Կնոջ աշխատանքը. Գյուղապետն ասում է, որ իր աշխատանքը դժվար է, բայց անհրաժեշտ

Կնոջ աշխատանքը. Գյուղապետն ասում է, որ իր աշխատանքը դժվար է, բայց անհրաժեշտ


«Ես էլ աշխատում եմ փեշ չհագնել, տաբատով միշտ լինեմ»,- ասում է Աղունիկը, ով փեշ է հագնում հատուկ առիթներով

Երբ երեք տարի առաջ Աղունիկ Հազրյանը դարձավ գյուղապետ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղում, չէր պատկերացնում, որ որպես կին ամեն օր պիտի ապացուցի, որ արժանի է այդ պաշտոնին:

«Հայկական մտածողությամբ` կինը չպետք է ղեկավար լինի, կինը պետք է միայն երեխաներ մեծացնի ու խոհանոցում լինի: Բայց ես դա սխալ եմ համարում, եթե կնոջ մեջ կա պոտենցիալ, պետք է այն օգտագործել, և ես այսօր ապացուցել եմ, որ ունեմ այդ հնարավորությունը»,- ասում է այս տարվա աշնանը արդեն երկրորդ անգամ գյուղապետ ընտրված 44-ամյա Հազրյանը: (Հայաստանի 866 գյուղապետերից միայն 23-ն կին` 2,5 տոկոսը:)

«Գյուղում գոյություն ունի տղամարդկանց խումբ թե տեսակ ասեմ, ովքեր չեն ընդունում, որ ես իրենց գյուղի ղեկավարն եմ: Ասում են` շատ լավ աղջիկ է, շատ լավ աշխատում է, բայց կին է, փեշ է հագնում: Ես էլ աշխատում եմ փեշ չհագնել, տաբատով միշտ լինեմ»:

Տաբատով ու մեքենայով նա շրջում է գյուղում, հանդիպում գյուղացիների հետ:

«Մեքենայի համար էլ էին խոսում` կնիկ մարդը ռույլի հետ ինչ գործ ունի և այլն, և այլն: Հետո արդեն սովորական դառավ, մեկ էլ տեսնեմ` գալիս են այդ նույն տղամարդիկ ու խնդրում, թե` Աղուն ջան, ինչ կլինի` էստեղ տար, էնտեղ տար»:

Հազրյանը, ի տարբերություն շատերի, հնարավորություն ունեցել է թե՛ Գյումրի, թե՛ Երևան տեղափոխվելու, բայց չի գնացել, Արեգնադեմում (բնակչությունը` 350) հաստատվելով`կապվել է գյուղին ու այն արդեն հավասարապես իրենն է համարում, ինչպես և ծննդավայր Գանձան:

Երկրաշարժից հետո, երբ Արեգնադեմում ու Ամասիայի տարածաշրջանի մյուս գյուղերում բնակվող ադրբեջանցիները լքեցին դրանք, այստեղ սկսեցին տեղափոխվել Ախալքալաքից (Վրաստան):

«1989-ի մարտին եմ ամուսնացել և ամուսնուս հետ տեղափոխվել այստեղ, քանի որ որպես նորաստեղծ ընտանիք այնտեղ ապրելու հնարավորություններ քիչ ունեինք,- ասում է նա: - Ամուսինս ինքն էր խրախուսում, միշտ ասում էր` դու որ գյուղապետ դառնաս, այս գյուղը կծաղկի: Երևի այնքան ասեց, ես էլ որոշեցի»:

Ընտրություններում երկու անգամ էլ իր հետ պայքարող թեկնածուները տղամարդիկ են եղել, ու եթե առաջին անգամ նա ստիպված էր ցույց տալ ու համոզել, որ ուզում է գյուղի անմխիթար վիճակը բարելավել, ապա երկրորդ անգամ հպարտությամբ հատ-հատ թվարկում էր` ինչ է արել գյուղի համար ու դեռ ինչ կանի:


«Գյուղը քանդվում էր, չկար էն ուժը, էն պոտենցիալը, որ գյուղը վերականգներ, առանց այն էլ քանդված գյուղ էր, և քանի որ առաջին հայ երեխան այս գյուղում ծնված առաջնեկս` Անդրանիկն է եղել, որոշեցի, ես ձեռքս վերցնեմ գյուղը վերականգնելու գործը»,- ասում է Հազրյանը` համոզված` կինն ավելի վստահելի է, ավելի պատասխանատու:

Նրա գյուղապետ դառնալուց հետո գյուղում շատ բան է փոխվել, Արեգնադեմը սկսել է տարբեր ծրագրերի մասնակցել, սուբսիդավորում է ստացել կառավարությունից, ֆինանսավորում ու օգնություն է ստացել միջազգային ու տեղական տարբեր կազմակերպություններից:

Այդ ընթացքում կահավորվել ու գույքով է ապահովվել գյուղի բուժկետը, կառուցվել է գյուղի արևելյան և արևմտյան մասերն իրար միացնող կամուրջը. «Տեղատարափ հորդառատ անձրևների հեղեղը քշել-տարել էր նախկին կամուրջն, ու նույնիսկ բարեկամները չէին կարողանում իրար տուն գնալ. պետք է շրջանցեին ողջ գյուղը, իսկ ձմռան ամիսներին շատ դժվար էր ու վտանգավոր գայլերի պատճառով»:

Գյուղի հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ առաջին իսկ հնարավորության դեպքում լքում են այն: «Դժվար է այստեղ ապրուստ ստեղծելը, իմ ամուսինն էլ Հայաստանում չէ, տարվա 8 ամիսը Ռուսաստանում է, 4-ը` այստեղ: Բայց այլ կերպ հնարավոր չէ, ուզում ենք երեխաների համար մի բան ստեղծել»,- իր երեք երեխաների ապագայով է մտահոգ Հազրյանը:

Նույն մտահոգությամբ էլ գյուղի մասին է խոսում. «Այս տարի կառավարության հատկացրած 5 մլն դրամ (16,500 դոլար) է գյուղ մտել, որը բաժանվել է հողը մշակողներին, դա մեծ աջակցություն էր գյուղացու համար: Շուտով նաև ճանապարհների փոսալցում ենք անելու, ինչպես նաև օգնելու ենք թաղամասերից մեկի ջրագծի վերանորոգմանը, և այս ամենը մինչև 70 տոկոս հասած հարկահավաքության շնորհիվ»:

Հազրյանը համոզված է. երկրորդ անգամ ընտրվել է, քանի որ հավատարիմ իր խոստումներին` կատարել է նախընտրական ծրագիրը.

«Մի գլոբալ խնդիր է մնացել` միջնակարգ դպրոցի շենքի հարցը, որը կախված չէ ինձնից: Կառավարությունը պետք է այն ընդգրկի իր ծրագրերում, ես նույնիսկ խոսել եմ մի քանի պատգամավորների հետ, նաև վարչապետին եմ գրել, ով նամակս ուղարկել է տարածքային կառավարման նախարարություն, բայց դեռևս պատասխան չունեմ»:

Հազրյանը, սակայն, մարդկանց այն տեսակին է պատկանում, ում համար «հույսը միշտ վերջինն է մեռնում»: «Երբեմն ողջ գիշեր համակարգչի առաջ նստած ծրագրեր եմ գրում: Եղել են դեպքեր, որ օրվա մեջ երկու անգամ գնացել եմ գյուղից 150 կմ հեռավորության վրա գտնվող Երևան և հետ եկել:

Դժվար է համատեղել ընտանիքն ու գործը, քանի որ այս գործը ժամը 9-ից 6-ը չէ: Դժվար է լինել և կին, մայր, և հարս 84 տարեկան սկեսրայրի համար, և գյուղապետի պարտականությունները կատարել,- ասում է Հազրյանը: - Բայց չեմ տրտնջում, ինչ կարողանամ` անելու եմ»:


ԱրմենիաՆաուի էջերում