Սովորական ապուր. չոր լավաշ, չեչիլ պանիր և սոխառած
«Նախապես ասում եմ, քույրս, որ ապրում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, չեչիլ պանիր է ուղարկում: Պանրախաշն առանց չեչիլ պանրի հնարավոր չէ պատրաստել»»,- բացատրում է Հասմիկը: Չեչիլ պանիրը նման է հաստ սպիտակ թելի կծիկի: Այն անընդհատ բաժանվում է ավելի բարակ թելիկների և ափսեի մեջ հեշտությամբ ընդունում ցանկացած ձև: Պանրախաշը հին հայկական կերակուր է: Այս ճաշատեսակի արմատները կապված են Շիրակի մարզի հետ: Այն պատրաստում են չոր լավաշով, չեչիլ պանրով և սոխառածով: Հասմիկն անցնում է գործի: Սեղանին շարված են խոր ափսեներ: Նախապես սկուտեղի վրա լցված է արդեն կտրատած չոր լավաշը, մյուս սկուտեղում չեչիլ պանիրն է: Հասմիկն ասում է, որ հիմա պետք է յուրաքանչյուր ափսեի մեջ շերտ-շերտ դասավորել լավաշ-պանիր, լավաշ-պանիր: Նա ափսեների մեջ լավաշից ու պանրից փոքրիկ բուրգեր է պատրաստում: Միաժամանակ բացատրում է չեչիլ պանրի առանձնահատկությունը: «Երբ գյուղերում կաթը զտում են, զտելու ընթացքում կաթից առանձնանում են կաթի յուղը և ոչ յուղոտ մնացորդը: Ոչ յուղոտ մնացորդը անվանում են թան, հենց այդ թանից էլ պատրաստում են չեչիլ պանիրը, որի մեջ յուղայնություն փաստորեն ընդհանրապես չկա»,- ասում է Հասմիկը: Պանրի այս տեսակը հնարավոր է ձեռք բերել սուպերմարքեթներում: Երբ Հասմիկն ավարտում է ափսեներում լավաշ և չեչիլ պանիր շարելու աշխատանքը, անցնում է հաջորդ գործողությանը: Նա վերցնում է երկու գլուխ սոխ, մանր կտրատում և լցնում թավայի մեջ, որտեղ արդեն նախապես հալեցրել է 250 գ կարագ: Սոխառածի անուշ բուրմունքը տարածվում է խոհանցում: Նա անընդհատ խառնում է, որ սոխը չվառվի: «Այս կերակուրն իմ մանկությունն է հիշեցնում, մտքով ասես սլանում եմ մեր սարերը: Ինքն անգույն կերակուր է, կարծես թե անշուք, բայց շատ համեղ է: Այն շատ հարգի ու ընդունված է Շիրակում»,- ասում է Հասմիկը: Սոխառածին ավելացնում է 0,5 լ եռացրած ջուր, ևս մի քանի րոպե թողնում գազօջախին ու վերցնում: Այնուհետև սոխառածը լցնում է ափսեներում լավաշից ու պանրից կառուցված փոքրիկ բուրգերի վրա և թողնում, որ միասին հալչեն: Կերակուրը պատրաստ է: Պանրախաշ պատրաստելու համար անհրաժեշտ է 3 հատ չոր լավաշ 400 գ չեչիլ պանիր 2 գլուխ սոխ 250 գ կարագ Պատրաստման եղանակը Խորը ափսեների մեջ շերտ-շերտ շարել նախ չոր, կտրատած լավաշը, ապա պանիրը, հետո նորից լավաշ, նորից պանիր, մինչև ափսեն լցվի: Այնուհետև վերցնել երկու գլուխ սոխ, մանր կտրատել, լցնել թավայի մեջ, որտեղ նախապես հալեցված է 250 կարագը և սոխառած անել: Երբ սոխառածն արդեն գրեթե պատրաստ է, ավելացնել 0,5 լ եռացրած ջուր, թողնել ևս մի քանի րոպե և վերցնել գազօջախի վրայից: Այնուհետև սոխառածը հավասար լցնել ափսեների վրա, որպեսզի լավաշն ու պանիրը ներծծվեն սոխառածով: Երբ ափսեների պարունակությունը փափկում է, կարելի է համտեսել: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.