Վիճահարույց ակցիա. հայ երիտասարդների կողմից Թուրքիայի դրոշի այրումը քննադատության է արժանացել ոչ միայն Թուրքիայում, այլև Հայաստանում

Վիճահարույց ակցիա. հայ երիտասարդների կողմից Թուրքիայի դրոշի այրումը քննադատության է արժանացել ոչ միայն Թուրքիայում, այլև Հայաստանում

Ֆոտոլուր

11 տարի շարունակ ՀՅԴ կուսակցությունը կազմակերպում է ջահերով երթ` հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը: Երթի վերջում, ավանդույթի համաձայն, այրում են Թուրքիայի դրոշը, որը կրկնվեց նաև այս տարի` ապրիլի 23-ին:


Որոշ հայեր միշտ էլ այս քայլը համարել են անտեղի քաղաքական ակցիա` արված մի օր, երբ պետք է ավելի շատ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, քան թշնամանք ցույց տալ:


Այս տարի, Թուրքիայի դրոշն այրելուց զատ, ակցիայի մասնակիցներն այրեցին նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի նկարները: Երթը կազմակերպել էին ՀՅԴ կուսակցության երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները:

Քննադատելով դրոշի այրման ակցիան` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե «Այս ակցիան ոտնահարում է միջազգային օրենքը: Նրանք բարդացնում են հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Կիրակի` ապրիլի 25-ին, թուրք ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության անդամները, ի պատասխան հայ երիտասարդների ակցիայի, Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում այրել էին Հայաստանի դրոշը:

Ընդ որում` դրոշի այրման ակցիան տեղի էր ունեցել այն նույն հրապարակում, որտեղ նախօրեին մի քանի հարյուր թուրքեր հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին:

Աննախադեպ այս ցույցի նախաձեռնողները հայտնի թուրք մտավորականներ էին, որոնք հանդես էին եկել` «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է» հայտարարությամբ։

Ըստ թուրք վերլուծաբան իրավապաշտպան Սամի Ֆեյնաշի, որն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտում իր կառավարությանն այն հերքելու համար, ասում է, որ «ամեն դեպքում դրոշի այրումը քաղաքակիրթ ձև չէ»:

«Ամեն անգամ, երբ տեսնում եմ ջահերով երթի նկարները, մարմնովս սարսուռ է անցնում, բայց զայրանում եմ, երբ այրում են դրոշը: Ես զայրացա նաև, երբ Ստամբուլում ազգայնականներն այրեցին Հայաստանի դրոշը. դրանով ոչ մեկին ոչինչ չես ապացուցի, անիմաստ ակցիա է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ֆեյնաշը:

«Ոչ քաղաքակիրթ» և «ապարդյուն» ակցիա է բնորոշում նաև հայ երիտասարդ ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Դանիել Իոանիսյանը:

«Ես դա համարում եմ անպտուղ, ագրեսիվ ակցիա, որը որևէ կերպ չի բարձրացնում ազգի ոգին, բայց փոխարենը բարդացնում է հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, և տպավորություն ստեղծում, թե հայ երիտասարդները պատրաստ չեն նստելու քաղաքակիրթ բանակցությունների սեղանի շուրջը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Իոանիսյանը:

Նման «ծայրահեղ» ակցիաներին դեմ է նաև քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, սակայն, չողջունելով հանդերձ, ասում է, որ հասկանում է երիտասարդների զայրույթը, որի պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է:

«Դրոշի այրելը բնորոշ է Միջին Արևելքի ծայրահեղականներին, և, իհարկե, ես դա չեմ ողջունում, դա որևէ դրական դիվիդենտ մեզ չի բերում, այլ ընդհակառակը միջազգային հանրության առաջ գցում է հայերի վարկը»,- ասում է Բոզոյանը:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ դրոշների և նկարների այրումը երիտասարդական միությունների ինքնագործունեության արդյունքն է:

«Դրոշի այրելն աշխարհում ընդունված ակցիա է, առավել ևս` հաշվի առնելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, երիտասարդներն այս կերպ իրենց բողոքն են արտահայտում»:

ԱրմենիաՆաուի էջերում