Հանցագործությունների քրոնիկոն. հանրապետությունը ցնցած հանցագործություններում պատգամավորը մեղադրում է նաև կրիմինալ բովանդակությամբ հեռուստասերիալներըՀանրապետական կուսակցության առաջատար ներկայացուցիչ, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը երեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած իր ելույթում նշեց, որ հանցագործությունների թվի վերջերս տեղի ունեցած կտրուկ աճում պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև որոշ հեռուստասերիալներ, որոնք փառաբանում են քրեական ապրելակերպը: «Իրավիճակը մեր հեռուստատեսություններում կայուն վատ չի մնում, այն տարեցտարի վատթարանում է: Առաջ հայրենի սերիալներն իրենց բովանդակությամբ այնքան պրիմիտիվ էին, որ չէին կարող ուժեղ ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Այսօր դրանց մակարդակը բարձրացել է, և դա մեծ վտանգ է ստեղծում, քանի որ դրանց թեմաներից մեկը հանցագործ աշխարհն ու քրեական ապրելակերպը ռոմանտիկ լուսապսակի ներքո ներկայացնելն է»,- նշել է Աշոտյանը` հավելելով, որ որոշ սերիալներում դրական հերոսը բոլորովին էլ օրենքը հարգող մարդը չէ: Աշոտյանի «սթափվելու» կոչն արժանացավ սերիալ նկարահանող առնվազն մեկ հեռուստաընկերության խիստ քննադատությանը, որի կարծիքով` երիտասարդ օրենսդրի հայտարարությունը հետ է բերում բրեժնևյան գրաքննության ավանդույթները: «Շանթ» հեռուստաընկերությունը իր «Հորիզոն» լրատվական թողարկման մեջ խորհուրդ է տվել Աշոտյանին ընդհանրացված մեղադրանքներ ներկայացնելու փոխարեն կոնկրետ անուններ տալ: Իր մեկնաբանություններում «Շանթ» հեռուստաընկերությունը, որը նկարահանել է քրեական ապրելակերպը պայծառ գույներով ներկայացնող «Որոգայթ» սերիալը (որում քրեականների դերերում հանդես են գալիս հանրահայտ դերասաններ), հերքեց ներկայացված մեղադրանքները որպես չհիմնավորված` հայտարարելով, թե սերիալի ամբողջ տրամաբանությունն ու տոնը հեռու են հանցաշխարհը դրական լույսի ներքո ներկայացնելուց: Միաժամանակ հեռուստաընկերության մեկնաբանն ընդգծել է, որ իրենց մոտ ոստիկանները փող չեն վերցնում կրիմինալ աշխարհից ու կրիմինալ աշխարհի հետ համաձայնության չեն գալիս, ինչպես դա հաճախ պատահում է իրական կյանքում: «Մենք ներկայացնում ենք իրականությունը, միգուցե իշխանությունները նախ պետք է փոխեն իրականությունը, հետո միայն սերիալների բովանդակությանն անդրադառնան»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: Հոկտեմբերի 24-26-ը ռեկորդային կարելի է համարել «կրիմինալ ռազբորկաների» թվի առումով, որոնց հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել: Չորս մարդ սպանվել է և մեկը վիրավորվել հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, դատախազության վարկածի համաձայն` կրիմինալ բանդաների հաշվեհարդարի ժամանակ: Մեկ մարդ սպանվել է և մեկը վիրավորվել հոկտեմբերի 26-ին` օրը ցերեկով, Երևանում, երբ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքնաձիգից և ատրճանակից կրակ է բացել Կոմիտասի պողոտայի թիվ 48/ա շենքի բակում: 43-ամյա Հրաչյա Մաթևոսյանը մահացել է, իսկ նրա ուղեկից 32-ամյա Հարություն Բ.-ն` վիրավորվել: Այս սպանությունը դատախազ Աղվան Հովսեփյանը որակել է «ռևանշ»` անցյալ տարվա նոյեմբերին սպանված Որսորդմիության նախագահ Սայադ Դավթյանի մահվան համար: Դավթյանի 29-ամյա զարմիկ Հայկ Դավթյանը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքն է կատարել [հոկտեմբերի 26-ի] սպանությունը: Հոկտեմբերի 24-ին կրակոցների հետևանքով 3 մարդ է վիրավորվել նաև Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ 3 երիտասարդների վրա կրակել է Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը իրեն պատկանող «Դրախտ» ռեստորանում: Երիտասարդներից մեկը` Ստեփանավանի սոցապհիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը, դանակով հարվածել է քաղաքապետին: Նա պնդում է, որ դա արել է որպես ինքնապաշտպանություն միջոց: Հոկտեմբերի 25-ին` գիշերը, 1 մարդ վիրավորվել է «Ծղոտներ» ռեստորանի մոտ ծագած վիճաբանության ընթացքում տեղի ունեցած հրազենային կրակոցներից: Անցյալ շաբաթ-կիրակի ծեծկռտուքներ են եղել նաև Երևանի դիսկոտեկներում: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ դրանցից մեկին մասնակցել է բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամը: Սակայն ոչ ոստիկանությունը, ոչ գիշերային ակումբի տնօրինությունը չեն հաստատել այդ տեղեկությունը: Այս ամենը տեղի է ունենում հոկտեմբերի սկզբին նախագահ Սերժ Սարգսյանի խոստումից դեռ մեկ ամիս էլ չանցած ` «տեսանելի հետևանքներ» նրանց համար, ովքեր ուժի միջոցով փողոցներում հարցեր են լուծում: Հոկտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում իր ելույթը եզրափակել էր` պատգամավորներին և ողջ հանրությանը յուրովի հորդորելով վերջ տալ կրիմինալ դրսևորումներին ու կրիմինալ տարրերի կիրառմանը Հայաստանում` դրանք արատավոր ու անընդունելի գնահատելով: «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ. ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է,- ասել էր նախագահը: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետև հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 18 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.