Բակո Շինարար. նախագահը կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել շինարարության որակին, քան քանակինՊաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նախագահը փոխեց քաղաքաշինության նախարարին` նշանակելով երիտասարդ ճարտարապետ Անահիտ Վարդանյանին: Շուտով նորանշանակ նախարարը ստեղծեց շինարարության որակի վերահսկման առանձին մարմին: Շինարարության ցածր որակի մասին խոսում են պաշտոնապես և ոչ պաշտոնապես` սկսած ճանապարհաշինությամբ, որտեղ թերությունները երևում են անզեն աչքով, վերջացրած բնակարանաշինությունից, որտեղ շինարարների բացթողումները ակնհայտ են դառնում բնակարանամուտի առաջին իսկ օրերին: Օրինակ` Համահայկական հեռուստամարաթոնների ժամանակ հանգանակված գումարներով կառուցված ճանապարհները վատ վիճակում են: Ընդամենը 3-4 տարի առաջ կառուցված Հյուսիս-հարավ մայրուղին արդեն մի քանի անգամ նորոգվել է, և քանի որ պարզ չէ, թե ով է վճարելու վերանորոգման համար, ճանապարհի շինարարությունը դադարեցվել է: Պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, թե առայժմ որքան խախտումներ են բացահայտվել, քանի մարդ է պատասխանատվության ենթարկվել: 2008 թ. առաջին կիսամյակում իրականացվել է 83.222.000 դրամի (մոտ $277,000) շինարարություն, ինչը 2,6 տոկոսով պակաս է 2007-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Ըստ վիճակագրական տվյալների`պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են 20,5 տոկոսով, մարդասիրական օգնության միջոցներով` 33 տոկոսով, բնակչության միջոցներով` 11,6 տոկոսով: Փոխարենը 5 անգամ աճել է արտասահմանցի, հիմնականում` ռուսաստանցի ներդրողների միջոցներով իրականացվող շինարարության ծավալը: Շինարարության ծավալների կրճատումը փորձագետները բացատրում են այն հանգամանքով, որ շինարարական աշխատանքների մի մեծ մասը դադարեցվել է կամ անբավարար որակի, կամ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով: Իր փոքրաթիվ ելույթներում նախագահ Սահակյանը բնորոշում է շինարարությունը որպես բարձր կոռուպցիոն ռիսկի ոլորտ: Մասնավոր զրույցում մի փոքր շինարարական ընկերության սեփականատերը նշեց, որ պետությունից ստացված գումարի գրեթե կեսը շինարարության վրա չի ծախսվում: Բացի պաշտոնական հարկերից, որոնք բավական բարձր են, զգալի գումարներ են տրվում այս կամ այն պաշտոնյայի: «Ես ինչի՞ հաշվին պետք է կաշառք տամ` շինանյութի հաշվին: Որքան քիչ փող է մնում, այնքան ցածր է որակը. ասֆալտը մի երկու սանտիմետր ցածր է նորմայից, պատերի երեսպատումը` բարակ: Իսկ որպեսզի այսպիսի շինարարությունը շահագործման ընդունեն` էլի փող է պետք»,- ասում է ընկերության սեփականատերը, որը խոսեց «ԱրմենիաՆաուի» թղթակցի հետ պայմանով, որ իր անունը չնշվի: Հենց նման երևույթների դեմ են ձգտում պայքարել իշխանությունները, սակայն առայժմ այդ պայքարը հնարավոր չէ հաջող համարել, քանի որ մեղավորները չեն պատժվում: Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել բնակարանային շինարարությանը: Բնակարանի կարիք ունեն հատկապես երիտասարդ ընտանիքները: Շատ երիտասարդներ չեն ամուսնանում, քանի որ բնակարան չունեն: Սակայն այս տարի պետության իրականացրած ծրագրի շնորհիվ, որը ֆինանսական խթան է նախատեսում նորապսակների համար, ամուսնությունների թիվը 2008-ի առաջին կիսամյակում 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,7 անգամ: Համապատասխանաբար աճել է բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը: Նրանց համար, ովքեր ի վիճակի են վարկով բնակարան գնելու, պետությունը ներդրել է հիփոթեքային վարկավորման համակարգ: Առևտրային բանկերն առաջարկում են նման վարկեր տարեկան 12-16 տոկոս տոկոսադրույքով: Պետական ծրագիրը հատուցում է 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի կեսը, մյուս 6 տոկոսը քաղաքացին վճարում է ինքը: Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հավաստմամբ` բնակարանները կառուցվում են հիփոթեքային վարկավորման միջոցներով: «Ներկայումս այդ ծրագրի շրջանակներում Հադրութում և Ասկերանում կառուցվում է 9-հարկանի երկու բնակելի շենք, իսկ Շուշիի Նիկոլ Դումանի փողոցում կապիտալ նորոգվում է պատերազմի ժամանակ հրդեհված 64-բնակարանոց մի շենք»,- ասում է Եսայանը: Առ այսօր բավարարվել է հիփոթեքային վարկի 143 հայտ, որոնցից 52-ը` բնակարան գնելու, 5-ը` կառուցելու, 86-ը` նորոգելու: Մերժվել է 3 հայտ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամը երաշխավորել է 884.180.000 դրամի (մոտ $2,9 միլիոն) վարկային հայտ: «Արցախբանկը» վարկավորել է 364.502.000 դրամի ($1,2 միլիոն) հայտ, «Հայբիզնեսբանկը»` 74.100.000 դրամի ($247.000): «Ես հիփոթեքային վարկի մասին չէի էլ մտածում: Երբ կարդացի թերթերում, թե ամսական որքան եկամուտ պետք է ունենաս վարկ ստանալու համար, որոշեցի բանկ չգնալ: Պետք է ամսական մոտ 800 դոլար ստանալ: Եթե այդքան եկամուտ ունենայի, ինքս բնակարան գնելու գումար կհավաքեի»,- ասում է երկու երեխայի մայր, 28-ամյա Լիլյա Օսիպյանը: Նա ասում է, թե ամուսինը սպա է, ծառայում է բանակում, և հուսով է, որ ամուսնուն կապահովեն բնակարանով: Զինծառայողների սոցիալական ծրագրի շրջանակներում բնակարաններ են կառուցվում: Այս տարի շահագործման է հանձնվել 12 բնակարան, մինչև տարեվերջ կհանձնվի ևս 126 բնակարան: Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հավաստմամբ` 840 սպա և ենթասպա բնակարանի վարձի փոխհատուցում է ստանում բանակից:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.