Հեղինակավոր բրիտանացու տեսակետը. Օսմանյան կայսրությունում հայերը սպանվել են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար
Այս տարի ապրիլի 24-ին կլրանա Հայոց ցեղասպանության 95 տարելիցը: Ռոբերթսոնն այս տեսակետի վրա աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող և 1988 թ. գործող Հայկական կենտրոնի պատվերով: Վերջին տարիներին Միացյալ Թագավորության կառավարությունը հրաժարվում է ընդունել, որ 1915-1916 թթ. Թուրքիայում տեղի ունեցած հայերի տեղահանումներն ու սպանդը ցեղասպանություն է: 2008 թ. Հայկական կենտրոնը այս հարցի վերաբերյալ փորձագետի կարծիք ունենալու համար դիմում է Ջեֆրի Ռոբերթսոնին: «Բրիտանացիների համար Ռոբերթսոնի տեսակետը շատ կարևոր է,- ասում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը: - Վերջերս Մեծ Բրիտանիայում բավական բուռն քննարկվում է ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Կարծում եմ` դա կապ ունի Ռոբերթսոնի ներկայացրած տեսակետի հետ»: Այդ տեսակետում հեղինակավոր մասնագետը նշում է, որ, իրոք, 1915 թ. Օսմանյան կայսրության հրամանով Անատոլիայից ու այլ գավառներից տեղահան արվեցին մոտ 2 միլիոն հայեր: Նրանք մահացան հիվանդություններից, սովից ու զինված հարձակումներից: Հայերին սպանում էին իրենց ազգային պատկանելության և հավատքի համար: Աշխատությունում նշվում է, թե ինչպես Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները պաշտոնապես երիտթուրքերի կառավարության կատարած գործողությունները որակում են որպես «մարդկության դեմ կատարված հանցագործություն»: Միացյալ Թագավորությունը ձերբակալում է 67 թուրք պաշտոնյաների, ովքեր կասկածվում էին վայրագությունների մասին հրամաններ արձակելու մեջ, սակայն հանուն դիվանագիտական նպատակահարմարության նրանց ազատ են արձակում: Ռոբերթսոնը ցույց է տալիս, թե ինչպես է Բրիտանիայի կառավարությունը հրաժարվում ընդունել հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստը: 2008 թ. փետրվարին լորդ Մելլոք Բրաունը Լորդերի պալատի գրավոր պատասխանում Նորին մեծություն կառավարության անունից պատասխանում է, որ կառավարությունը 1915-1916 թթ. կոտորածները համարում է ողբերգություն: «Այնուամենայնիվ, ո´չ ներկայիս, ո´չ էլ նախորդ կառավարությունները չեն կարծում, որ առկա ապացույցներն այնքան անհերքելի են, որ մեզ համոզեն, թե այդ իրադարձությունները պետք է որակվեն ցեղասպանություն`համաձայն 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի»,- ասված է Լորդերի պալատի պատասխանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այս աշխատությունը համարում է իրավաբանական կոթողային փաստաթուղթ: «Այն հստակորեն ու մանրամասն անդրադառնում է նախապատմությանը, հղում է անում կոնկրետ բրիտանական փաստաթղթերի: Ամենակարևոր փաստաթուղթը Տեղեկատվության ազատության ակտն է: Խնդիր է բարձրացնում, որ խախտվել են իրավունքներ և ավելին, քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից ելնելով`Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը անընդհատ սխալ և ապակողմնորոշող տեղեկություններ է տվել բրիտանացի իշխանավորներին, ապակողմնորոշել բրիտանական հասարակությանը»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Դեմոյանը: Իր ներկայացրած տեսակետում Ռոբերթսոնը նշում է, որ պետության մասին օրենքներով`ցեղասպանության համար պետության պատասխանատվությունը կարող է քննարկվել այն դեպքերում, երբ հրամաններն արձակվել և կիրառվել են պետական դե յուրե մարմինների կողմից` նախարարների, պետական պաշտոնյաների, ոստիկանության և կանոնավոր բանակի սպաների կողմից, և եթե սպանությունները կատարվել են դե ֆակտո մարմինների կողմից: Այնուհետև Ջեֆրի Ռոբերթսոնը գրում է, որ «տեղահանության մասին հրամանները տրված էին պետության այնպիսի դե յուրե մարմինների կողմից, ինչպիսիք են նախարարները և կառավարության պաշտոնյաները: Ջարդերի մեջ ներքաշված էին Օսմանյան կայսրության թե´ դե յուրե, թե´ դե ֆակտո գործակալներ: Այդ տեսակետի շնորհանդեսը տեղի է ունեցել 2009 թ. նոյեմբերի 3-ին Լոնդոնի Դաութի սթրիթ չեմբըրսում: Ըստ Ռոբերթսոնի`նշված տեսակետը կարող է օգտագործվել դիվանագիտական և միջազգային հարաբերությունների դասընթացների համար: Տեսակետի հայերեն էլեկտրոնային տարբերակը կարելի է տեսնել` www.armedia.am www.ararat-heritage.org.uk www.genocide-museum.am Տեսակետի բնագիր տարբերակն անգլերենով կարելի է տեսնել` http://www.armenian-genocide.info/2009/11/geoffrey-robertson-qcs-legal-opinion-on.html
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.