Հակաճգնաժամային բուրմունք. վանաձորցի գործարարը նախաձեռնում է սխտորի փոշու արտադրություն
Սխտորի փոշու առաջին խմբաքանակը Վանաձորում Սխտորի փոշի արտադրելու մտահղացումը պատկանում է վանաձորցի գործարար Արմեն Գալոյանին, որը տեղի շուկան ուսումնասիրելիս պարզել էր, որ տեղացի երշիկ արտադրողները օգտագործում են չինական արտադրության սխտորի փոշին, որը, նրա հավաստմամբ`բավական ցածրորակ է: Անցյալ տարվա փետրվարին Գալոյանն ու նրա չորս ընկերները Վանաձորում հիմնեցին սխտորի փոշի արտադրող «Միասին» ձեռնարկությունը` Գյուղացիական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում 37.000 դոլար (մոտ 13.5 միլիոն դրամ) վարկ ստանալով Համաշխարհային բանկից: 1,5 հա հողամասում աճեցված սխտորի վերամշակումից 3 տոննա փոշի են ստացել, որը վաճառվել է: Համաշխարհային բանկի ու գյուղնախարարության աջակցությունն այս փետրվարին ավարտվել է, բայց գործընկերները որոշել են շարունակել արտադրությունը ստացած եկամուտների հաշվին: «Միասին» պիտակը կրող փոշու հաջորդ արտադրանքը գործընկերները նախատեսում են ստանալ սեպտեմբերին` սխտորը հավաքելուց հետո: Այս անգամ 1,5-ի փոխարեն ցանել են 3 հեկտար: Գալոյանն ասում է, որ մտադիր են ընդլայնել արտադրությունը. արդեն պայմանավորվել են մարզի մի քանի գյուղերի բնակիչների հետ՝ սխտոր ցանելու ու վաճառելու մասին: Միակ խնդիրը չինական արտադրության սխտորն է, որը, ըստ նախաձեռնության հեղինակների, բավական էժան է: Այդուհանդերձ, Վանաձորի խանութներում չինական արտադրության սխտորի փոշի չես գտնի: 54-ամյա տնային տնտեսուհի Էլմիրա Սարգսյանը թեպետ տեղյակ չէ սխտորի փոշու գոյության մասին, բայց ասում է, որ խոհանոցում օգտագործում է սխտոր: «Եթե խանութում սխտորի փոշի վաճառվի, ավելի ձեռնտու է դա գնել. 1 կիլոգրամը մեկ տարի կարող եմ օգտագործել»,- ասում է Սարգսյանը: Գալոյանի հաշվարկներով` չինական սխտորի փոշու ինքնարժեքը 30 դրամ է (0,08 դոլար), իսկ դրա 1 կիլոգրամը հայաստանյան շուկայում վաճառվում է 1500 դրամով (4 դոլար): Իսկ Լոռու սխտորի փոշու 1 կիլոգրամն արժի 6500 դրամ (17,7 դոլար), մինչդեռ սխտորն արժե 600-700 դրամ (1,6-2 դոլար): Չնայած առաջին խմբաքանակի հաջող վաճառքին ներքին շուկայում` գործարարները մտադիր են կենտրոնանալ արտաքին շուկայի վրա: Միևնույն ժամանակ փորձելու են հաստատվել նաև տեղական շուկայում` մասնագիտանալով մրգերի ու հատապտուղների չրերի արտադրության ոլորտում:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.