Թուրքիայի արտգործնախարարը. Ցեղասպանության բանաձևը ճնշման միջոց է և «կխոչընդոտի» արձանագրությունների գործընթացը
Դավութօղլուն մեղադրում է Հայաստանին՝ պնդելով, որ վերջինս «այսպես կոչված ցեղասպանությունը» օգտագործում է Թուրքիային շանտաժի ենթարկելու և Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրելու համար: Երկուշաբթի անվտանգության համաժողովից վերադառնալիս լրատվամիջոցների հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Անկարան որոշումներ կայացնելիս տեղի չի տա այս ճնշմանը: «Թուրքիան անկախ պետություն է և որոշումներ է կայացնում` հաշվի առնելով իր ազգային շահերը,- ըստ «Հյուրիեթ» օրաթերթի` ասել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան: - Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարող են խոսել ճնշման լեզվով»: Անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախումբը որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Կոնգրեսի 252-րդ բանաձևը, որով կոչ է արվում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները և տեղահանումը ճանաչել որպես ցեղասպանություն: Այս որոշումը ողջունեցին թե´ Ամերիկայի և թե´ Հայաստանի հայերը: Դավութօղլուն այս քայլը, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրություններին առնչվող ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը համարել է «նույն շղթայի օղակներ»: Անկարան, մասնավորապես, դժգոհ է դատարանի այն որոշումից, որ անցյալ տարվա հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք դեռ պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, չեն կարող խոչընդոտել Հայաստանին` ձգտելու Հայոց ցեղասպանության ավելի լայն միջազգային ճանաչման: «Ինչո՞ւ այդ զարգացումները հենց այս շրջանում են լինում: Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելիս մենք քաղաքական կամք դրսևորեցինք և սկսեցինք հարաբերությունների կարգավորման գործընթացը բարի կամքի հիման վրա: Նրանք չպետք է մեզ շանտաժի ենթարկեն ապրիլի 24-ով: Եթե որևէ մեկը ցանկանում է ճնշում գործադրել մեզ վրա` անօգուտ է: Թուրքիան անկախ պետություն է և որոշումներ կայացնելիս ելնում է իր ազգային շահերից,- ասաց նա: - Եթե ամերիկացիները նման միջոցներ են կիրառում, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կձախողվի: Սա չի բխում ո´չ Վաշինգտոնի, ո´չ Երևանի և ո´չ էլ Անկարայի շահերից: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը պետք է ավելի ուշադիր լինի և չխոչընդոտի այս գործընթացը` չափից ավելի ջանքեր գործադրելով»: Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրված փաստաթղթերում նշված չէ երկու երկրների խորհրդարաններում դրանց վավերացման որոշակի օր կամ վերջնաժամկետ: Սա ենթադրությունների տեղիք է տալիս, որ Թուրքիան կօգտվի այս հանգամանքից` ձգձգելու վավերացման գործընթացը, մասնավորապես, ճնշում գործադրելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Թուրքիայի տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի հետ երկարատև հակամարտության կարգավորման` Բաքվի համար ընդունելի տարբերակին: Այս դիրքորոշումն արտացոլվել է Թուրքիայի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում, այդ թվում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պարբերաբար հնչող զգուշացումներում: Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքական շրջանակները և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ են արել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները «ողջամիտ ժամկետում»: Այս դիրքորոշմանը սատարում են նաև հարաբերությունների կարգավորման հիմնական աջակիցները, այդ թվում` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առանցքային բանակցողներն են: Թե´ Հայաստանում և թե´ արտերկրում շատերը կարծում են, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը, որը պետք է նշվի ապրիլի 24-ին, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման պայմանական «վերջնաժամկետն» է:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.