Ամենահայկական կերակուրը. խաղողի թփով տոլմա
Տոլման պատրաստում են աղացած մսով, սոխով, բրնձով, տարբեր համեմունքներով` այդ ամենը շաղախելով իրար: Այնուհետև այն փաթաթում են խաղողի թփերով: (Տոլմա կարելի է պատրաստել նաև կաղամբի տերևներով, հատկապես Զատկից առաջ` Պահոց շրջանում:) Տոլմայի համար հարկավոր է վերցնել 1 կգ աղացած միս, եթե ցանկանում եք, որ այն յուղոտ լինի, կարող եք ավելացնել նաև 200 գ խոզի յուղոտ միս: Թագուհին նախընտրում է առանց խոզի մսի: Նա թասի մեջ է լցնում տավարի միսը, հետո կտրատած սոխը`բացատրելով, որ շատերը մսաղացով աղում են սոխը, բայց ինքը նախընտրում է մանր կտրատել: «Կարծում եմ `այդպես սոխն ավելի լավ է համ տալիս մսին»,- ասում է նա ու մանր կտրատում 3 գլուխ սոխը, ավելացնում մսին: Թագուհին 1 կգ մսին ավելացնում է նախապես մաքրած ու լվացած 1 թեյի բաժակ կլոր բրինձը: Թասում աղացած միսը ասես սկսում է գունավորվել իրեն ավելացվող բաղադրամասերից`սոխ, սպիտակ բրինձ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 150 գ կարագ, սև, կարմիր պղպեղներ (ըստ ճաշակի) և 1 ճաշի գդալ աղ: «Շատ կարևոր է ճիշտ չափով գցել բոլոր բաղադրամասերը` համային առանձնահատկությունը պահպանելու համար: Բայց հետաքրքիրն այն է, որ տարբեր մարդկանց պատրաստած տոլման տարբեր համ է ունենում: Կարծում եմ` դա կախված է պատրաստողի ձեռքից»,- ասում է նա: Այնուհետև Թագուհին պատրաստում է կանաչիները, որոնք կարևոր նշանակություն ունեն տոլմայի համար: Հայ կնոջ խոհանոցում տարվա բոլոր եղանակներին գրեթե միշտ հնարավոր է գտնել չորացրած ռեհան, ծիթրոն, սամիթ, մաղադանոս ու համեմ: Թագուհին խոհանոցի մի անկյունից հանում է չորացրած ռեհանն ու ծիթրոնը և ավելացնում մսին: «Հատկապես կարևոր են ռեհանն ու ծիթրոնը: Այս կանաչին ես չորացնում եմ և ուղարկում Ռուսաստանում ապրող հարազատներիս, որովհետև հայ կնոջ խոհանոցն առանց այս կանաչիների դժվար է պատկերացնել»,- ասում է նա: Խոհանոցային փայտե տախտակին են հայտնվում մաղադանոսը, համեմը և մի քանի թերթ սամիթ: Թագուհին ևս դրանք մանր կտրատում է և ավելացնում մսին: Վերջին ավելացվող բաղադրիչը կես թեյի բաժակ գոլ ջուրն է, որից հետո պետք է շաղախել խճողակը: «Հիմա շատերը գդալով են խառնում այս ամենը իրար, բայց ես դա չեմ ընդունում: Պետք է ձեռքերը լվանալ ու սկսել շաղախել: Միսը ձեռքերիդ մեջ պետք է խաղա, մատներիդ ու մսի շփումից հասկանում ես յուղայնության չափը, բրնձի շատ կամ քիչ լինելը: Վերջապես, ձեռքի շաղախածն ուրիշ է»,- ասում է Թագուհին ու անցնում գործի: Մի քանի րոպե շաղախելուց հետո տոլմայի խճողակը պատրաստ է: Թագուհին թողնում է, որ միսը մի քանի րոպե հանգստանա, որից հետո անցնում է փաթաթելուն: Թփով տոլման շատ հարգի կերակրատեսակ է հայկական ընտանիքներում: Հայ կանայք թփով տոլմա սովորաբար պատրաստում են ամանորի տոնական սեղանի համար և հյուրասիրում իրենց լավագույն հյուրերին: Թագուհին ասում է, որ այն, իհարկե, մի քիչ աշխատատար է, բայց փոխարենը շատ համեղ կերակրատեսակ է: «Համեղ է հատկապես թարմ, մատղաշ խաղողի տերևներով փաթաթածը, ա´յ հիմա արդեն իսկական ժամանակն է, մի քանի օրից արդեն կսկսենք խաղողի թուփ պահածոյացնել»,- ասում է նա: Ցանկացած հայի բնակարանի խոհանոցային պահոցներում հնարավոր է գտնել 1 կգ-ոց ապակյա տարաներով պահածոյացված խաղողի թուփ, որոնք հայ տնային տնտեսուհիներն օգտագործում են ողջ աշնան-ձմռան ընթացքում ու գարնան սկզբին: Խաղողի տերև վաճառում են Երևանի տարբեր շուկաներում, իսկ խաղողի թարմ տերևը լինում է մայիսի սկզբին-հունիսին: Թագուհին խոհանոցային տախտակին է փռում նախապես բացված խաղողի տերևը, այնտեղ լցնում գրեթե մեկ թեյի գդալ խճողակ և նրբորեն փաթաթում: Կաթսայի հատակին նախապես մի քանի խաղողի տերևներ է փռել, որոնց վրա էլ շարում է արդեն փաթաթված փոքրիկ տոլմաները: Նա բացատրում է, թե ինչպես է հարկավոր պահածոյացնել խաղողի տերևը: «Խաղողի 4-5 տերևները չոր վիճակում դնում ենք իրար վրա, այնուհետ ծալում ու շարում ենք 1 կգ-ոց ապակե տարաներում: Մեծ կաթսայի մեջ մի քիչ ջուր ենք լցնում, որտեղ դնում ենք թփերով տարաները ու հինգ րոպե եռացնելուց հետո հանում կաթսայից: Շատ հեշտ է: Դե, իսկ ձմռանը պատրաստի ունենում ենք»,- բացատրում է նա: Կաթսան լցվում է երկարավուն փաթաթված տոլմաներով: Երբ փաթաթելը վերջացնում է, կաթսայի մեջ այնքան ջուր է լցնում, որ տոլմաները ծածկվեն: Ավելացնում է երկու թեյի գդալ ձեթ, որպեսզի տոլմաները փայլուն ու գեղեցիկ լինեն: Այնուհետև տոլմայով կաթսան դնում է գազօջախին` մեղմ կրակի վրա: Մինչ տոլման կեփի, Թագուհին սեղան է գցում: Նաև պատրաստում է սխտորն ու մածունը: «Կարծում եմ` շատերն են նախընտրում թփով տոլման ուտել մածուն-սխտորով, ու, անկեղծ ասած, այդպես շատ համեղ է»,- ասում է նա: Տոլման 20 րոպեից պատրաստ է: Փայլուն ու կանաչ տոլմաները շարված են ափսեում: Նրանց ծածկում է սխտորով համեմված մածունի սպիտակ շերտը: Սենյակում տարածվում է տոլմայի ախորժաբեր բուրմունքը: Թագուհին ասում է` բարի ախորժակ: Թփով տոլմա պատրաստելու համար անհրաժեշտ է 1 կգ տավարի միս, կարելի է նաև 200 գ խոզի յուղոտ միս ավելացնել 3 գլուխ սոխ 1 թեյի բաժակ կլոր բրինձ 150 գ կարագ 1 ճաշի գդալ տոմատի մածուկ 1 ճաշի գդալ աղ Սև և կարմիր պղպեղ` ըստ ճաշակի Կանաչիներ` ռեհան, ծիթրոն, մաղադանոս, համեմ 1 կգ խաղողի տերև Պատրաստման եղանակը Վերցնել 1 կգ աղացած միս, ավելացնել 3 գլուխ աղացած կամ մանր կտրատած սոխ, մեկ թեյի բաժակ կլոր բրինձ, 150 գ կարագ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ և նույնքան աղ, սև և կարմիր պղպեղ` ըստ ճաշակի: Մսին ավելացնել նաև ռեհան, ծիթրոն, համեմ, մաղադանոս և սամիթ` մանր կտրատած վիճակում: Այնուհետև այդ ամենի վրա լցնել կես թեյի բաժակ գոլ ջուր ու սկսել շաղախել այնքան, մինչև դառնա համասեռ զանգված: Թողնել միսը մի քանի րոպե հանգստանա: Այդ ընթացքում բացել խաղողի տերևները: Այնուհետև 1 թեյի գդալի չափով արդեն պատրաստի խճողակը լցնել բացված թփի մեջ ու երկարավուն փաթաթել: Կաթսայի հատակին խաղողի թփեր փռելուց հետո տոլմաները դասավորել կաթսայում: Երբ կաթսան լցվում է տոլմայով, ավելացնել այնքան գոլ ջուր, որ տոլման գրեթե ծածկվի ջրով, այնուհետև ավելացնել երկու թեյի գդալ ձեթ և դնել եփելու: 20 րոպեից տոլման պատրաստ է: Սովորաբար ստուգում են բրնձով. եթե բրինձը եփել է, նշանակում է` տոլման եփել է: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 10 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.