Բանաձև 252. ի՞նչ կարգավիճակում է ճանաչման բանաձևը
Մարտի 4-ից ի վեր, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորրորդ անգամ 23:22 ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, կարճատև ուրախությանը փոխարինեց հուզող հարցը` կընդգրկվի՞ արդյոք բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստ, թե՞ ոչ: Ըստ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի` «կասեցման գործընթացը մասամբ վերացնում է Ներկայացուցիչների պալատում դեմ քվեարկելու պատրվակը»: «Իհարկե, որոշ չափով նախագահի այս քայլը կնպաստի բանաձևի առաջ մղմանը, սակայն ԱՄՆ-ից հնչող տեսակետները, որոնք հիմնականում հորդորում են շարունակել գործընթացը, ակնհայտորեն մատնանշում են, որ Սպիտակ տունն ամեն ինչ անելու է տապալելու նման բանաձևի ընդունումը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մանոյանը: Նախորդ շաբաթ թուրքական հարցերին աջակցող ամերիկացի կոնգրեսականների մի խումբ նամակով դիմել էր Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին` կոչ անելով բանաձևը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում`պնդելով, որ բանաձևի հաստատումը «անուղղելի վնաս կհասցնի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»: Ըստ «Ամերիկայի ձայն» լրատվական ծառայության`Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանն էլ իր պատասխան նամակում կոնգրեսականներին հորդորել է հրաժարվել «բարոյապես կույր» վիճաբանություններից, որոնք հերքում են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը: Թուրք լոբբիստների նման ակտիվությունը, ըստ վերլուծաբանների, վկայում է բանաձևը քննարկման դնելու դրական տեղաշարժի մասին: Դեռ մինչև նախագահ Սարգսյանի Վաշինգտոն այցելությունը` Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել էր, թե «բանաձևի ճակատագիրը կախված է Սարգսյանի պահվածքից»: «Եթե Սերժ Սարգսյանն իրեն Վաշինգտոնում այնպիսի կեցվածքով պահի, ինչպես Դեյր Զորում, կարծում եմ, գործընթացը հայանպաստ առաջընթաց կունենա, այսինքն` բանաձևը կմտնի լիագումար նիստ»,- ասել էր Մանոյանը: ՀՅԴ ներկայացուցիչները նախագահ Սարգսյանի այցն ընդհանուր առմամբ դրական են գնահատում, սակայն դեռ դժվարանում են կանխատեսումներ անել բանաձևի հետագա ճակատագրի վերաբերյալ: Ըստ ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանի` Հայ դատի գրասենյակները տարբեր գնահատումներ են իրականացնում, հասկանալու համար, թե որքանով է մեծ բանաձևի անցկացման հավանականությունը, ասենք, թե ինչպիսին է կոնգրեսականների տրամադրվածությունը, այլ գործոններ` հայ-թուրքական արձանագրությունները, թուրք-ամերիկյան, թուրք-իսրայելական հարաբերությունները, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: «Մենք հնարավորինս պետք է ճիշտ հաշվարկենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ բանաձևը լիագումար նիստում քվեարկության դրվի և մերժվի, ինչը կրկնակի կդժվարացնի հետագայում նոր բանաձևի քննարկումն ու ընդունումը»,- ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ նախկինի համեմատ, այսօր հավանականությունը էապես նվազել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների պատճառով: Մինչ այդ, Ամերիկայի հայկական համագումարը ոգևորված է նրանից, թե ինչ տեղաշարժ է ունեցել բանաձևը կառավարության ղեկավարների աջակցությամբ, ի թիվս որոնց`Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Փաթրիքի: Դեռ մարտին Փաթրիքը նամակներ է ուղարկել Փելոսիին և Բերմանին` իր աջակցությունը հայտնելով բանաձևի ճանաչմանը` ասելով, որ թիվ 252 բանաձևը «պատիվ կբերի մեր համարձակ դիվանագետներին, որոնք անհավանական ջանքեր են գործադրել`ահազանգելով աշխարհին տեղի ունեցած կոտորածի և դրան հաջորդած ԱՄՆ-ի մարդասիրական միջամտության մասին, որի նպատակը ողջ մնացածներին փրկելն էր»: Բանաձևի առաջ մղման դժվարությունների կողքին, պատգամավորն ընդգծում է, ի հայտ եկած նոր մարտահրավեր` այն, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ հրահանգել էր «ուղիղ երկխոսություն սկսել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ»։ Հովհաննիսյանը դա որակում է որպես հայերին պառակտելու հերթական փորձ: «Արձանագրությունների հիմնական նպատակը Հայաստան-սփյուռք հարաբերությունների պառակտումն էր, ինչում որոշ չափով հաջողեցին, այս նոր, այսպես կոչված, երկխոսության փորձն էլ սփյուռքը պառակտելու գործընթաց է»,-ասում է պատգամավորը: ՀՅԴ պատգամավորի գնահատմամբ` այդ գործընթացը կանխելու համար անհրաժեշտ է հատուկ մարտավարություն, որի ուղղությամբ սկսել են աշխատել ԱՄՆ Հայ դատի գրասենյակները: «Ցավոք, անգամ սփյուռքում կգտնվեն մարդիկ, կազմակերպություններ, որոնք կուտեն Թուրքիայի նենգ քաղաքականության այդ կուտը, և դրա վատ ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է լուրջ մարտավարություն մշակել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հովհաննիսյանը:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.