Արյունակցական կապ. Թուրքիան և Ադրբեջանը դժգոհում են Հայաստան-սփյուռք կապերից

Արյունակցական կապ. Թուրքիան և Ադրբեջանը դժգոհում են Հայաստան-սփյուռք կապերից

Source: www.wikipedia.org

Այս շաբաթվա սկզբին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլ վիճահարույց հայտարարություններից զատ, BBC-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ «Հայաստանը պետք է ազատվի սփյուռքի «կախվածությունից»: Սակայն այն, ինչ Թուրքիան «կախվածություն» է անվանում, անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանք է:

Այն մասին, որ Հայաստանի ուժը պայմանավորված է սփյուռքով, հայտարարում են նաև Ադրբեջանում, որտեղ ասում են, որ եթե չլիներ սփյուռքի սատարումը, Ղարաբաղին չէր հաջողվի հաղթել պատերազմում և հաջողությամբ իրականացնել հետպատերազմյան վերականգնումը:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից Հայաստանը մեկ այլ շահ կունենա,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: - [Այնուհետև,] ի վերջո, Հայաստանի իշխանությունները կկարողանան սփյուռքին ցույց տալ, որ ի վիճակի են նրա [սփյուռքի] կամքից անկախ քաղաքականություն վարել»:

Սփյուռքի ազդեցությունից ազատվելու Հայաստանին ուղղված կոչերն արդյո՞ք երկիրը թուլացնելու փորձ չեն: Արդյո՞ք ցեղասպանության առնչությամբ Թուրքիայից պահանջները սփյուռքի՞, Հայաստանի, թե՞ աշխարհաքաղաքականության հայցն է: Եվ ցեղասպանության ճանաչման ներկայիս գործընթացը որքանո՞վ է պայմանավորված Հայաստանի և սփյուռքի ջանքերով:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանն ասում է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության ժամանակ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չլիներ, ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել: Հովհաննիսյանի խոսքով` հաղթանակը ձեռք բերվեց Հայ դատի գրասենյակի և Հայաստանի իշխանությունների համատեղ ջանքերով: «Այս անգամ, բարեբախտաբար, կարող ենք ասել, որ սփյուռքի և Հայ դատի գրասենյակների աշխատանքին միացան նաև պետության ջանքերը: Սակայն պնդել, թե այդ համատեղ ջանքերը վճռորոշ էին, դեռ վաղ է»,- ասաց Հովհաննիսյանը:

Իրոք, Հայաստանը պետական մակարդակով չի խառնվում ցեղասպանության ճանաչման գործընթացին, թեև Անկախության հռչակագրում այդ պատասխանատվությունը ստանձնել է:

Սակայն ճանաչման գործընթացում սփյուռքի դերը փոքր-ինչ չափազանցված է: Եթե ԱՄՆ-ում այդ դերն իրոք շոշափելի էր, ապա հազիվ թե կարելի է պնդել, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը (մարտի 11-ին) հայկական սփյուռքի ավանդն է:

Սփյուռքը, անկասկած, ակտիվորեն աշխատել է այս բոլոր տարիներին, սակայն հազիվ թե որևէ մեկը հերքի, թե Շվեդիայի խորհրդարանը որոշումն ընդունել է ավելի շուտ ընդդեմ Թուրքիայի, քան հօգուտ Հայաստանի:

«Շվեդիայի խորհրդարանում բանաձևի քննարկումների ժամանակ հայերից ներկա էինք միայն ես և մեկ թարգմանչուհի»,- հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին մամուլի քարտուղար, այժմ Շվեդիայում բնակվող Ռուզան Խաչատրյանը:

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը քիչ է կախված Հայաստանից և սփյուռքից, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով` վերջին շրջանում ակտիվացել են այն արտաքին խաղացողները, որոնք ոչ միայն հայտարարում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դիվանագիտական աջակցության, այլև ներգործության «այլ» մեթոդների մասին: Նրա կարծիքով` հենց նույն ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության հարցն օգտագործում է որպես Թուրքիայի վրա ներգործության միջոց:
ԱրմենիաՆաուի էջերում