայակույտի պետին, նա էլ` պաշտպանության նախարարին, նա էլ նախագահին, որը գերագույն գլխավոր հրամանատարն է:

«Եվ այդ զեկուցագրերը պետք է անձամբ` թղթապանակը ձեռքին, ներկայացնեն, որը ժամանակ է խլում»,- բացատրում է Իսկանդարյանը։

Այսուհանդերձ, մի քանի տարի ամերիկյան հրահանգիչներով մարզված վրացական բանակը միայն ռուսական զորքերի գալու լուրը առնելով կոլապսի ենթարկվեց, և կոլապսը տարածվեց Վրաստանի մյուս կառավարման մարմինների վրա։

Իսկանդարյանն ասում է, որ տարածաշրջանի մյուս լուրջ փոփոխությունը խիստ թուլացած Վրաստանն է. «Կառավարման համակարգի կոլապսը հավետ չի կարող տևել, ռուսները վաղ թե ուշ կգնան, ճանապարհները, կամուրջները կվերականգնվեն, Ամերիկան փող կտա, Ուկրաինան` տեխնիկա, բայց էֆեկտիվ պետության` որպես զարգացման, դեմոկրատիայի օրինակի, իմիջը սպանված է»:

ԱրմենիաՆաուի էջերում