Համեղ կերակուր Պահքի համար. պասուց տոլմա
«Պասուց տոլմայի նկատմամբ իմ հարգանքը մեծացել է այն պահից սկսած, երբ կերել եմ հենց տատիս պատրաստածը: Ու հիմա որքան էլ փորձում եմ նրա նման պատրաստել, միևնույն է, մի բան էն չի լինում: Չեմ զգում նրա պասուց տոլմայի համն ու հոտը, չնայած իմ երեխաներն էլ իմ եփածն են շատ սիրում»,- ասում է 37-ամյա Սվետան ու սկսում պասուց տոլմայի հատուկ արարողությունը: Պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակներից է: Այն պատրաստել են լոբուց, ոսպից, սիսեռից, ոլոռից, ձավարից ու բրնձից` փաթաթելով կաղամբի կամ խաղողի տերևներով: Պասուց բառը կապվում է պահք բառի հետ: Հաճախ ենք լսում` ինչպես են մարդիկ խոսակցական լեզվում հաճախ օգտագործում պաս բառը, այսինքն`պահք: Պասուց տոլման պատրաստում են ձեթով` հիմնականում Մեծ պահքի շրջանում: (Մեծ պահքը տևում է 48 օր, և պաս պահողները պետք է բուսական կերակուրներով սնվեն` ոչ մի կենդանական ուտեստ` ձու, միս, ձուկ, կաթնամթերքներ և այլն): Սվետան նախորդ օրը երեկոյան խաշել է բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնք պետք է օգտագործի պասուց տոլմայի մեջ: Խոհանոցի սեղանին շարված են արդեն խաշած 0,5 կգ լոբին, սիսեռը, ոլոռը, 300-400 գ հաճարը (կարելի է նաև աղացած ձավար) և միայն լվացած 0,5 կգ ոսպը: Խաշելիս յուրաքանչյուրին ավելացրել է աղ (ըստ ճաշակի): Նա մաքրում է 1 կգ սոխը, մանր կտրատում, լցնում 700 գ ձեթի մեջ և դնում գազօջախին: «Շատերը սոխն անցկացնում են մսաղացով, բայց ես այդպես չեմ անում: Երբ աղում ես, սոխի ամբողջ հյութը դուրս է գալիս, իսկ երբ կտրատում ես ու դնում եփելու, հյութը դուրս է գալիս ու համ տալիս սոխառածին»,- ասում է Սվետան ու անընդհատ խառնում սոխառածը: Երբ այն դառնում է ոսկեգույն, ավելացնում է մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և չորացրած ծիթրոն, նաև մի քանի տերև չորացրած ռեհան: Ասում է` քանի որ ծիթրոնը չորացրած է, պետք է թողնել, որ սոխառածի մեջ մի քիչ եփի: Պահքի կերակրատեսակ լինելով հանդերձ` պասուց տոլմայի բույրը որկրամոլության գայթակղություն է առաջացնում, քանի որ ծիթրոնի ու ռեհանի բուրմունքը տարածվում է խոհանոցով մեկ` ազդարարելով հաճելի համտեսումի մասին: 10 րոպե հետո Սվետան սոխառածին է ավելացնում 4 գդալ տոմատի մածուկ ու նորից խառնում: «Պասուց տոլմայի գլխավոր բաղադրիչները սիսեռն ու ոսպն են, սրանցից է կախված տոլմայի հետաքրքիր համը: Պատրաստելիս պետք է պահպանել չափերը և հետաքրքիր համային հավասարակշռություն ստեղծել: Այս գաղտնիքին, կարծում եմ, տիրապետում են մեր տնային տնտեսուհիներից շատերը»,- ասում է նա և անցնում կարևոր գործի` տոլման եփելուն: Սոխառածին ավելացնում է կարմիր հատիկ լոբին, ոլոռը, սիսեռը, հաճարը, ոսպը: Հինգ բաղադրիչներին վերջում ավելացնում է նաև 1 բաժակ բրինձ: Սվետան բացատրում է, որ լոբին, ոլոռը, սիսեռը ու հաճարը խաշելուց հետո փլավքամիչով չի քամում: «Դրանց հյութի մեջ է նրանց ամբողջ համը, այնպես որ, քամել պետք չէ, այդ հյութը խառնում են սոխառածին»,- ասում է նա ու խառնում պասուց տոլմայի բազմերանգ միջուկը: Վերջում այդ ամբողջ զանգվածին ավելացնում է մեկ ճաշի գդալ աղ, մանր կտրատած մաղադանոս ու համեմ (ըստ ցանկության), կաթսան փակում կափարիչով և թողնում, որ իր գոլորշիով եփի: Այդ ընթացքում նա վերցնում է մի մեծ գլուխ կաղամբ և հատիկ-հատիկ հանում կաղամբի թերթիկները: Նախապես գազօջախին դրել է 1,5 լ եռացրած ջուր` 1 ճաշի գդալ աղով: Երբ այն սկսում է եռալ, Սվետան կաղամբի թերթիկները լցնում է մեջը: «Հենց զգում ենք` փափկում է, հանում ենք եռացող ջրից ու դնում սառը ջրի մեջ: Պետք է տաք ջրում քիչ թողնել, որպեսզի հետո եփելիս չպատռվի: Այնուհետև լցնում ենք փլավքամիչի մեջ, որպեսզի քամվի»,- բացատրում է Սվետան: Պասուց տոլմայի միջուկը դեռ եփում է մարմանդ կրակի վրա: Սվետան դանակով հեռացնում է արդեն խաշած կաղամբի թերթիկների կոպիտ մասերը, և պատրաստում դրանք փաթաթելու համար: Միջուկը պատրաստ է: Սկսվում է հաջորդ կարևոր փուլը: Պասուց տոլման փաթաթում են խոշոր կաղամբի թփերով, արդյունքում ստացվում են մեծ ու հյութեղ տոլմաներ: Սվետան մեկ թփի մեջ (կախված, իհարկե, թփի մեծությունից) մինչև երեք գդալ միջուկ է լցնում: Սվետան փաթաթում է տոլմաները վարպետորեն ու արագությամբ: Կաղամբի թերթիկներն անխոս ենթարկվում են նրա մատների ճկուն շարժումներին: Սվետան կաթսայի հատակին շարում է կաղամբի թերթիկներ, որից հետո շարում է պասուց տոլմաներն այնքան, մինչև այն լցվում է: Այնուհետև ավելացնում է 4-5 բաժակ ջուր և դնում գազօջախին եփելու 30 րոպե: «Պասուց տոլման հիմնականում նաև Ամանորին ենք պատրաստում: Հիշում եմ` ինչպես էր տատին եփում ու դեռ մի քանի տուն էլ բաժանում: Ասում էր` պետք է բաժանենք, որ հաջորդ տարին բերրի ու խոստումնալից լինի»,- պատմում է Սվետան: Տոլմայի բուրմունքը տարածվել է ողջ տնով: Այն արդեն գրեթե պատրաստ է, բայց Սվետան ասում է, որ պետք է միայն սառչելուց հետո ուտել, իսկ ընդհանրապես շատ համեղ է լինում հաջորդ օրը, երբ բոլոր համերը խառնված են լինում իրար: «Պասուց տոլման որքան խայտաբղետ է, այնքան էլ համեղ է: Անընդհատ փորձում ես գտնել` այդ ո´ր մի կանաչու համն էր, բայց գաղտնիք է մնում, ինչպես տատիս պատրաստածը: Ու հիմա, ամեն անգամ պատրաստելիս, ես փորձում եմ վերագտնել նրա պասուց տոլմայի համը` ամեն անգամ երևի թե ավելի համեղ պատրաստելով»,-ասում է նա: Պասուց տոլմա պատրատելու համար անհրաժեշտ է 700 գ ձեթ 1 կգ սոխ 0,5 կգ լոբի 0,5 կգ ոլոռ 0,5 կգ ոսպ 0,5 կգ սիսեռ 300-400 գ հաճար կամ աղացած ձավար 250 գ բրինձ 2 ճաշի գդալ աղ մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ սև պղպեղ` ըստ ցանկության 4 ճաշի գդալ տոմատի մածուկ չորացրած ծիթրոն ու ռեհան (ըստ ճաշակի) համեմ (ըստ ճաշակի) մաղադանոս (ըստ ճաշակի) 1 մեծ գլուխ կաղամբ Ինչպես պատրաստել 700 գ ձեթի մեջ լցնել նախապես մանր կտրատած 1 կգ սոխը և դնել գազօջախին: Երբ սոխառածը դառնում է ոսկեգույն, ավելացնել 1 ճաշի գդալ կարմիր պղպեղ, չորացրած ծիթրոն ու (շատ քիչ) ռեհան` ըստ ճաշակի և թողնել, որ մի 5 րոպե եփի սոխառածի մեջ: Այնուհետև ավելացնել 4 ճաշի գդալ տոմատի մածուկ, և սպասել ևս մի քանի րոպե, որպեսզի եփի: Հետո սոխառածին ավելացնել նախօրոք խաշած 0,5 կգ կարմիր հատիկ լոբի, 0,5 կգ ոլոռ, 0,5 կգ սիսեռ, 0,5 կգ ոսպ (առանց խաշելու), 300-400 գ հաճար (կամ աղացած ձավար) և 250 գ բրինձ: Այս ամենը լավ խառնել իրար, հետո ավելացնել 1 ճաշի գդալ աղ, կտրատած համեմ ու մաղադանոս: Նորից լավ խառնել, փակել կաթսան կափարիչով և թողնել, որ մոտավորապես 30 րոպե եփի իր գոլորշիով: Մեկ այլ կաթսայով 1,5 լ ջուրը դնել եռալու, ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Այդ ընթացքում վերցնել մի մեծ գլուխ կաղամբ, թերթերն անջատել կոթից: Երբ ջուրը սկսում է եռալ, կաղամբի թերթիկները լցնել եռացող ջրի մեջ: Հենց թերթիկները սկսում են թուլանալ, հանել և դնել սառը ջրի մեջ, ապա` փլավքամիչի: Այնուհետև դանակով կտրել և հեռացնել կաղամբի կոպիտ մասերը, որպեսզի փաթաթելիս չխանգարեն: Երբ պասուց տոլմայի միջուկը պատրաստ է լինում, անցնել բուն գործողությանը: Կաղամբի թուփը բացել ափի վրա, եթե շատ մեծ է և դժվարանում եք, կարող եք փռել նաև խոհանոցային փայտի վրա, ավելացնել մեկ կամ երկու ճաշի գդալ միջուկ: Այնուհետև փաթաթել գեղեցիկ ու նրբորեն: Մեկ այլ կաթսայի տակ փռել կաղամբի թփեր: Փաթաթված պասուց տոլմաները հերթով շարքերով շարել: Փաթաթելն ավարտելուց հետո դնել եփելու, մոտ 30 րոպե: Ուտել սառը վիճակում: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.