Թուրքիան Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով
Ռիքսդագ խորհրդարանի նիստերի դահլիճը, Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում Այս քայլից մեկ շաբաթ առաջ Անկարան հետ էր կանչել իր դեսպանին ԱՄՆ-ից, քանի որ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել համանման մի բանաձևի: Եվրամիության անդամ Շվեդիան Անկարայի` ԵՄ-ին անդամակցելու ամենաջերմեռանդ սատարողներից է, իսկ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ համարվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի արևմտյան ուժեղ դաշնակիցը: Հայերի զանգվածային ջարդերի թեման խիստ զգայուն է Թուրքիայի համար, որն ընդունելով հանդերձ, թե շատ քրիստոնյա հայեր են սպանվել օսմանյան թուրքերի կողմից, շարունակում է ժխտել, թե զոհվածների թիվը 1,5 մլն է ու թե սպանվածներն այնքան շատ են եղել, որ կարելի է դա անվանել ցեղասպանություն, մի եզրույթ,որը գործածել են Արևմուտքում պատմության շատ մասնագետներ և մի քանի երկրների խորհրդարաններ: Անդրադառնալով Շվեդիայի խորհրդարանական քվեարկությանը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարության մեջ ասել է. «Մենք խիստ քննադատում ենք այս բանաձևը, որը քաղաքական հաշվարկներով է արված»: «Այն չի համապատասխանում մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին: Մենք հետ ենք կանչում մեր դեսպանին խորհրդատվության»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ ինքը չեղյալ է հայտարարում մարտի 17-ին նախատեսված թուրք-շվեդական գագաթնաժողովը: Շվեդական բանաձևն ընդունվեց ընդամենը մեկ ձայնի առավելությամբ` 131 կողմ 130 դեմ հարաբերությամբ: Եվս 88 պատգամավոր բացակայում էր: Բանաձևին դեմ էր Շվեդիայի աջակենտրոն իշխանական կոալիցիան, սակայն նրանցից երեքը կողմ են քվեարկել` օգնելով ընդդիմությանը բանաձևի ընդունման հարցում: «Լուրջ ազդեցություն» Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը բլոգում ասել է, որ քվեարկությունը կարող է բարդացնել մեկ դար տևած թշնամանքից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անցյալ տարի երկու երկրները համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել իրենց սահմանը, եթե խորհրդարանները վավերացնեն երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունները: Սակայն քվեարկություն դեռ չի եղել, իսկ կառավարությունները մեղադրում են միմյանց փաստաթղթերի տեքստում փոփոխություն մտցնելու փորձ կատարելու մեջ: «Բանաձևը նաև չի օգնում վավերացմանը Թուրքիայում, որը դարձել է շատ ավելի բաց և հանդուրժող` ավելի մոտենալով Եվրամիությանը, որի արդյունքում տեղի են ունենում ժողովրդավարական բարեփոխումներ»,- ասաց Բիլդթը: Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգուն Քորութուրքը շվեդական Aktuellt հեռուստահաղորդման ընթացքում ասել է, որ բանաձևը կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ երկկողմ հարաբերությունների վրա, որը, հավանաբար, հնարավոր չի լինի հաղթահարել կարճ ժամանակում: «Շատ հիասթափված եմ,- ասել է Քորութուրքը: - Ցավոք, պատգամավորները կարծում էին, թե իրենք ավելի շատ պատմաբան են, քան խորհրդարանական, և դա շատ-շատ ցավալի է»: Սակայն Թուրքիայի իշխանական աղբյուրների մեկը հայտնել է «Ռոյթերսին», որ Քորութուրքը, հավանաբար, շուտով կվերադառնա Շվեդիա: «Մենք գիտենք, որ Շվեդիայի կառավարությունը շատ ակտիվ է եղել` փորձելով կասեցնել բանաձևը»,- հաղորդել է նույն աղբյուրը: Թուրքիան զգուշացրել է, որ իր դեսպանը չի վերադառնա ԱՄՆ, մինչև չպարզվի պարտադիր ուժ չունեցող Կոնգրեսի բանաձևի (նույնպես անցել է մեկ ձայնի առավելությամբ) ճակատագիրը: Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը խոստացել է կասեցնել բանաձևի քննարկումը Կոնգրեսի լիագումար նիստում` փորձելով թույլ չտալ, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը խորանա: Թուրքիան խիստ կարևոր է Իրաքում, Իրանում, Աֆղանստանում և Միջին Արևելքում ԱՄՆ շահերի համար:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.