Խիղճը հաղթում է. լարված քվեարկությամբ Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն տվեց 252 բանաձևին
Լոբբիստներն ու վերլուծաբաններն ուշի ուշով հետևում էին պալատում ընթացող քվեարկությանը: Մինչև վերջին պահը «դեմ» քվեարկողների ձայները գերազանցում էին «կողմ» քվեարկողներին, երբ հայամետ կողմը երեք ձայն տվեց (մեկ անդամ չքվեարկեց): Վիճահարույց բանաձևի շուրջ քննարկումը վեր հանեց խնդրի բարդությունը, երբ երկու կուսակցությունների ներկայացուցիչ կոնգրեսականները քննարկում էին պատմական փաստի ընդունման զգայուն խնդիրը` իրենց խոսքով` առանց վտանգելու Ամերիկայի ապագա հարաբերությունները: Ի վերջո, խիղճը հազիվհազ հաղթեց, թեև «դեմ» քվեարկողները մեկը մյուսի հետևից իրենց մտահոգությունն էին հայտնում Թուրքիայի հնարավոր արձագանքի շուրջ, եթե բանաձևը հանձնաժողովից անցնի լիագումար նիստ: Կոնգրեսական Գերալդ Քոնելին (դեմոկրատ` Վիրջինիայից) պնդում էր, թե Թուրքիան ԱՄՆ-ի համար այնպիսի դաշնակից է, որը մահմեդական կառավարության «աշխարհիկ այլընտրանքային մոդել» է ներկայացնում տարածաշրջանում, և որ Ամերիկան կարող է փչացնել հարաբերությունները «հզոր դաշնակցի» հետ: Մյուսներն էլ պնդում էին, որ թեև բանաձևը ԱՄՆ արժեքներին համահունչ բարոյական հրամայական է, ժամանակն անպատեհ է դրա համար, քանի որ Թուրքիան Ամերիկայի զինվորներին անհրաժեշտ է տարածաշրջանում ռազմական բազաներ տեղակայելու համար, որպեսզի երկու պատերազմ վարի` երրորդը (Իրանի հետ) սկսելու հեռանկարով: Ի պատասխան այն հայտարարությունների, թե ժամանակն անպատեհ է, 252 բանաձևի աջակից հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը (դեմոկրատ` Կալիֆորնիայից), ընդհատելով գործընկերոջ խոսքը նրան հատկացված ժամանակ, ասաց, որ Կոնգրեսում իր 27-ամյա գործունեության ընթացքում «բանաձևն ընդունելու համար «ճիշտ» ժամանակ երբեք չի եղել»: Լսումների ընթացքում, որոնք շարունակվեցին մինչև Երևանի ժամանակով 01:00-ը, հնչեցին Վիլյամ Սարոյանի, կրտսեր Մարտին Լյութեր Քինգի, Հիտլերի անունները և մեջբերումներ Աստվածաշնչից և պատմական փաստաթղթերից: Քննարկումներին ներկա էին ցեղասպանությունը վերապրած երեք ամերիկահայեր, որոնցից երկուսը (98 տարեկան)` Գարի Էքերմանի (դեմոկրատ` Նյու Ջերսիից) ընտրատարածքից: Վերջինս ի պաշտպանություն բանաձևի հռետորական իր ելույթում ասաց. «Որքա՞ն կարող են նրանք (վերապրածները) սպասել»: Ի վերջո, վերապրածների երկար սպասված օրը հասավ, թեև բանաձևն ընդունելը նույն չէ, ինչ օրենք ընդունելը: Սակայն որոշումը, անկասկած, կարելի է համարել անակնկալ շրջադարձ այս ուղղությամբ: Լսումներից անմիջապես առաջ հաղորդվեց, որ Օբամայի վարձակազմը չորեքշաբթի փորձել էր այնպես անել, որ հանձնաժողովը չքննարկեր բանաձևը: Սակայն Բերմանը հրավիրեց դեռևս անցյալ ամսվանից նախատեսված նիստը: Կարծիք կա նաև, որ քվեարկությունը կանգնեցնելու վարչակազմի ջանքերի վրա ազդել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի հետ: Ի նշան բողոքի` Թուրքիան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին, ինչպես 2007 թ., երբ նման բանաձևն անցավ հանձնաժողովում (թեև չանցավ Ներկայացուցիչների պալատում):
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 7 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.