Պայծառ գաղափար. Կառավարությունը ստեղծում է «Լույս» հիմնադրամը` խրախուսելու արտասահմանում կրթություն ստանալըԱնցյալ տարվա սեպտեմբերին նախաձեռնության հեղինակ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը նամակ ուղարկեց իշխանություններին, որում ասվում էր, թե բարձր վարկանիշ ունեցող բուհերն ապահովում են կրթության այնպիսի որակ և ստանդարտներ, որոնք անհասանելի են մեր բուհերի համար: Նաև ասված էր, որ Հայաստանի կրթական ռազմավարության գլխավոր բաղադրիչներից մեկը պետք է դառնա այդ բուհերում հայ ուսանողների կրթությունն ապահովելը։ Թեև նամակը ստորագրել են ակադեմիկոսներ ու բուհերի դեկաններ ու ամբիոնի վարիչներ, սակայն որոշ իշխանական շրջաններում այն վիրավորանք համարեցին հայրենի գիտության նկատմամբ։ Իշխանյանն ասում է, որ Հայաստանի բուհերը բացի հայագիտության ոլորտից մյուս բնագավառներում ի վիճակի չեն մրցունակ կրթություն ապահովել: Նա ասում է, որ որակյալ սարքավորումների և ավելի բարձրակարգ մասնագետների կարիքը լրացնելու համար օգտակար է արտասահմանում կրթություն ստանալը: «Փորձարարական բնագավառներում, օրինակ, անհրաժեշտ են լաբորատորիաներ որոնց միջին գինը 15 միլիոն դոլար է,- ասում է նա։ - Մեր ունեցած լաբորատորիաների 90 տոկոսից ավելին պիտանի չէ, սարքավորումները հնացած են, որոնք վերջին անգամ թարմացվել են 88-ից առաջ։ Եթե նույնիսկ նման ֆանտաստիկ գումարներ ծախսվեն ու լաբորատորիաներ ձեռք բերվեն, ապա դա չի նշանակում, որ կպատրաստվեն որակյալ կադրեր։ Նաև լաբորատորիաներում աշխատող Նոբելյան մրցանակակիրներ պիտի ունենաս իրենց դպրոցներով ու ավանդույթներով, ինչպիսիք կան, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Ուրեմն անհնար է որակյալ կադրերի պատրաստումը երկրի ներսում»։ Անցյալ տարվա դեկտեմբերին այն ժամանակ ՀՀ վարչապետ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության արդյունքում նախաձեռնության մեկնարկի հիմքերը դրվեցին, սակայն քաղաքական փոթորիկները հետաձգեցին այն մի քանի ամսով։ Իշխանյանը դիմելով մի շարք հիմնադրամների ու ձեռնարկությունների՝ նրանցից 15-ից համաձայնություն ստացավ որոշ չափով ֆինանսավորելու ծրագիրը։ Հունիսին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հաստատագրվեցին հայ ուսանողներին օժանդակելու սկզբունքները, և ստեղծվեց աշխատանքային խումբ՝ մշակելու համապատասխան հայեցակարգ։ Մշակված հայեցակարգի նախագծով, որը կառավարությունը կհաստատի մոտ օրերս, օժանդակություն տրվելու է և´ միջպետական պայմանագրերով ու պետության կողմից գործուղված ուսանողներին, և´ սեփական ուժերով ընդունվածներին։ Օժանդակության ենթակա են բուհական ամբողջ կրթությունը և հետբուհական գործունեությունը։ Ուսանողների համար մասնագիտական սահմանափակում չի լինելու։ 2000 թվականից միջկառավարական փոխանակման ծրագրերով 8 երկրներ (որոնց մեջ Սիրիա, Եգիպտոս, Ռումինիա, Բուլղարիա) են մեկնել ուսանելու մոտ 500 ուսանող։ Սակայն նրանց մեջ չկան բարձր վարկանիշ ունեցող բուհեր։ 2004 թվականից Ռուսաստանը կրթաթոշակ է տրամադրում Հայաստանի մոտ 100 ուսանողի իր բուհերում սովորելու համար։ Սակայն դիմորդների փոխարեն բուհերն ընտրում է Ռուսաստանի կրթության նախարարության հանձնաժողովը, որը հայ երիտասարդներին ուղարկում է հիմնականում նահանգների համալսարաններ (Տոմսկ, Իվանովո, Բելգորոդ, Վորոնեժ, Ռյազան)։ Այդ բուհերի մեջ չկան ամենահեղինակավոր` Մոսկվայի պետական և ֆիզիկակտեխնիկական համալսարանները։ Կրթության և գիտության նախարարությունն է կազմակերպում միջպետական պայմանագրերով ընդունելության քննությունները, որոնք կոռուպցիայի մեծ դաշտ են բացում։ Արդյունքում` հայաստանյան որակից քիչ տարբերվող բուհ ընդունվելը ոչ այնքան ուսման նպատակ է հետապնդում, որքան երկրից դուրս գալու։ Մի ծնող պատմում է, որ որդուն ավելի որակյալ բուհ ընդունվել միջնորդելու համար կրթության նախարարության պաշտոնյան 3 հազար դոլար կաշառք է պահանջել, և եթե գերազանց հանձնած չլիներ քննությունները, 10 հազար կպահանջեր։ Նոր հայեցակարգով միջպետական պայմանագրերով ուսանողները կարող են ընդունվել միայն ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհեր, որոնց ցուցակը կկազմվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի պաշտոնական վարկանիշային սանդղակներով։ Ավելի ցածր վարկանիշ ունեցող բուհերում սովորելու համար ուսանողներին կառավարությունը չի աջակցի։ «Մեր սկզբունքն է՝ ուզո՞ւմ ես պրոբլեմ չունենալ, լավ սովորիր, որպեսզի լինես ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհերում։ Հակառակ դեպքում ծրագիրը քեզ չի օգնի», - ասում է Իշխանյանը, ով հայեցակարգի հեղինակն է։ Հիմնադրամը կվճարի նաև բուհական ընդունելության քննությունների արժեքը (GRE`- ՋիԱրԻ և այլն)։ Հիմնադրամը կօժանդակի բոլոր ուսանողներին անկախ սոցիալական վիճակից` և՛ անապահովներին, և՛ լիովին ապահովվածներին։ Իշխանյանն ասում է, որ դա կբացառի կոռուպցիան և ուսանողին հնարավորություն կտա ինքնուրույն լինելու զգացողություն ունենալ։ Հայեցակարգը չի պարտավորեցնում օժանդակություն ստացած ուսանողներին վերադառնալ հայրենիք։ Փոխարենը նրանք պարտավոր են Հայաստանում ամառային դպրոցում հայոց լեզվի, պատմության ու մշակույթի քննություններ հանձնել, իսկ ավարտելուց հետո հիմնադրամը պարտավորվում է նրանց համար աշխատանք գտնել Հայաստանում ու վճարել աշխատավարձի մի մասը։ Ադրբեջանում անցյալ տարվա ապրիլին մի ծրագիր է հաստատվել, որով մինչև 2015 թ. արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բուհերում պետական ֆինանսական օժանդակությամբ կրթություն կստանա 15 հազար մարդ։ Արդեն մոտ 700 հոգի ուսում է ստանում, այս տարի կմեկնի մոտ 1000 հոգի։ Իշխանյանի ունեցած տվյալներով` բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորում են 80 հայ ուսանողներ, որոնք կրթաթոշակ են ստացել սեփական ուժերով, առանց պետության աջակցության։ Տարեկան մոտ 10 ուսանող է մեկնում ուսման։ Նրա հաշվարկով` այժմ ադրբեջանցի 10 ուսանողի դիմաց Հայաստանը մեկ ուսանող ունի, որը հակամարտող երկրի համար վտանգավոր ցուցանիշ է. «Եթե Ադրբեջանը տարեկան 700 ուսանող է նախատեսում, մենք գոնե 200 պետք է ունենանք։ Սակայն սա էլ է քիչ մի ազգի համար, որն ասում է, թե իր գլխավոր ռեսուրսը ուղեղն է»։
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 7 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.