Դատապարտված ձախողման. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը չի ողջունում Հայոց ցեղասպանության բանաձևը

Դատապարտված ձախողման. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը չի ողջունում Հայոց ցեղասպանության բանաձևը

services.parliament.uk

Երեկ` մարտի 29-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում կայացել է Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկում, որը, սակայն, քվեարկության չի դրվել:

Քննարկումը նախաձեռնել էր բարոնուհի Քերոլայն Քոքսը` կոչ անելով «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները ճանաչել որպես Ցեղասպանություն»:

Մոտ մեկ ժամ տևած քննարկման ընթացքում Քոքսը, տարբեր փաստերի ներկայացմամբ, հայտարարել է, որ «պետք է միանալ քաղաքակիրթ ազգերի շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հատկապես, հաշվի առնելով, որ այս տարի լրանում է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը»:

Նախաձեռնությանը դեմ է արտահայտվել բարոնուհի Գլենիս Քինոքը, որը, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, խորհուրդ է տվել խուսափել Ցեղասպանություն բառն օգտագործելուց` չխանգարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մեծ Բրիտանիայում գործող հայկական «Արմենիա սոլիդարիթի» կազմակերպությունը քննարկումների նախաշեմին հայտարարություն և հատուկ բուկլետներ է տարածել բրիտանացի խորհրդարանականների շրջանում` քննադատելով Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Սթրոյին:

Ըստ կազմակերպության` Սթրոյը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լոնդոն կատարած այցի ժամանակ խոստացել էր Անկարային, որ Մեծ Բրիտանիան չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը:

«Մենք կոչ ենք անում խորհրդարանականներին ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վարչապետի վրա, որպեսզի նա նկատողություն անի Ջեկ Սթրոյին` Հայոց հոլոքոսթի ժխտման համար»,- նշվում է նրանց հայտարարության մեջ:

Հայ թուրքագետները, հաշվի առնելով ոչ միայն Սթրոյի, այլև բրիտանացի այլ պաշտոնյաների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի նման հայտարարությունները, կարծում են, որ Լորդերի պալատի քննարկումը պարզապես մի խումբ անհատների նախաձեռնություն է, որը, սակայն, արդյունք չի տալու:

«Ըստ իս` այս նախաձեռնությունը 100 տոկոսով ենթակա է տապալման, քանի որ Մեծ Բրիտանիան միշտ էլ ուղղամիտ է եղել ու հստակ հասկացրել է, որ չի ցանկանում վտանգի տակ դնել թուրք-բրիտանական հարաբերությունները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Վերջին մեկ ամսում Ցեղասպանության ճանաչման բանաձևեր են ընդունել Շվեդիայի Ազգային ժողովը (մարտի 11) և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը (մարտի 4-ին):
ԱրմենիաՆաուի էջերում