Եվս մեկ ակցիա. թուրք մտավորականները կոչ են անում նշելու ապրիլի 24-ը` որպես հիշատակի օր
Ստամբուլի Թաքսիմ հրապարակը Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերն ամեն տարի նշում են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայում զոհված իրենց նախնիների հիշատակը, երբ ավելի քան 1,5-2 մլն մարդ սպանվեց և հայրենազրկվեց: Այս տարի Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է: www.buacihepimizin.org կայքում զետեղված հայտարարությունը նշում է, որ «1915 թ., երբ մենք 13 միլիոն էինք, այս հողերի վրա բնակվում էին 1,5-2 միլիոն հայեր: ... Նրանք բոլորը մեր ընկերներն էին, դրկից հարևանները, մեր ցավը կիսողները»: «1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին «քշել»: Մենք կորցրեցինք նրանց, նրանք այլևս այստեղ չեն, նրանց մեծ մասն արդեն կենդանի չէ և անգամ գերեզման չունի: Այսօր շարունակում է գոյություն ունենալ և վերջին 95 տարիների ընթացքում էլ ավելի խորանալ մեր խղճին ծանրացած «Մեծ աղետի» «Մեծ ցավը»,- ասվում է հայտարարությունում, որն արված է թուրքերեն, անգլերեն և ֆրանսերեն: Հայտարարության հեղինակները կոչ են արել նրանց, «ովքեր իրենց սրտում զգում են այդ Մեծ Ցավը, խոնարհվել 1915 թ. զոհերի հիշատակի առաջ: Սևազգեստ, անձայն, վառվող մոմերով ու ծաղիկներով…: Որովհետև այդ ցավը` ՄԵՐ ցավն է: Այդ սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ»: Կոչի հեղինակներից են հայտնի պրոֆեսոր, վարչապետին կից մարդու իրավունքների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի անդամ Բասքըն Օրանը, իրավապաշտպան Ֆեթիյե Չեթինը, հայտնի պատմաբան Սելիմ Դերինգիլը և այլք: Սա առաջին անգամ չէ, երբ թուրք մտավորականները բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության հարցը: 2008 թ. դեկտեմբերին մոտ 200 թուրք մտավորականներ, լրագրողներ, հասարակական ու մշակութային գործիչներ նախաձեռնեցին «Հայե´ր, ներե´ք մեզ» առցանց ակցիան, որին տասը օրում միացավ 30 000 մարդ: Ակցիայի հեղինակները կոչ էին անում ստորագրել հետևյալ հայտարարության ներքո. «Ես գիտակցորեն չեմ կարող ընդունել անտարբերությունն այն մեծ աղետի հանդեպ, որ օսմանյան հայերն ապրեցին 1915-ին, և դրա ժխտումը: Ես մերժում եմ այս անարդարությունը և, գործելով իմ սեփական կամքով, ես կիսում եմ իմ հայ եղբայրների և քույրերի զգացմունքներն ու ցավերը և ներողություն եմ խնդրում նրանցից»: Ներողության այս ակցիային միացածների մեծ մասը, ինչպես հավաստիացնում է ակցիայի նախաձեռնող Բասկին Օրանը, Թուրքիայի թուրքեր էին: «Այս ակցիան բավական դժվար էր իրականացնել, վերցրել էինք յոթ տարբեր պրովայդերներ, սակայն [հաքերների կողմից] հարձակումները շատ էին, և պարբերաբար կայքը ջարդվում էր, խստորեն հետևում էինք նաև ստորագրությունների ճշգրտությանը` ջնջել ենք մոտ 6500 կեղծ ստորագրություն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է պրոֆեսոր Օրանը: 65-ամյա պրոֆեսոր Օրանը Թուրքիայում այն եզակի մտավորականներից է, որը ոչ միայն չի հերքում Ցեղասպանության փաստը, այլ նաև պայքարում է դրա ճանաչման համար և կարևորում նման նախաձեռնությունները: «Նման քայլերը չափազանց կարևոր են, քանի որ մենք` թուրքերս, մեր ողջ կյանքում լսել ենք այլ պատմություն և պատրաստ չենք ընկալելու մեր պատմության մութ էջերը, դրա համար մարդիկ պետք է սովորեն, նրանց ականջները ծնված օրից այլ բան են լսել, և հեշտ չէ փոխել կարծիքը»,- ասում է Օրանը: Մինչդեռ Թուրքիայում Ցեղասպանության տաբուն կոտրողների կյանքը հեշտ չէ: Օրանն իր հարազատ քաղաքում շրջում է պետության տրամադրած թիկնապահով, իսկ իր փոստում սպանության սպառնալիքներով նամակներն անպակաս են: «Այս ցավը մեր ցավն է, այս սուգը` բոլորինս» նախաձեռնությունը Թուրքիայում դեռ արձագանքներ չի ստացել, սակայն նախորդ ակցիայի փորձից ելնելով` Օրանը պատրաստ է ստանալ սպառնալից նամակներ, սպասում է, որ հերթական անգամ նրան կանվանեն դավաճան ու գործակալ: «Միշտ էլ դժվար է նոր ճանապարհը հարթողների կյանքը, բայց հանուն մարդու իրավունքների և արդարության այդ ճանապարհը, ի վերջո, պետք է հարթել»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Օրանը:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 11 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.