Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը
Ցուցահանդեսի վերնագիրն է «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» Մեկ տարի անց նա իր միասեռական լինելու մասին հայտարարեց ու «ի հայտ եկավ» արդեն ամբողջ Երևանով, երբ 9 միասեռական արվեստագետ կանանցով Զարոբյան փողոցում գտնվող Ուտոպիանա կազմակերպությունում բացեցին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը` վիդիեոարտ, ինստալյացիա, գեղանկար, ընթերցանություն։ Նրանք դարձան Հայաստանի առաջին քաղաքացի կանայք (2-ը սփյուռքահայ են), որ ի հայտ եկան որպես միասեռական հասարակության առաջ (տղամարդ հոմոսեքսուալիստների մասին տես` http://www.armenianow.com/?action=viewArticle&CID=1733)։ Օգոստոսի 3-ի ցուցահանդեսի` Երևանի համար չտեսնված «անամոթ» ազդագրերը փակցված էին տարբեր փողոցներում. «Հրավիրում ենք ձեզ (տար)օրինակ միասեռ կանանց խմբային ցուցահանդեսին` «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ»: Վերնագիրը ծնված է միասեռականի վիրավորանքից, երբ ծնողներին խոստովանելով իր սեռական կողմնորոշումը` նրանցից օտարանում է։ Նրանց բոլորին միավորում է կին, միասեռական և հայ լինելը։ Շուշանը, որ նրանց մեջ միակ գրողն է, ընթերցեց Ուտոպիանայի փողոցի անունից վերցված վերնագրով` «Զարուբյանի կանայք» վեպից հատված («Ինքնագիր» թիվ 4), որտեղ տարօրինակ կանանց տարածության փնտրտուքն է մի հասարակության մեջ, ուր նրանց տեղ չեն տալիս։ 32-ամյա Շուշանը ծնվել է Երևանում, բայց միասեռական հակումը նրան տարել է ԱՄՆ։ Կնոջ նկատմամբ առաջին ցանկությունը զգացել է 14 տարեկանում. «Սիրահարվել էի Սիլվանային` ինձնից 10 տարով մեծ ամուսնացած մի կնոջ։ Բոլոր պատերիս «Սիլվանա» էի գրել»։ Կիպրոսի Մելքոնյան վարժարանում ուսանելու ժամանակ ցանկությունները և սերը դասընկերուհու նկատմամբ նրան հասցնում են հոգեկան խանգարման։ Ուսումը կիսատ թողած` նրան բերում են տուն ու մի քանի ամիս բուժում։ Երևանում հստակ հասկանում է, որ ինքը միասեռական է, ու տղամարդկանց հետ սեքսի մեջ փորձում է խեղդել այդ «դիվական» ցանկությունը։ «Սիրահարվում էի աղջիկներին, ու ինձ թվում էր` դա մի մութ տեղ է, ուր ես չեմ կարող գնալ, նրանք իմ դևերն էին, որոնց դեմ պետք է պայքարեմ»։ «Մութ» տեղ մտնելու ելքը դառնում է ԱՄՆ մեկնելը, ուր առաջին անգամ կնոջ հետ է լինում: Երկակի կյանքից ազատվելու վերջին քայլը ծնողներին ի հայտ գալն էր։ Անընդհատ ձգձգում էր` ենթադրելով օտարացման հնարավոր հետևանքները: Երևանյան արձակուրդի ժամանակ մի առավոտ խոստովանում է։ Հայրն ասում է. «Ամեն ինչ կսպասեի քեզնից, որ կարող ես թմրամոլ դառնաս, բայց ոչ էդ»։ Ծնողները դուրս են գալիս զբոսանքի։ Շուշանը վախվորած հարցնում է. «Կարո՞ղ եմ ես էլ գալ»,- կարծես հարցնելիս լիներ. «Դուք ինձ չե՞ք մերժում»։ Համաձայնվում են, բայց Շուշանը զգում է, որ ինքն այլևս այս ընտանիքի անդամ չէ։ Իսկ ո՞ւր են ընտանիքից խորթացման երկյուղով երկակի կյանքին հարմարված իր բախտակիցները, որոնք ոչ շանս ունեն բացահայտ ապրելու, ինչպես Շուշանը ԱՄՆ-ում, ոչ էլ համարձակություն ծնողներին ասելու։ Նույն ժամանակ Երևանում «Ուտոպիանա» կազմակերպությունում արվեստագետ Լուսինեի հետ ծանոթությունը դառնում է միասեռ կանանց խմբի միավորման ու համատեղ ծրագիր իրականացնելու սկիզբը։ 30-ամյա Լուսինեն ասում է, որ միասեռական լինելը գիտակցել է 20 տարեկանում։ Ապրում է հարազատների հետ, ուր լռելյայն կռահում են նրա կողմնորոշումը: Մոր խորհուրդը` ճիշտ կանի գնա Հայաստանից, միակ ակնարկն է եղել։ Բայց ոչ մի կողմը չի ուզում լռությունը խախտել։ Ի հայտ գալու վախը ուղեկցել է «Զարուբյանի կանանց» կես տարի` այն օրից, երբ սկսել է մարմնավորվել համատեղ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը։ Ինչպես 26-ամյա Լուսիայի վիդեոյում՝ կինը շշնջալով այնպես է խոսում, որ ոչինչ չի լսվում, ու միայն երբեմն մի քանի բառ համարձակվում է բարձր ասել՝ «ցավ պատճառել»։ 30-ամյա Աստղիկը տրաֆարետը քաշեց, ու հատակին հայտնվեցին ալյուրով ձուլված երկու սեր անող կանայք։ Ցուցահանդեսը հնարավորություն տվեց պատկերով արտահայտելու այն, ինչ թաքցրել է ամբողջ կյանքում։ Մայրը չգիտի իր կողմնորոշումը, քրոջ առաջ անկեղծացել ու ասել ... «Յա՛խկ». եղել է պատասխանը։ Քայլն արված է, բայց Աստղիկը դեռ վախենում է. այո, հրապարակային ի հայտ է եկել, բայց չէր ուզի մայրը իմանար. «Վախենում եմ, առաջին հերթին, որ մամաս չիմանա, իսկ քաղաքը փոքր է, ու շատ տհաճ պատմություններ կլինեն»։ Ի հայտ չգալու մյուս պատճառը տնտեսական կախվածությունն է ընտանիքից։ 22-ամյա Արփին ասում է, որ եթե լավ աշխատանք ունենար և կարողանար առանձին ապրել, հանգիստ ի հայտ կգար, բայց հիմա չափից դուրս պատասխանատվություն է դնում ծնողների վրա, որոնք և՛ պետք է կերակրեն իրեն, և՛ բարեկամների ու հարևանների առաջ ամոթով կրեն դստեր կողմնորոշման ծանրությունը։ Նա փերֆորմանսով պետք է Լուսինեի մորը հեռախոսով տեղեկացներ դստեր սեռականության մասին, բայց չարեց, վախեցավ։ Տորոնտոյից երկու կանայք նույնպես բախվում են միասեռականությունը ժխտող հայ համայնքի պահպանողականությանը, բայց, ինչպես Ալինան է ասում (բոլորը խնդրեցին իրենց կիսաբացահայտ՝ առանց ազգանունների, միայն անուններով ներկայացնել), ինքը կարող է համայնքից հեռանալ, իսկ Հայաստանում կանայք հեռանալու տեղ չունեն։ 47-ամյա Ալինան ծնվել է Թեհրանում, 1980-ից ընտանիքով ապրում են Տորոնտոյում։ 30-ում հայտնաբերում է իր մեջ միասեռականին ու հայտնում ամուսնուն, որը նրա մազերը խուզում է որպես նոր կյանքի խորհուրդ։ 12 տարի ակտիվ լեսբիական կյանքով ապրելուց հետո իր ընկերուհու՝ Մելանիի հետ միացել է ամուսնուն, ու երեքով ստեղծել ընտանիք. «Ես չեմ ուզում միասեռական պիտակը (թայթլը) կրել, դա սահմանափակ է, քանի որ տարիներ անց կրկին սիրահարվել եմ ամուսնուս»։ Երբ միասեռական լինելու մասին հայտնում է դաշնակցական մորը, նա գոռում է. «Ալինա՛, ինչի՞ ես ուզում ինձի տանջել»։ Հորը չի հայտնում։ Ավանդապաշտ մարդուն, ով վստահ է, թե աղջիկը պիտի կույս ամուսնանա, նորությունը շատ կվհատեցներ։ Փոքր եղբայրն էլ է միասեռական, բայց ընտանիքում չգիտեն այդ մասին։ Ալինան ասում է, որ թեև հայկական համայնքում «խայտառակ» համբավ ունի, բայց իր ընկերուհիների հետ եկեղեցական տոներին սկսեց այցելել համայնքային ակումբներ: «Նույնիսկ չէին բարևում, ես գոյություն չունեի նրանց համար»,- ասում է նա։ «Զարուբյանի կանանց» պատմությունները նրա համար դեժավյու են, հիշեցնելով իրեն սեփական փորձառությունը։
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.