Կիբերխնամախոսություն Վանաձորում. Հայաստանի երրորդ քաղաքում գործում է ինտերնետային ծանոթությունների ծառայություն

Կիբերխնամախոսություն Վանաձորում. Հայաստանի երրորդ քաղաքում գործում է ինտերնետային ծանոթությունների ծառայություն


Արդեն մեկ ամիս է, ինչ Վանաձորի մամուլն ու հեռուստատեսությունն ազդարարում են ինտերնետ ծանոթությունների գործակալության բացման մասին:

Այցելելով http://www.life-and-love.net գերմանական ինտերնետային էջը` վանաձորցիները կարող են ծանոթանալ բարեկամություն կամ ամուսնություն առաջարկող թեկնածուներին: Կայքէջը գործում է անցյալ տարվա նոյեմբերից անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով:

Վանաձորի պես փոքր քաղաքի համար նորույթ համարվող ծանոթություն-սրահի բացման նախաձեռնությունը պատկանում է «Թռիչք» կրթամշակութային և խորհրդատվական հասարակական կազմակերպությանը:

ՀԿ նախագահ Հովիկ Նիկողոսյանը ինտերնետով պատահականորեն ծանոթանալով գործակալության ինտերնետային էջի` http://www.life-and-love.net ազգությամբ հայ պատասխանատու Ռիտա Կրալ Մակիչյանի հետ` որոշեց այն կիրառել նաև Վանաձորում:

Մի քանի ամսում ծանոթություն հաստատելու ու կյանքի ուղեկից գտնելու էջի առաջարկին վստահել է 4.000 մարդ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից ու Ռուսաստանից:

«Սերն արգելք չի ճանաչում, այդ պատճառով ոչ մի նշանակություն չունի` թե Դուք քանի տարեկան եք, որտեղից եք և ինչ լեզվով եք խոսում: Մեր աշխատակիցները, որոնք տարբեր լեզուների են տիրապետում, կօգնեն Ձեզ՝ Ձեր ընտրյալի հետ նամակագրություն իրականացնելու բոլոր հարցերում»,- էջի հայերեն տարբերակում նշում են պատասխանատուները:

Միայնությունից բուժվելու տարեկան վարձավճարը 19 դոլար է:

Առցանց գործակալությունը Հայաստանում երկու ներկայացուցչություն ունի` Երևանում և Վանաձորում:

Էջում գրանցվել կարող են նաև առանց գործակալության ներկայացուցչություն դիմելու` վարկային քարտով առցանց վճարում կատարելով:

«Թռիչքում» ասում են, որ ՀԿ-ի համար իրենց թերևս անսովոր դերն է ծառայության գովազդելը, գրանցվել ցանկացողներին աջակցելը, հանդիպումներ կազմակերպելը և նույնիսկ խորհրդատվություն տրամադրելը:

«Աղջիկներն ու կանայք հիմնականում կաշկանդված են: Ուզում են, բայց վատ են զգում, ամաչում են, մենք էլ բացատրում ենք, որ եթե տղամարդն իրավունք ունի ընտրություն կատարելու, ապա դուք էլ ունեք»,- բացատրում է Նիկողոսյանը:

Նա ասում է, որ արդեն գրանցվել է տարբեր տարիքի 50 մարդ` 30 կին և աղջիկ, 20 երիտասարդ տղամարդ:

51 տարեկան մի կնոջ գործակալության Վանաձորի աշխատակցուհին օգնել է գրանցվելու, այժմ էլ աջակցում է նամակ գրելիս և պատասխանելիս:

«Ինտերնետից չի կարողանում օգտվել, ես էլ սիրով օգնում եմ»,- գործակալության Վանաձորի աշխատակցուհի Ստելլա Քոչարյանը շաբաթը մի քանի անգամ սպասարկում է Լոռուց գրանցված տարիքով մեծ ամուսնալուծված կնոջը, ով կրկին ամուսնանալու մտադրություն ունի: «Դեռ շփվում է, հետաքրքրվում, իրեն են գրում, ինքն է գրում»,- ասում է Ստելլան:

Գրանցված լոռեցիներից տարիքով ամենափոքրը 18 տարեկան է (գործակալություն կարող են դիմել այն քաղաքացիները, ում 18 տարին լրացել է): Նիկողոսյանն ասում է, որ այս էջում գրանցվածները հիմնականում կյանքի ուղեկից են փնտրում, բայց կան մարդիկ, որոնք ընդամենը ծանոթ են որոնում հաղորդակցվելու համար:

http://www.life-and-love.net էջի օպերատորները վերահսկում են նամակագրությունը` վիրավորական արտահայտություններ թույլ չտալու համար:

«Սա, փաստորեն, «սաբաբն» է (միջնորդ ծանոթության, ապա ամուսնության համար), որը ստեղծում է շփման ավելի ազատ դաշտ: Խորհրդային տարիներին շատերն էին սաբաբով հանդիպում, ու առաջանում էր ընտանիքների միջև կախվածություն` անպայման գործը ամուսնության հասցնելով: Ինտերնետի դեպքում այդպես չէ, չես ուզում` կարող ես և չշարունակել հանդիպումները»,- ասում է Նիկողոսյանը:

Նա պատմում է էջում գրանցված 71-ամյա մի տղամարդու մասին, ով գրանցվելիս հատուկ շեշտել է, որ փնտրում է խնամված կին:

Չնայած վանաձորցի երիտասարդների մեծ մասն օգտվում է www.odnoklasniki.ru էջից, նրանք անվերապահորեն չեն վերաբերվում ինտերնետ գործակալության գոյությանը:

Նրանց համար odnoklasniki-ն ոչ թե ամուսնության միջոց է, այլ ընդամենը ծանոթություններ հաստատելու և հեռավոր վայրերում ապրող հարազատների հետ հաղորդակցվելու տարբերակ:

«Կասեն` տեղդ ի՞նչ նեղ էր, որ դիմել ես»,- ասում է 25 տարեկան Անահիտ Դանիելյանը:

Թեև նրա շրջապատում շատերն են ամուսնացել ինտերնետի օգնությամբ, և նա լուրջ է վերաբերվում ինտերնետ-ծանոթություններին ու այդ տարբերակով ամուսնություններին, հաստատ չի դիմի փոքր քաղաքի ժողովրդի «բերանը չընկնելու» համար:
«Ինձ նույնիսկ ամուսնության առաջարկ են արել ինտերնետով, բայց ծիծաղել եմ ու վերջ»,- ասում է 23-ամյա Անժելա Հարությունյանը:

Նրա համար ինտերնետով ամուսնությունն անընդունելի է, դա հակասում է հայկական մտածելակերպին:

«Ինձ համար հետաքրքիր են այդ ամուսնությունները, գիտեմ, որ շատ երջանիկ են, բայց ամեն դեպքում ինձ համար անընդունելի են»,- ասում է Անժելան:

23-ամյա Արթուր Սուքիասյանն անգամ չի թողնի, որ քույրը կամ էլ իգական սեռի հարազատները ծանոթություն փնտրեն ինտերնետում:

«Ինտերնետից օգտվողներն իրենք են անլուրջ մթնոլորտ ձևավորել»,- ասում է Արթուրը:


ԱրմենիաՆաուի էջերում