Թուրքիան տատանվում է. ԱՄՆ-ը պնդում է, որ Էրդողանն այցելի Վաշինգտոն

Թուրքիան տատանվում է. ԱՄՆ-ը պնդում է, որ Էրդողանն այցելի Վաշինգտոն

Ֆոտոլուր

ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գալիք ամիս կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք անվտանգության միջազգային գագաթնաժողովին:

Արտգործնախարարի խոսնակ Բուրաք Օզուգերգինը երկուշաբթի հրապարակված գրավոր հայտարարության մեջ ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և ընդգծել, թե ակնկալվում է, որ Էրդողանը կմասնակցի ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում անցկացվելիք միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին, և որ նրա մասնակցությունը բոլոր առումներով շատ կարևոր է:

«Դավութօղլուն հայտարարել է, որ մասնակցության հարցը դեռևս քննարկվում է, և վարչապետ Էրդողանը հարցի առնչությամբ վերջնական որոշումը կկայացնի առաջիկա օրերին»,- հավելել է Օզուգերգինը:

Ըստ խոսնակի` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի հիմնական թեման Հայոց «ցեղասպանության» բանաձևն էր, որը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում այս ամսվա սկզբին:

Թուրքիայի պաշտոնյաներն ասում են, որ հեռախոսազրույցից հետո 50 տոկոս հավանականություն կա, որ Էրդողանը կմեկնի ԱՄՆ` հավելելով, որ Անկարան Միացյալ Նահանգներից հստակ արձագանքներ է սպասում Հայոց ցեղասպանության բանաձևի և հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ:

Պաշտոնյաներն ասում են, որ եթե Էրդողանը որոշի մեկնել Վաշինգտոն, և եթե նրան ուղեկցի իր արտգործնախարարը, հնարավոր է` հանդիպում լինի հայկական սփյուռքի հետ:

Ըստ նախարարության` Քլինթոնն ասել է, որ հասկանում է Դավութօղլուի մտահոգությունները և շեշտել, որ ԱՄՆ վարչակազմը դեմ է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմանը և «ցեղասպանության» բանաձևի հետագա քննարկմանը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:

ԱրմենիաՆաուի էջերում