Դյուրամարս հաջողություն. վանաձորցի մասնագետը ստեղծում է կենսաբանական հավելանյութերով նոր սննդամթերքԲիֆիլակտ կոչվող կաթնաթթվային սննդամթերքը, որի ստեղծողը կաթնամթերքի արտադրության վանաձորցի մասնագետ Համլետ Հակոբյանն է, կենսաբանական հավելանյութերով` պրոբիոտիկ բակտերիաներով հարուստ սննդանյութ է: Այն ոչ միայն կարգավորում է մարսողությունը, այլև կանխում աղիքային խանգարումներն ու պաշտպանում որոշ վարակիչ հիվանդություններից: Բիֆիլակտի հիմքում կովի կաթն է, որը յուղազերծվելուց հետո հարստացվում է բիֆիդում կոչվող բակտերիաներով: Արդյունքում ստացվում է որոշակի զանգված` մածնի թանձրության մթերք: Բիֆիլակտը նման է Հայաստանում խորհրդային տարիներից արտադրվող «Նարինե» կաթնաթթվային պատրաստուկին: Հակոբյանը բացատրում է, որ իր նոր արտադրանքի և մեծ տարածում գտած «Նարինեի» տարբերությունն այն է, որ «Նարինեն» պարունակում է միայն ացիդոֆիլային բակտերիաներ, իսկ բիֆիլակտը` նաև բիֆիդոբակտերիաներ: Երկու բակտերիաներն էլ մարդու օրգանիզմն ավելի լավ է յուրացնում, քան կովի կաթը, այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում դրանք լայն տարածում ունեն որպես կլինիկական սննդակարգին նպաստող միջոցներ: Նախապատրաստական փուլում Հակոբյանն ուսումնասիրել է կենսաբանական հավելանյութերով սննդամթերքի արտադրության ճապոնական, կանադական և եվրոպական փորձն այս ոլորտում: «Ժամանակն է, որ Հայաստանում ևս այն զարգանա»,- ասում է Հակոբյանը, ով արտադրություն կազմակերպելու համար վարկ է վերցրել: Նրա հավաստմամբ` բիֆիլակտը վաճառքի է հանվել համապատասխան լաբորատոր փորձարկումներից հետո: Ներկայումս բիֆիլակտի արտադրությունում Վանաձորում աշխատում է 6 մարդ: Արտադրողը հույս ունի, որ ծավալների մեծացմամբ նրանց թիվը կավելանա: Առայժմ արտադրվում է օրական 20-100 բաժակ բիֆիլակտ` 200 գրամանոց պլաստիկե բաժակներով: Գինը 250 դրամ է (մոտ 70 սենթ)` «Նարինեի» նման: Վանաձորի երկու կենտրոնական դեղատներում վաճառքի հանված փորձնական խմբաքանակը (100-200 բաժակ) սպառվել է 2 օրում (պիտանիության ժամկետն ընդամենը 3 օր է): «15 բաժակը երկու օրում վաճառեցինք»,- ասաց դեղատներից մեկի աշխատակիցը` հավելելով, որ զարմացել էին նոր ապրանքի այդչափ արագ սպառմամբ: Նա նշեց, որ բժիշկներն են իրենց հիվանդներին խորհուրդ տալիս նոր միջոցը: Վանաձորցի մանկաբույժ Սվետլանա Մեսրոպյանը կարծում է, որ այդ տեսակի սնունդ անհրաժեշտ է ընդունել ամեն օր, բայց` ոչ մշտապես: «Անհրաժեշտ է ընդունել 2-3 ամիս` բժշկի նշանակմամբ»,- ասում է մանկաբույժը` դրական գնահատելով բիֆիլակտի դերը աղիքային վարակիչ հիվանդությունների բուժման գործում: Բացի այդ, այն նպաստում է տարբեր տարիքի մարդկանց մարսողությանը: («Նարինեի» նման բիֆիլակտը կարելի է օգտագործել նաև առանց բժշկի դեղատոմսի:) Բժիշկ Կարեն Ադամյանն էլ նկատում է, որ բիֆիդում պարունակող սննդանյութերը կանխում են ոչ միայն հիվանդությունները, այլև կարգավորում մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: «Տարիների ընթացքում օրգանիզմը շփվելով արտաքին միջավայրի հետ` տարբեր տեսակի վնասակար մանրէներ է կլանում, իսկ օրգանիզմում պակասում են բիֆիդում բակտերիաները, որոնք պաշտպանական դեր են կատարում»,- նշում է Հակոբյանը: Օրգանիզմում բիֆիդում բակտերիաների պակասի պատճառով մարդը խոցելի է դառնում տարբեր հիվանդությունների նկատմամբ, ինչից զերծ մնալուն օգնում է կենսաբանական հավելանյութերով սննդամթերքը: Բիֆիլակտի արտադրությամբ զբաղվում է վեց մարդ, որոնք մտադիր են ոչ միայն ընդլայնել արտադրությունն ու դրա աշխարհագրությունը, այլ արտադրել նաև հեղուկ զանգված` համեմված մրգային համերով:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.