«Եվրատեսիլ-2009», բանավեճերը շարունակվում են. մռայլ ներկայացումը և գոթական շպարը ստվերեցին Արշակյան քուրերի` անգամ փայլուն ձայնային տվյալները
Ազգային տարազը և անբնական դիմահարդարումը խիստ քննադատվեցին Հայաստանում (Մինչ Արժույթի միջազգային հիմնադրամը մռայլ ապագա է կանխագուշակում հանրապետության համար, մինչ ավագանու ընտրությունները վերաձևում են մայրաքաղաքի քաղաքական դաշտը, մինչ ԱԺ նախագահն ասում է, որ շուտով համաներում կշնորհվի 2008 թ. մարտի 1-ի զանգվածային անկարգությունների առնչությամբ ձերբակալվածներին, բանավեճերի ամենաթեժ թեման Հայաստանում շարունակում է մնալ «Եվրատեսիլը»: «ԱրմենիաՆաուի»` «Եվրատեսիլի» մասին հոդվածն ավելի շատ մարդկանց է ոգեշնչել մեկնաբանություններ թողնել կայքէջում, քան անցյալ տարվա նախագահական ընտրությունները լուսաբանող հոդվածները:) Մինչև հայտնի «Եվրատեսիլ» երաժշտական փառատոնը շատերը համոզված էին, որ Ինգա և Անուշ Արշակյան քույրերը կզբաղեցնեն բարձր տեղ: Անգամ հավանական էին համարում առաջին հորիզոնականը` հաշվի առնելով քույրերի ձայնային գերազանց տվյալները: Բայց եզրափակչի 25 մասնակիցների մեջ քույրերը 10-րդ հորիզոնականը զբաղեցրին: Գրեթե բոլոր հայ հեռուստադիտողները համակարծիք են, որ քույրերի ցածր տեղ զբաղեցնելը պայմանավորված էր վատ ներկայացմամբ և բեմում մուգ երանգների գերակշռությամբ: Այդուհանդերձ, քույրերի նկատմամբ համակրանքը չի թուլացել: Մոսկովյան «Ֆրեշ արտ» հայտնի ռուսական ընկերությանը մեղադրում են վատ բեմականացման համար, քանի որ այս կազմակերպությունն էր պատասխանատու հայ երգչուհիների բեմական շոուի, պարի, հագուստների, անբնական դիմահարդարման համար: Սակայն Արշակյան քույրերի պրոդյուսեր «Շարմ» հոլդինգը չի մեղադրում ընկերությանը` ասելով, որ շոուի նման տպավորությունը միայն հեռուստաէկրանից էր: «Առաջին օրն ամեն ինչ դահլիճից շատ ավելի ակնահաճո էր երևում, քան եթերում: Բայց հարցը լուծվեց, քանի որ արդեն երկրորդ համերգը շատ ավելի վառ գույներով ներկայացրինք, ավելի խոշոր պլաններով և գրիմը նույնպես ավելի մեղմացվեց»,- ասաց երգչուհիներին աջակցող խմբում ներգրավված Ռուդիկ Տեր-Գալստյանը: Իսկ «Շարմ» ընկերության փիար մենեջեր Աննա Ավանեսյանը նշեց, որ քննադատները հիմնականում չեն հասկանում շոու բիզնեսից: «Նշենք, որ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով` մեր երկիրը զբաղեցրել է 15-րդ տեղը, ու եթե ընդհանուր քվեարկության արդյունքը 10-րն է, դա արդեն ինչ-որ բան նշանակում է»: Նրա տվյալներով` բազմաթիվ բողոքներ են ստացվում Հունաստանի հայկական համայնքից, որտեղ ասում են, որ շատ մարդիկ են քվեարկել, բայց Հունաստանը արդյունքում 0 միավոր է տվել Հայաստանին: Էստրադային երգչուհի Սյուզին կարծում է, որ Արշակյաններն ամենապրոֆեսիոնալ երգիչներից են Հայաստանում և համեմատում «Եվրատեսիլի» նախորդ հայ մասնակիցներին: «Եթե Անդրեն ավելի բեմական էր, Սիրուշոն` ավելի հիթային, իսկ Հայկոն` ավելի ռոմանտիկ, ապա Ինգան և Անուշն էլ ամենալավ ձայնային տվյալներ ունեցողներն էին, հատկապես եթե հաշվի առնենք, որ նրանք չունեին բեք վոկալ»,- ասում է Սյուզին: Սյուզին համաձայն է, որ կարելի էր ամեն ինչ շատ ավելի բաց երանգների մեջ ներկայացնել, պարողների և երգչուհիների հագուստները տարբեր լինեին, բայց ամեն դեպքում դա չէր որոշիչը. «Փոխվել էր քվեարկության կարգը, դրա համար էլ ամեն ինչ այդպես եղավ»: Հիշեցնենք, որ նախորդներից այս մրցույթը տարբերվում է նրանով, որ SMS-հաղորդագրությունների միջոցով քվեարկող հեռուստադիտողները գնահատականի միայն կեսն էին որոշում, գործում էր նաև պրոֆեսիոնալ ժյուրի, և հեռուստադիտողների ու ժյուրիի ձայները հաշվվում էին 50:50 սկզբունքով։ Կոմպոզիտոր Արամ Սաթյանը կարծում է` սխալ էր մեկ անգամ ևս ապացուցել, որ հայերն ավելի արևելյան ազգ են, քան հարևան երկրների ժողովուրդները: «Այս միտումը շարունակվում է երկար տարիներ: Չորրորդ տարին է, ինչ մասնակցում ենք այս մրցույթին, և Արևելքն արդեն խեղդել է: Այստեղ մեղքի իր բաժինն ունի կոմպոզիտորների միությունը, որը ձեռքերը լվացել է և ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է»,- այս շաբաթ մամուլի ասուլիսում ասաց Արամ Սաթյանը: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 10 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.