Վրացահայերը պահանջում են ցեղասպանության ճանաչում. Վրաստանի ադրբեջանցիները վրդովվում են
Իսկ մի քանի օր առաջ Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները հայտարարել են, որ կձեռնարկեն բոլոր քայլերը, որպեսզի հայկական համայնքի դիմումը չքննարկվի: «Խորհրդարանը Վրաստանում այն մարմինը չէ, որում կարող է քննարկվել այս հարցը,- ապրիլի 13-ին ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Բայրամովը: - Հայերն այս հարցը բարձրացնում են ողջ աշխարհում: Այժմ այս գործով զբաղվում են Վրաստանում բնակվող հայերը, սակայն դա անիմաստ է: Վրաստանը նման որոշում չի ընդունի, քանի որ Թուրքիան Վրաստանի բարեկամն ու ռազմավարական գործընկերն է: Թուրքիայի կառավարությունը բազմիցս առաջարկել է Հայաստանին քննարկել այդ գործը պատմաբանների մասնակցությամբ, բացել արխիվները: Իսկ հայերը չեն համաձայնում այդ առաջարկին: Իմ կարծիքով` այդ վեճն առաջին հերթին պետք է լուծեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»: Վրացի քաղաքագետ Պաաթա Զաքարեիշվիլին ընդգծում է, որ քիչ հավանական են Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները Վրաստանում: Նրա խոսքով` Վրաստանը սահմանակից է և´ Հայաստանին, և´ Թուրքիային, և երկու երկրների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ ունի: «Այդ կապակցությամբ Վրաստանն ավելի շուտ ձեռնպահ կմնա նման սուր հարցերի քննարկումներից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների սրվելուն, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում` լարվածությանը»: Քաղաքագետը նաև նշել է, որ հայերը չպետք է վիրավորվեն Վրաստանից դրա համար, քանի որ «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրապարակավ հայտարարել է Կոնգրեսում այս հարցի քննարկման աննպատակահարմարության մասին, և Հայաստանը չի վիրավորվել»: Վրաստանում, որտեղ բնակվում է ավելի քան 100000 հայ, Ցեղասպանության մասին հարցը երբեք չի քննարկվել երկրի խորհրդարանում, չնայած Վրաստանի հայ քաղաքացիների բազմաթիվ դիմումների: 2000 թ. Վրաստանում Թուրքիայի դեսպան Բյուրակ Գյուրսելը զայրացած նամակով պատասխանել է «Ազատ Վրաստան» թերթի խմբագրին (որը հրապարակվել է նույն թերթում` 2000 թ. օգոստոսի 12-ին) այն պատճառով, որ թերթի լրագրողը «Վշտի զանգ» (թիվ 24) հոդվածում հիշել է Հայոց ցեղասպանության մասին: «Դիտվում է միտում այն անձանց կողմից, որոնք ձգտում են կանխամտածված աղճատել պատմությունը, այս անգամ փորձում են Թուրքիայի դեմ քարոզարշավ սկսել իր համար եղբայրական և բարեկամական Վրաստանում: Կցանկանանք հավատալ, որ պատմության ընթացքում թուրքերի հետ որպես հարևաններ ապրելով նույն աշխարհագրական տարածաշրջանում, միևնույն մշակութային արժեքները և ավանդույթները դավանելով` վրաց հասարակությունը ուշադրության չի արժանացնի վերոնշյալ քարոզչությունը»,- ընդգծել է դեսպանն իր նամակում: Ակնհայտորեն Թուրքիայի դեսպանը փաստորեն զրկում է վրացիներին ինքնուրույն որոշելու իրավունքից, թե որտե´ղ է պատմական ճշմարտությունը, որտե´ղ` նրա աղճատումը, և արգելք է դնում Հայոց ցեղասպանության մասին ցանկացած հիշատակության վրա: Նա իրոք շատ բարենպաստ երկրում է աշխատում այն իմաստով, որ Վրաստանը հայահոծ միակ երկիրն է, որի խորհրդարանը երբեք չի կանգնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու մարտահրավերի առաջ: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով` Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Վրաստանի խորհրդարանում անհավանական է թվում:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
-Laurence Kueffer, US
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.